ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ն՝ միակ ձեւաչափ․ Երևանն ու Ստեփանակերտն Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չեն տեսնում

Վարչապետ Փաշինյանն առավոտյան հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկման ժամանակ երկու հանրապետությունների առաջնորդները վերլուծել են Արցախում ստեղծված իրավիճակը, գնահատել ստեղծված իրադրությունը, ամփոփել կատարված աշխատանքը, ևս մեկ անգամ հայտարարել, որ աներկբա է` Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ հայտնի սկզբունքների հիման վրա։ Արդյոք այս ձեւաչափին ինչ-որ կերպ հակադրվում է այս տարեսկզբից Թուրքիայի առաջ քաշած 3+3 մոտեցումը։

Արցախի հարց կա, և այն պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ տիրույթում՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական Բաքվին ի գիտություն՝ կրկին ներկայացրել հայկական կողմի տեսլականը․ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրում,  ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում:

«Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ հայտնի սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը: Այս բոլոր հարցերը մշտապես մեր աշխատանքային միացյալ օրակարգում են, և այսօր նույնպես մենք այդ թեմաներով առավել մանրամասն քննարկումներ կունենանք: Կրկին ողջունում եմ և ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Արցախի նախագահը հանդիպման ժամանակ հաստատում է՝ քաղաքական ճանապարհից այս ընթացքում շեղում չի եղել։ Արցախի ինքնորոշման իրավունքը,  որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն, պահպանվում է։

«Իրականում արդեն մեկ տարի է անցել, և ի՞նչ է հաջողվել մեզ անել, ի՞նչ արձանագրել: Նախ այն, որ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն մենք շարունակում ենք պահպանել, և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Արցախի հարցի կարգավորումը պահանջում է նախ հաստատակամություն՝ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ձեւակերպումն է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Բաբայանն ասում է՝ եթե մենք մտածենք, որ ինչ–որ մեկը կամ միջազգային հանրությունը պետք է հարգի մեր իրավունքը, առաջնորդվի բարոյականության  նորմերով՝ մի կողմ թողնելով իր շահը, հաշվարկները, այդպես չէ։ «Մենք չպետք է թույլ տանք, որ խախտվի այդ «կարմիր» գիծը, և այդ ճանապարհից չենք շեղվելու»,–ասում է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

«Կա մի «կարմիր» գիծ, որը չի խախտվելու՝ Արցախը երբեք  չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Իսկ կա՞ նման վտանգ, որ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում․ ճշտող հարցին Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանում է՝ այդ մասին պարբերաբար խոսում են Ադրբեջանը և Թուրքիան, մինչդեռ  հայկական կողմը հակադարձում է՝ դա անընդունելի տարբերակ է, քանի որ միանշանակ կհանգեցնի Արցախի հայաթափման և նոր արյունահեղության։

«Մենք պետք է հարցը բարձրացնենք մի քանի ուղղությամբ՝ քաղաքական,  պետականաշինական, բարոյահոգեբանական։ Թշնամու նպատակը սա է, որ մենք ինքներս համաձայնենք, բարոյալքված ձևով մտնենք նրանց  կազմ, ամբողջովին կորցնենք մեր ինքնությունը։ Հասարակությունը նույնպես գիտի թշնամու նպատակը դա է, և նման տարբերակը թույլ չենք տալու, անընդունելի է»։

Հնարավո՞ր է այս տարեսկզբից Թուրքիայի կողմից համառորեն առաջ քաշվող 3+3 ձևաչափը եւ դրանով ենթադրյալ խաղաղության դաշինքի կնքումը վիժեցնի խնդրի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը։ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ  տարածաշրջանային զարգացումներից ելնելով նման հարթակներ ստեղծվեն, բայց ԵԱՀՄ ՄԽ–ի ձևաչափին դրանք չեն փոխարինի՝ վստահ է։ «Եռանախագահությունն է զբաղվելու Արցախի հարցի կարգավորմամբ»,–շեշտում է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Փորձագիտական որոշ շրջանակներում կարծիք կա, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների բանագնացները սպասում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հստակեցումներին, որից հետո կայցելեն տարածաշրջանան և կվերսկեն Արցախի հարցով  բանակցությունները։ Մինչդեռ Դավիթ Բաբայանն դրանք երկու տարբեր գործընթաց  է համարում։  
«Սպասենք, տեսնենք՝ ինչպես է գործընթացն ընթանալու, մոտեցումները չեն փոխվել»։

Նոյեմբերի 9-ին սպասվո՞ւմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, թե ոչ։ Վերջին շրջանում քննարկվող այս հարցի պատասխանը չունի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են սահմանների, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ այլ հարցեր։ Դրանց մակարդակով էլ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին եռակողմ հանդիպման մասով որևէ բան չկա»,–ասում է Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button