ԿարևորՀասարակություն

ՏԻՄ ընտրություններ. Արմավիր համայնքում առաջադրվել է միայն մեկ կուսակցություն

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18-ին ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրումը: Ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 5-ին։ Մարզկենտրոն Արմավիրում առաջադրվել է միայն մեկ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում առաջին անգամ կանցկացվեն ՏԻՄ համամասնական ընտրություններ: Ընտրություններ են անցկացվելու 7 խոշորացվող համայնքներում։ Դրանցից ամենամեծը Մեծամոր համայնքն է, որտեղ միավորվելու է 32  բնակավայր՝ ներառյալ Մեծամոր քաղաքը։ Այստեղ առաջադրվել է 2 կուսակցություն՝  «Հայ հեղափոխական դաշնակցություն»–ն ու  «Քաղաքացիական պայմանագիրը»:  Ամենաշատ առաջադրումները եղել են Վաղարշապատ համայնքում. որտեղ միավորվելու են Էջմիածին քաղաքն ու Ոսկեհատ գյուղը: Այս համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լուսավոր Հայաստան»–ը, «Քաղաքացիական պայմանագիր»–ը, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, «Հայրենատեր» և «Իրական ժողովրդավարական» կուսակցությունները:

Արմավիր համայնքում  խոշորացվելու է 10 բնակավայր, այդ թվում՝  Արմավիր քաղաքը: Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանն ասում է, որ այս համայնքում ավագանու առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել միայն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի 1-ին համարը  գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է:

«Ավարտել ենք առաջադրումների  փաստաթղթերի ընդունումը: Արմավիրի փնջում՝ Արմավիր համայնքում, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է առաջադրվել: Օրենքը թույլ է տալիս միայն մեկ կուսակցությամբ անցկացնել ընտրություններ: Քվեաթերթիկների մեջ լինում է՝ կողմ և դեմ»:

Այսինքն, Արմավիր համայնքում ավագանու  բազմամանդատ ընտրություններ չեն լինի, և  ավագանու անդամների թեկնածուները միայն իշխող կուսակցությունից կլինեն: Հարցի շուրջ պարզաբանումներ է տալիս Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ, թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Լիաննա Հարությունյանը.

 «Ընտրական օրենսգրքի 67 հոդվածի 4-րդ մասում ասվում է. «Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ընտրնություններին մասնակցում է միայն մեկ կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա կիրառվում է «դեմ» քվեարկությամբ առանձին քվեաթերթիկը»: Իսկ ԸՕ 41-րդ հոդվածի 3-րդ կետի  1-ին և 2-րդ մասերով՝ եթե ընտրությանը մասնակցել է մեկ կուսակցություն, կուսակցությունների դաշինք և ստացել է սույն հոդվածի 3-րդ կետի  2-րդ մասով սահմանված թվով «կողմ» քվեթերթիկներ, ապա բոլոր մանդատները տրվում են տվյալ կուսակցությանն ու կուսակցությունների դաշինքին»:

Միայն մեկ կուսակցությամբ քվերակության դեպքում որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել ընտրության մասնակիցների կեսից ավելին:

 Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի կարծիքով՝ այս ընտրություններում այլ մրցակիցներ չունենալու հարցը պարզաբանման կարիք չունի.

«Դավիթ Խուդաթյան. — Հանրապետությունում միակ համայնքն է, որտեղ մի ուժ է առաջադրվել:
«Ռադիոլուր». -Ինչու՞ այլ կուսակցություններ չեն առաջադրվել։
Դավիթ Խուդաթյան. -Անկեղծ ասած, չեմ ուզում մեկնաբանություններ անել, ինձ թվում է՝ բոլորին պարզ են պատճառները:
«Ռադիոլուր». -Դուք ենթադրո՞ւմ էիք, որ հնարավոր է միայն ձեր կուսակցությունը առաջադրվի
Դավիթ Խուդաթյան. — Ես հույս եմ ունեցել, որ 3 տարվա իմ հետևողական աշխատանքի արդյունքում ընդունելի թեկնածու կլինեմ բոլոր քաղաքական ուժերի համար, և ստացվեց այդպես»:

Արմավիրի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը դեռ չեն հրապարակի. Դավիթ Խուդաթյանն ասում է՝ այն կազմել են՝ հաշվի առնելով օրենքի բոլոր պահանջները։ Ավագանու թեկնածուները 46-ն են, 1/3-րդը կանայք են: Թեկնածուները ներկայացված են խոշորացվող բոլոր համայնքներից.

«Կան տարբեր համայնքներից գործող ավագանու անդամներ, այդ թվում՝ Արմավիրից, Սարդարապատից: Կան համայնքներում սիրված, ընկալելի, իրենց ոլորտներում հաջողված ու կայացած մարդիկ, այնպես որ՝ ներկայանալի ցուցակ ենք ներկայացրել։ Կարծում եմ՝ արմավիրցու քվեին արժանի ցուցակ է»:

Արաքս համայնքում միավորվելու է 13 բնակավայր։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցելու համար համամասնական ընտրակարգով առաջադրվել է 3 կուսակցոթյուն. «Քաղաքացիական պայմանագիր»–ը, «Զարթոնք»–ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը։

Փարաքար համայնքն ընդգրկելու է 8 բնակավայր, ավագանու ընտրություններին կմասնակցեն «Ապրելու երկիր»–ը, «Քաղաքացիական պայմանագիր»–ը  և  «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը:

Խոյ համայնքում միավորվում է 17 գյուղ։ Այստեղ նույնպես ընտրություններին մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր»–ն ու  «Զարթոնք»–ը, ինչպես նաև՝ «Ազատական կուսկացություն»–ը։

«Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան» կուսակցություններ և «Մեր Բաղրամյան» դաշինք. այս ուժերն էլ պայքարելու են Բաղրամյան համայնքում, որը խոշորացման արդյունքում ընդգրկում է շրջանի 14 գյուղերը՝  Մյասնիկյանը այս համայնքից դուրս է մնացել։

Դեկտեմբերի 5-ին ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների  գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 5-ն է:

Ցուցադրել ավելի
Back to top button