ԿարևորՀասարակություն

Վերականգնվել է Հ-46-Խոտ (մոտ 2կմ) ճանապարհահատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում վերականգնվել է Հ-46-Խոտ կմ0+000–կմ1+963 (մոտ 2կմ) ճանապարհահատվածը։ Ճանապարհը սկսվում է Հ-46, Տաթև-Աղվանի հանրապետական  նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտ բնակավայրի կենտրոնական փողոցով և հասնում միչև  դպրոցի մուտքը:

Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը  գտնվում էին անբարեկարգ վիճակում, ճանապարհի բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Հողային պաստառի  պարամետրերը չէին համապատասխանում նորմատիվային պահանջներին: Բացակայում էին ջրահեռացման  համակարգը, անվտանգության տարրերը:

Նորոգման արդյունքում վերականգնվել է հողային պաստառը, կառուցվել են կողային առուներ, կողնակներ, վերականգնվել են ճանապարհային հագուստը, ջրահեռացման համակարգը, բարեկարգվել է Խոտ բնակավայրի դպրոց տանող մուտքը՝ իր հարակից տարածքով, կատարվել են նաև այլ աշխատանքներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց տեղում:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը, Խոտի բնակիչների հետ զրույցում հույս է հայտնել, որ ճանապարհի նորոգումը ոչ միայն կապահովի հասանելիությունը շուկաներին ու հիմնական ճանապարհներին, այլև կնպաստի գյուղի զարգացմանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով բնակիչների ու համայնքի համար։

Խոտի բնակիչ Ռազմիկ Մինասյանն ասում է, որ ճանապարհի նորոգումից հետո վերջապես ազատվեցին փոշուց ու ցեխից. «Ոտքի տակը մաքրվել է, հաճույքով ենք տանից դուրս գալիս։ Մենք էլ հետագայում լավ կպահենք ճանապարհը, ամեն մեկն իր տան դիմացը կմաքրի ու տիրություն կանի։ Զբոսաշրջիկներն էլ, որ վերջին տարիներին մեծ թիվ էին կազմում, կարծում եմ, է՜լ ավելի կավելանան։ Ճանապարհի հիմնանորոգմամբ գյուղի դեմքն ամբողջովին փոխվել է»։

Էլիզա Հակոբյանն էլ ասում է, որ նախկինում անբարեկարգ ճանապարհի պատճառով տաքսիները գյուղ չէին մտնում, կանգնում էին գյուղ չհասած խաչմերուկի մոտ, ու իրենք ստիպված ոտքով էին տուն գնում։ Շտապօգնությանն էլ շատ երկար էին սպասում։ Ճանապարհի նորոգումից հետո այս խնդիրները լուծվել են։ «Ասֆալտապատումը հերթական նվերն էր բնակավայրին, ինչի համար շնորհակալ ենք և՜ պատվիրատուին, և՜ շինարարին»,- ասում էին բնակիչները։

Շինարարական աշխատանքները կատարել է «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button