ԿարևորՀասարակություն

Վեթինգի պետք է ենթարկվեն նաև փաստաբանները․ Գագիկ Ջահանգիրյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննարկում են պաշտոնատար անձանց բարեվարքության ուսումնասիրությունները հանրային դարձնելու հարցը։  Վստահ են՝ այն, ինչ հայտնի է իրենց, պետք է հասանելի լինի նաև հասարակությանը։ Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն ամփոփում է վիճակագրությունը՝ 2021թ․ ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրել  ու խորհրդատվական  եզրակացություն է ներկայացվել պաշտոնի 60 հավակնորդի  բարեվարքության վերաբերյալ։ Եզրակացություններից 30-ը դրական են եղել , 23-ը՝ դրական վերապահումով, իսկ 7-ը՝ բացասական։ Թեև հանձնաժողովի  եզրակացությունը խորհրդատվական է, բայց այն կարող է հիմք դառնալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։ 2021թ․–ին, սակայն, բացասական եզրակացությամբ երկու թեկնածու նշանակվել է ներկայացվող պաշտոնում։

«Բարեվարքության ստուգման համակարգը ընդգրկում է մի քանի ուղղություններ․ գույքային դրության ստուգում, անձի աշխատանքային, կրթական գործունեության ստուգում, քրեական, կարգապահական, վարչական պատասխանատվության երբևիցե ենթարկված լինելու հանգամանքի ստուգում, քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ստուգում և մեդիա մոնիտորինգ՝ սկսած անձի սոցկայքերից մինչև թեկնածուի վերաբերյալ ԶԼՄ–ներում առկա տեղեկությունների վերլուծություն»,– ասում է կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծման պահից մինչև այսօր 110 անձի բարեվարքություն է ստուգել։ Նախատեսում են առաջիկա ամիսների ընթացքում ուսումնասիրությունների թիվը հասցնել 300-ի։ Հանձնաժողովի խոշորացույցի տակ  Բարձրագույն դատական խորհրդի, Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների ու դատախազների թեկնածուների հավակնորդները։ Առաջիկայում այս ցանկը կարող է ընդլայնվել։

«Մոտ ապագայում դատաիրավական համակարգը գրեթե ամբողջությամբ կփորձենք ընդգրկել․ առնվազն դատախազների և հակակոռուպցիոն գործընթացում ընդգրկված անձիք կներառվեն այս ցանկում»,– ասում է հանձնաժողովի ներկայացուցիչը։

Դատախազության համակարգում բարեվարքության ստուգման ինստիտուտը ներդրվել է 2020–ին՝ հիշեցնում է գլխավոր դատախազության կազմակերպական–վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը։ Այդ պահից ի վեր դատախազությունում բարեվարքության ստուգում անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման համակարգի դատախազի թեկնածուները։ Կարեն Ամիրյանը ասում է՝ հաջորդ տարվա հունվարից բարեվարքության ստուգում կանցնեն դատախազի բոլոր թեկնածուները՝ անկախ գործունեության ոլորտից։

«Գլխավոր դատախազությունը լիարժեք ունի այն գիտակցումը, որ դատական իշխանության արդյունավետ գործունեության հիմքում ընկած են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և մեր վերջնական նպատակն է հնարավորինս ձգտել դեպի իրավունքի գերակայություն և դրանով փորձել կայացնել իրավական պետությունը Հայաստանի Հանրապեությունում»,– ասում է Կարեն Ամիրյանը։

Բարեվարքության՝ վեթինգի ինստիտուտի ներդրմամբ կհաջողվի  բարեփոխել դատական համակարգը , մոտենալ այն իրավիճակին, որ  արդարադատությունը կասկածի տակ չի դրվի՝ վստահ է Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ անկախացումից հետո ՀՀ–ն մի քանի դատական բարեփոխումների ծրագրեր է իրականացրել, մի քանի տասնյակ միլիոն դոլարներ են ծախսվել դատական ոլորտը բարեփոխելու, բայց մենք այսօր կանգնած ենք վեթինգ իրականացնելու խնդրի առաջ»։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջահանգիրյան

Վեթինգի կարիք ունեն բոլոր ինստիտուտները, նույնիսկ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները՝  կարծում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջահանգիրյանը։

«Այդ մաքրման զտման, վեթինգի գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, քանի որ մեզ մոտ այսպես ասած ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են հաղորդակցվում իրավապահ մարմինների ու դատարանների հետ այսինքն բեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան աջակցող սպասարկող բոլոր մարմինները»,– ասում է Ջահանգիրյանը։ 

Քննարկումների առանցքում երկու հարց կա ՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունը թույլ է տալիս լիարժեք վեթինգ իրականացնել, թե՞ լրացուցիչ օրենսդրական կարգավորումների կարիք կա։ Բաց հասարակությունների հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը կարևոր միտում է արձանագրում՝ փոխվել է դատական համակարգի վերաբերմունքը բարեվարքության ստուգման նկատմամբ, այն ընկալվում է ոչ թե որպես կոնկրետ անձի դեմ գործընթաց, այլ հանրային շահից բխող առաջնահերթություն։

Ցուցադրել ավելի
Back to top button