ԿարևորՀասարակություն

Չարաշահումներ Կապանի քոլեջում

Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջի համակարգիչներն ու որոշ փաստաթղթեր խուզարկությամբ առգրավվել  են հարուցված քրեական գործի շրջանակում։ Գլխավոր դատախազությունը հաստատում է տեղեկությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը միջադեպը խնդրահարույց է համարում։ Արման Թաթոյանը տեղի ունեցածը դիտարկում է քաղաքական համատեքստում՝ այն կապելով Կապանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Կապանի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններին և ներկայացրել  մի քանի ահազանգեր, որոնք ստացել է պաշտպանի գրասենյակը կամ եղել են հրապարակային։ Արման Թաթոյանը, մասնավորապես, անդրադարձել էր «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող համակարգիչների եւ փաստաթղթերի առգրավվմանը:

Պաշտպանը նշել էր, որ ըստ ահազանգի տվյալների՝ «նպատակը քոլեջի տնօրենի հեռացմանը հասնելն է, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ վերջինն ընդգրկված է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակում»:

Պետական քոլեջին վերաբերող քրեական գործը հարուցվել է այդ կառույցում  պետական վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումներից հետո՝ «Ռադիոլուրին» տեղեկացրին գլխավոր դատախազությունից։ Կառույցի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի խոսքով՝ քրեական գործով  մեղադրանք դեռևս որևէ անձի չի առաջադրվել։

«Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կամ տեղեկություններ մտցնելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 314–րդ հոդվածի առաջին մասով։ Կատարվում է նախաքննություն»։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական կեղծիք։ Պաշտոնատար անձինք, ըստ գործի նյութերի, փաստաթղթերում կեղծ գրառումներ են արել։

«Կազմակերպությունից առգրավվել են փաստաթղթեր, կատարվել են գրքույկների, մատյանների, 12 ուսանողի անձնական գործերի զննություն, պարզվել է, որ նշված ուսանողների Հայաստանից դուրս լինելու ժամանակահատվածում, կազմակերպության դասախոսների կողմից ստուգման գրքույկներում եւ մատյաններում դրվել են գնահատականներ, ներկաներ, քննություններ, ստուգարքներ»։

Այս պահին  նախաքննություն է ընթանում, գործի շրջանակում հարցաքննվում են տարբեր անձինք։  Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը հրաժարվեց պատասխանել «Ռադիոլուրի» հարցերին։

«Հա, լսում եմ Ձեզ։

–Տիկին Մաքյան, հարուցված գործով  դեռեւս  որեւէ անձ չի անցնում, չնայած  ՄԻՊ-ն էլ է  անդրադարձել։ Ինչ կասե՞ք այս մասին։

–Ես ոչինչ չեմ ասելու, ներեցեք, ցտեսություն»։

Տնօրենի որդին՝ Գոռ Թադեւոսյանը, Կապանի համայնքապետի տեղակալն է եւ Կապանի ավագանու ընտրություններում առաջադրվել է  «Շանթ դաշինք»-ի  կողմից, ընտրացուցակում 4-րդն է,  նույնպես հրաժարվեց մեկնաբանություններից։

ՊՎԾ–ն ստուգումներ է իրականացրել նաեւ Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում, եւ գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար;

Ցուցադրել ավելի
Back to top button