ԿարևորՀասարակություն

Շտապօգնության վարորդների աշխատավարձերն այս տարի չեն բարձրանա․ բյուջեից հատկացումներ հնարավոր է լինեն հաջորդ տարի

Երևանի «Շտապօգնության» 6-րդ ենթակայանի վարորդներն այսօր  բողոքի ակցիա են իրականացրել ենթակայանի բակում: Սպասարկող 5 մեքենաների վարորդներն ասել են, որ չեն սպասարկելու քաղաքացիներին, մինչև չլուծվի իրենց աշխատավարձի խնդիրը։ Վարորդները պահանջում են  բարձրացնել աշխատավարձերը։

«Շտապօգնության» 6–րդ ենթակայանի վարորդները դժգոհում են ցածր աշխատավարձից։  Նրանք այսօր կանգնեցրել են աշխատանքը՝ փորձելով լսելի դարձնել իրենց բողոքի ձայնը։ 6-րդ ենթակայանը, մինչև հարցի լուծումը,  սպասարկելու է միայն  շատ ծանր դեպքերը,– ասում են վարորդներն ու ներողություն խնդրում հանրությունից․ «Մենք մարդկանց կյանքն ենք փրկում, բա մերն ո՞վ  պետք է փրկի»։

Երկու օրը մեկ՝ 24 ժամ ղեկին։ Մեկ օրվա աշխատավարձն էլ  11.000 դրամ։ Այսպես ենք աշխատում, դժգոհում են  «Շտապօգնության» վարորդները։  Աշխատանքը շատացել  է, գումարը՝ մնացել նույնը։ Լինում են դեպքեր, երբ մեկ օրում 30 կանչ են սպասարկում։

«Շտապօգնության աշխատողներն այնքան գումար պետք է ստանան, որ  կարողանան ապրեն, գոյատևեն։ Թող նորմալ վարձատրեն, որ կարողանանք աշխատել»։  

Երկար տարիների խնդիր է,–ասում են վարորդները։ Տարբեր դռներ են թակել, հանդիպումներ են ունեցել Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, սակայն հարցը լուծում չի ստացել։ «Ռադիոլուր»–ին Երևանի քաղաքապետարանից ասացին, որ բարձրացված խնդրի հասցեատերն Առողջապահության նախարարությունն է։ Գերատեսչությունից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։ 

«Շտապօգնություն»–ում  աշխատավարձերը վերջին անգամ 10 տոկոսով  բարձրացել են անցյալ  տարի։  Մինչ այդ, 2014 թվականին, բարձրացել է 100 տոկոսով։ «Շտապօգնության»  տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում բարկացած էր։ Ասաց՝ քովիդի պայմաններում վարորդները չպիտի աշխատանքը դադարեցնեին ու նորից բարձրացնեին երկար քննարկված հարցը․

«Չի կարելի ակցիա իրականացնել, որոշել, որ  պիտի կանչի չգնան, որովհետև իրենց աշխատավարձը պետք է բարձրանա։ Դա անընդունելի է հիմնարկում»։

Հետո ասաց, որ աշխատավարձերի հարցը միշտ էլ իրենց օրակարգում է։ Աշխատավարձերի փոփոխություն տարվա վերջում հնարավոր չէ անել։  Նախ պետք է հասկանալ, թե բյուջեով որքան գումար է հատկացվելու «Շտապօգնության»–ը։ Ասաց․ «Ես չեմ կարող ասել։ Ամբողջը կախված է մեր բյուջեից և  պետք է հասկանալ, թե որքանով  կարող ենք բարձրացնել»։

Աշխատակիցներն աշխատավարձերից բացի պահանջում էին նաև  վարորդների թվի ավելացում։  Լարված աշխատանքն այդպես գուցե թեթևանա։ Հակառակ դեպքում՝  շնչելու և հավելյալ աշխատանք կատարելու  ժամանակ չունեն։ Այս պահանջներին «Շտապօգնության» ՓԲԸ  տնօրեն Թագուհի Ստեփանյանը հակադարձում է՝ վարորդների թվի ավելացում չի լինի, վարորդների թիվը բավարարում է։

«Վարորդների քանակի ավելացում ուղղակի չի կարող լինել, որովհետև 10 հեթապահությունով վարորդների քանակը նորմալ է, ավելացման կարիք չկա»։

«Շտապօգնություն»–ում վերջին թարմացումներն ու  համալրումները եղել են 2019 թվականին, երբ 500 մլն դրամ ուղղվեց բժշկական ծառայությանը։ Բրիգադների թիվը 38–ից դարձավ 53։ Երևանում նախորդ տարիներին  մեկ բրիգադը 30 հազար բնակչի հաշվով էր աշխատում, ուստի, ձգտում էին համալրումը հասցնել այն կետին, որ բրիգադը 20000 բնակչի հաշվարկով աշխատի,– ասում է Թագուհի Ստեփանյանը։

Ծառայության արդիականացումն ու թիմի համալրումները կարևոր են, սակայն անբավարար, ասում է հանրային առողջության մասնագետ  Դավիթ Մելիք–Նուբարյանը։  Առանց առողջության առաջնային պահպանման օղակ՝, հիվանդանոցի և «Շտապօգնության»  միջև կապի, «Շտապօգության» արդիականացումը թերի է,– ասում է «Ռադիոլուր»–ի զրուցակիցը։   

«Մեր բնակչությունը գոհ է շտապից , բայց մենք գիտենք, որ այդ 600.000 կանչերի առնվազն 30 տոկոսը՝  180.000 կանչ, չհիմնավորված կանչեր են։ Այսինքն՝ դրանք կարող էին սպասարկվել  ամբուլատոր օղակում։ Եթե 180 հազարը վերածենք գումարի, ապա խոսքը գնում է մոտ 3.5 մլն ԱՄՆ դոլարի մասին տարեկան, որը, ըստ էության, վատնում է։ Այդ գումարը մենք կարող ենք ծախսել այլ տեղ և լուծենք ավելի կարևոր խնդիրներ»։

Ինչպե՞ս անել, որ այս դեպքում չտուժի հասարակությունը և ինչպե՞ս անել, որ պոլիկլինիկա դիմելն ավելի հեշտ լինի։ Դավիթ Մելիք–Նուբարյանի խոսքով՝ միայն «Շտապօգնություն»–ում աշխատանքներ իրականացնելով՝ արդյունքի չենք հասնի։ Զուգահեռ պետք է աշխատանք կատարվի նաև պոլիկլինիկաներում։ Կանչը գրանցողը  հիվանդի մասին որոշակի տեղեկություններ իմանալով՝ պետք է հասկանա՝ արդյո՞ք դա շտապ դեպք է, թե՞ հնարավոր է կանչը 24 ժամվա ընթացքում  տեղափոխել առողջության առաջնային պահպանման օղակ, իսկ այստեղից հավաքված գումարն ուղղել պոլիկլինիկաների արդիականացմանը։    

Ցուցադրել ավելի
Back to top button