ԿարևորՀասարակություն

Շատ հեռուն գնացող ճանապարհի սկիզբ. լույս է տեսել «Օտար աղբյուրները՝ հայկական գաղթավայրերի մասին» ժողովածուն

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում անցկացվել է «Օտար աղբյուրները՝ հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ գիտաժողովը։ Այն նվիրված էր Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին։ Գիտաժողովին ներկայացվել է համանուն նյութերի  ժողովածուն՝ նվիրված հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին: «Օտար աղբյուրները՝ հայկական գաղթավայրերի մասին» ժողովածուն հրատարակվել է Ակադեմիայի պատմության ինստիտուտի  նախաձեռնությամբ։

Հայոց գաղթավայրերի մասին ժամանակի ընթացքում հսկայածավալ գրականություն է ստեղծվել է՝ հիմնականում Սփյուռքում։ Տարբեր գաղթօջախներում հայերի կենցաղի, ազգագրության, տեղացիների հետ հարաբերությունների, ժողովրդագրական տեղաշարժերի, մշակույթի, եկեղեցու և դպրոցների մասին հսկայական նյութ են մշակել նաև օտար հեղինակները։ Որպեսզի այդ ամբողջ գրականությունը ի մի բերվի, ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը այդ աշխատանքները հրատարակել է մեկ միսնական ժողովածուով։ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» ժողովածուի միայն առաջին հատորն է լույս տեսել։ Հայկական գաղթօջախների և Սփյուռք պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանը վստահ է՝ այն օժանդակ նյութ կլինի հայկական գաղթավայրերի և առհասարակ հայոց պատմությունը ուսումնասիրողների համար․

«Մասնակիցների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Իտալիա, Հունգարիա, Հունաստան, Ֆրանսիա, ՌԴ, Հորդանան, Լիբանան։ Նշանավոր հայագետներ են, որոնք մեծագույն ներդրում ունեն հայկական գաղթօջախների պատմության ուսումնասիրման ասպարեզում»։

«Այս գիրքը տարբեր տեսակետների հավաքածու է հայկական գաղթօջախների մասին և ունի բացառիկ կարևորություն մեր պատմագիտության ոլորտում: Սա շատ հեռուն գնացող ճանապարհի սկիզբն է»,– նկատում է ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը․    

«Այս թեման նաև վեր է հանում հայության կենցաղի, պատմության, ազգագրական բնույթի շատ հետաքրքիր մանրամասներ։  Դրանք անգնահատելի ճանաչողական նշանակություն ունեն գիտական տեսակետից և մեր ժողովրդին օտարների կողմից ճանաչելի դարձնելու, իրենց իսկ աչքերով հայ ժողովրդի կերպարը վերարտադրելու առումով»։

Ժողովածուի ստեղծման գաղափարը պատմաբան, թարգմանիչ, բանասեր, կինոգետ Արծվի Բախչինյանինն է։ Նա արտերկրում բնակվելու տարիներին բացահայտել է օտար աղբյուրներ, որոնք անդրադարձել են հայկական գաղթօջախներին․

«25 տարի առաջ, երբ գտնվում էի Շվեդիայում և հնարավորություն ունեի աշխատելու արխիվներում և գրադարաններում, ինձ համար մեծ անակնկալ էր՝ տեսնել, որ մեզնից աշխարհագրորեն այդքան հեռու բազմաթիվ սկզբնաղբյուրներ կան, որոնցում տեղեկություններ կան մեր ժողովրդի և մեր երկրի մասին։ Թե՛ ճանապարհորդները, թե՛ միսիոներները պարբերաբար հիշատակում են հայերին, որոնց  հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում»։ 

Կարևորելով մատենաշարի շարունակականույթունը՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան շեշտեց՝  Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժինը կարողացավ այս գիտաժողովների ու մատենաշարի ստեղծման շնորհիվ միավորել մեր սփյուռքի մասնագետներին։

Ցուցադրել ավելի
Back to top button