ԿարևորՏնտեսական

Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ բլոկը չի կոնսերվացվել, ֆինանսական խնդիրները կհաղթահարվեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը չի կոնսերվացվել,պարզապես դադարեցրել է աշխատանքը՝ «Ռադիոլուր»–ին ասում է  Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Արդեն մի քանի ամիս՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը չի աշխատում։ Փոխնախարարի խոսքով, խնդրի  լուծման   մեխանիզմներ գտել են, սակայն դրանք դեռ նախնական փուլում են։

«Այս պահին բանակցում ենք, կարծում եմ, որ լուծումը գտել ենք։ Առաջիկայում ընկերությունը կսկսի վերանորոգման աշխատանքները»,– հստակեցրեց Վարդանյանը։ Անդրադառնալով  իտալական «Ռենկո»  ընկերության նոր, կառուցվող կայանի աշխատանքներին՝ նախարարի տեղակալն ասում է՝ կա իրական հնարավորություն, որ նոյեմբերի 15–ին Երևանի նոր ջերմային էներգաբլոկը միանա էներգետիկ ցանցին։ Երևանում  իտալական «Ռենկո»–ն  նոր  կայան է կառուցում։ Շահագործումից հետո  այստեղ  հնարավոր կլինի ստանալ էլեկտրաէներգիա՝ ավելի էժան սակագնով։ «Այս պահին կա գազի մատակարարման դադարեցում, փորձարկման փուլն է, հոզորություններ են ավելացվում։ Արդեն վաղը՝ նոյեմբերի 3–ին, գազի մատակարարումը կվերականգնվի։ Մինչ նոյեմբեր 15–ը կլինի փորձարկումների փուլում»,– պարզաբանում է  Հակոբ Վարդանյանը։

Տեղեկացնում է, որ կայանի շահագործման ժամկետը մինչև դեկտեմբերի 27-ն է, երկու անգամ երկարեցվել է, նոյեմբերի 15–ին, սակայն, կա ցանցին միանալու իրական հնարավորություն։

Ցուցադրել ավելի
Back to top button