ԿարևորՀասարակություն

Հայ-չինական համագործակցության նոր հեռանկարկեր. ԵՊՀ-ում հյուրընկալել են ՀՀ-ում ՉԺՀ դեպան Ֆան Յոնգին

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր ուղիներ և հեռանկարներ:

Դեսպանի հետ հանդիպմանը ներկա են եղել ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

Ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ ԵՊՀ-ն համագործակցում է Չինաստանի մի շարք բուհերի հետ ու պատրաստակամ է հաստատելու և զարգացնելու գործընկերային նոր հարաբերություններ, որոնք մի կողմից կնպաստեն հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, մյուս կողմից՝ էլ ավելի բարձր մակարդակի կհասցնեն երկու երկրների միջև գիտական հաղորդակցությունը:

Ներկայացնելով ԵՊՀ-ում իրականացվող կրթական և հետազոտական, ինչպես նաև դրանք առավել արդյունավետ դարձնելու ծրագրերը՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն տեղեկացրել է, որ համալսարանում գործում են Չինագիտության ու Չինարենի և չինական մշակույթի կենտրոններ, որոնց նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգն ընդգծել է Հայաստանի ամենահին և ամենամեծ համալսարանի հետ համագործակցության անհրաժեշտությունը երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու գործում: Նա կարևորել է ԵՊՀ-ի և Չինաստանի բուհերի միջև հաստատված փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կընդլայնվի: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելլ են համագործակցության ուղիներ, որոնք փոխանակման ծրագրեր, երկու բուհի դասախոսների փոխայցելություններ, ակադեմիական և մշակութային համատեղ միջոցառումներ և այլ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կընձեռեն: Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է նաև կրթական այն ծրագրերը և ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրել չինացի ուսանողներին:

Բացի դրանից՝ հանդիպմանը խոսվել է հայ-չինական հարաբերությունների առանձնահատկությունների, դրանց բազմակողմանի զարգացման հեռանկարների մասին:

Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգն այցելել է ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան, ապա Չինագիտության ու Չինարենի և չինական մշակույթի կենտրոններ՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button