ԿարևորՀասարակություն

Կարկուտը 20 տարի խփել է թե բերքին, թե բյուջեին․ մասնագետներն առաջարկում են ցանցեր կայանքների փոխարեն

«Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը կառավարությանն առաջարկների փաթեթ է ներկայացրել, որտեղ նշվում և հիմնավորվում է հակակարկտային կայանքների անարդյունավետությունը։ Դրանք ոչ միայն չեն պաշտպանում բերքը կարկտից, այլ հենց դրանք են կարկուտ առաջացնում, ինչպես որոշ հետազոտություններ են ցույց տալիս։

Բերքը կարկտից 100 տոկոսով պաշտպանելու միակ միջոցը կարկտապաշտպան ցանցերի օգտագործումն է։ Արտակարգ իրավիճակների նախարարությանն այս մասով առաջարկների ու եզրակացությունների մեծ փաթեթ ենք ներկայացրել՝ տեղեկացնում է  «Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։ Մասնագետի խոսքով՝ Հայաստանը 17 տարի ֆինանսավորել է արդյունավետության չնչին տոկոս ունեցող հակակարկտային կայանքների ձեռքբերումը՝ տարեկան հատկացնելով շուրջ 270 մլն դրամ, սակայն դրանցից ակնկալիքները  գիտականորեն հիմնավորված չեն՝ մանրամասնում է Ազիզյանը։

«Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվել է 4 հոգուց բաղկացած ներհամալսարանական հանձնախումբ։ Ֆիզմաթ գիտությունների 4 դոկտոր-պրոֆեսորներ կատարել են հետազոտություն և հանգել եզրակացության, որ կայանքների միջոցով հաղորդվող գրգռված ձայնային ալիքները չեն կարող որևէ էական ազդեցություն ունենալ կարկտաբեր ամպերում ընթացող պրոցեսների վրա։ Այդ ալիքների ազդեցությունը կարող է զգալի լինել 500 մ բարձրության վրա, այնինչ կարկտի ձևավորման պրոցեսը տեղի է ունենում 5-6 կմ բարձրության վրա»։

Աjս եզրակացությունը հաստատել են գիտական տարբեր այլ հետազոտություններ  եւս։  Ավելին, ըստ «Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի, օդի բարձր խոնավության դեպքում հակակարկտային ալիքներն անձրևաբեր ամպերը կարող են վերածել կարկտաբերի, մասնագիտորեն բացատրած՝ դրանք զրո արդյունավետություն ունեն, քանի որ կարող են գրգռել խոնավության վերընթաց հոսանքներ։ Այս գործընթացն օդերևութաբանական ռադարով նույնպես ուսումնասիրվել է՝ նշում է Աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։ Պատկերը հետևյալն է․

«Իհարկե 1, 2, 3 դեպքով հնարավոր չէ գալ գիտական եզրակացության։ Մենք որոշում կայացրինք՝ վերցնել վերջին հինգ տարիների բոլոր կարկտամպրոպային երևույթները և հասկանալ՝ երբ այդ կայանները սկսում են ներգործել, ինչ փոփոխություն է լինում։ Ուրեմն մենք տեսանք, որ բազմաթիվ դեպքերում կամ այդ ամպի մոտ որևէ բան չի փոխվում, կամ հակառակը՝ անձրևաբեր ամպը վերածվում է կարկտաբերի»։

Գյուղատնտեսության նախկին նախարար Գռնիկ Պետրոսյանը նույնպես թերահավատ է հակակարկտային կայանների արդյունավետության հարցում․ «Իրականում դրանք կամ ցածր արդյունավետություն ունեն, կամ, նույնիսկ չեմ բացառում, ընդհանրապես չունեն արդյունավետություն։ Մասնագետները հիմնավորում են, որ այդ ձայնային ալիքը  2-3 կմ-ից ավելի չի բարձրանում, իսկ կարկտաբեր ամպերը ձևավորվում են մինչև 10 կմ բարձրության վրա»։

«Ռադիոլուրի» հարցին, թե ո՞րն էր պետության կողմից այսքան տարի այդ կայանների ձեռքբերման ու օգտագործման պատճառը, արդյո՞ք չի ստացվում, որ 17 տարվա ընթացքում տարեկան շուրջ 270 մլն դրամի հատկացումներն անարդյունավետ են եղել, նախկին փոխնախարարն արձագանքում է.

«Կարկտի հետևանքով այս կամ այն համայքներում վնասներ էին գրանցվում, և մենք՝ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներս, գնում էինք այդ համայնքներ, աջակցություն էինք առաջարկում։ Իհարկե, շատ սուղ և սահմանափակ էին այդ հնարավորությունները։ Տեղի բնակիչներն առաջարկում էին, որ այդ աջակցության փոխարեն իրենց համար ձեռք բերենք հակակարկտային կայանքներ»։

Քարոզարշավների ժամանակ, հատկապես մեծամասնական ընտրակարգի, թեկնածուները տարբեր խոստումներ էին տալիս գյուղացիներին։ Բայց վերջիններիս հիմնական պահանջը հակակարկտային կայանների տեղադրումն էր իրենց գյուղում, հավելում է Պետրոսյանը․

«Կամ իրենց միջոցներով էին գնում, կամ իրենց միջնորդության արդյունքում տեղերում տեղադրվում էին այդ կայանքները։ Այնպես, տարիների ընթացքում դրանք բավականին մեծ քանակի հասան»։

Մասնագետները կարծում են, որ պետք է փոխվի բերքը կարկտից պաշտպանելու քաղաքականությունը եւ տրամաբանությունը։ Շեշտը պետք է տեղափոխվի հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական ապահովագրության վրա։ Իհարկե, այդ մոտեցումը դեռ զարգացած չէ մեր երկրում, բայց աշխատում են այդ ուղղությամբ․Լևոն Ազիզյան

«Ի ուրախություն մեզ՝ պետք է նշենք, որ այս տարի, համաձայն էկոնոմիկայի նախարարության տվյալների, մոտ 3 անգամ ավելի շատ ապահովագրության պայմանագրեր են կնքվել։ Պետք է բոլորս հորդորենք, որ այս համակարգը զարգանա։ Սա վերաբերում է նաև կարկտապաշտպան ցանցերի արտադրությանը և ներդրմանը»։

Սակայն կարկտապաշտպան ցանցերը կարո՞ղ են արդյունավետ լինել բոլոր դեպքերում։ Մասնագետների դիտարկմամբ՝ ավանդական այգիների ցանցապատման մասով կարող են խնդիրներ առաջանալ․ դա գրեթե անհնար է։ Բոլոր դեպքերում ցանցապատման արժեքը  բավականին բարձր է․ նշում է Պետրոսյանը․

«1 հա պտղատու այգին կարկտապաշտպան ցանցերով  ծածկելու համար մինչև 20 հազար դոլար է պահանջվում։ Եվ հասկանալի է, որ մեր փոքր ու նույնիսկ միջին գյուղացիական տնտեսությունները չունեն այդ հնարավորությունը»։

Ինչպե՞ս կարձագանքի պետությունը գյուղոլորտում քաղաքականություն փոխելու եւ հակակարկտային կայանքները կարկտապաշտպան ցանցերով փոխարինելու մոտեցմանը․ սպասում ենք՝ ասում է «Օդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Իսկ ի՞նչ կարվի արդեն ձեռք բերված եւ տեղադրված հակակարկտային կայանների հետ, եթե դրանք այլևս չօգտագործվեն, Ազիզյանը նշեց․

«Եթե պետությունն ընդունի մեր առաջարկը, պետք է ստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ կայանքների հետագա ճակատագիրը որոշելու համար»։

Մինչ մասնագետները սպասում են արձագանքի, օդում է մնում հարցը, թե  ով է պատասխանատու եւ ով է կրելու պատասխանատվությունն այն մասով, որ պետությունը շուրջ 2 տասնամյակ ավելի քան 4,5 մլրդ դրամ է ծախսել հակակարկտային կայանքների համար, ինչը փաստացի ի սկզբանե էլ արդյունք չի խոստացել։

Ցուցադրել ավելի
Back to top button