ԿարևորՔաղաքական

Խաղաղության հարթակ՝ բազմաթիվ խնդիրներով

Նոյեմբերի 2-4-ը Երեւանում  նախատեսված համաժողովի շրջանակներում կկարեւորվի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու հարցը։ Այդ նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, նա կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան կայցելի նաեւ Ադրբեջան ու Վրաստան։ Համաժողովին մասնակցում են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։ Համաժողովը հաջորդում է Հռոմում կայացած G-20 ի համաժողովի շրջանակներում տարածաշրջանային հարցերի քննարկմանը, որի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է տարածաշրջանում խաղաղության հարթակի ձեւավորման մասին։

Մեր  տարածաշրջանում կոմունիկացիաների բացման թեման շոշափվում է աշխարհի գլխավոր քննարկումներում՝ գերտերությունների ղեկավարների մակարդակով։ Թեման զուգորդվում է Հարավային Կովկասում 3+3 հարթակի ստեղծման թեմային, որի գաղափարն այս տարեսկզբից համառորեն առաջ է տանում Թուրքիան։ Հռոմում G-20 ի համաժողովին Թուրքիայի նախագահ Էրդողանն այս թեմայով խոսել է արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Արդեն ինքնաթիռում Էրդողանը լրագրողներին պատմել է , որ Մակրոնին տեղեկացրել է Հարավային Կովկասում այժմ կատարվող դրական քայլերի մասին, եւ թե Ադրբեջանի ղեկավար Ալիևը վճռական է՝ շարունակելու այդ դրական քայլերը։ «ԵթեՌուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը եւ նրանց կողքին նաեւ Հայաստանն ընդունեն, ապա իսկապես կստեղծվի խաղաղության մի հարթակ»,- ասել  է Էրդողանը:

Առաջին հայացքից միջազգային հանրության մոտ խաղաղասիրության տպավորություն թողնող այս գաղափարը Հայաստանի համար կարող է սպառնալիքներ պարունակել, սկսած՝ Սյունիքից միջանցք պոկելու նկրտումներով՝ կարծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Միջանցքի մասին բոլոր խոսակցությունները Հայաստանը բացառում է, պաշտոնական մակարդակում խոսվում է ընդամենը ժամանակին գործած ճանապարհը վերագործարկելու մասին՝ առանց դրան հատուկ կարգավիճակ տալու։  Բաղդասարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նախ շեշտում է՝ Սյունիքով ճանապարհի բացման հարցում Հայաստանի ու ադրբեջանա-թուրքական մոտեցումները խիստ տարբեր են։ Տարբերվում են տարածաշրջանային հարցերում  նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատկերացումները։ Իսկ առհասարակ, հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայման մասով քաղաքագետն ունի իր դիտարկումները․

«Չեմ կարծում թե բանը դրան կհասնի, բայց  եթե ռուս խաղաղապահները եւ ընդհանարպես անվտանգությունն ապահովող կառույցներն ունենան  միջազգային մանդատ  կանխենք ռիսկերը, եթե Մոսկվան մի օր որոշի օրինակ թողնել-հեռանալ»։ 

Մոսկվայի ներկայությունը տարածաշրջանում նրան հավակնությունների եւ ինքնուրույն որոշումների լայն հնարավորություն է տալիս։ Դրանց կողքին նաեւ ԱՄՆ նպատակներն ու հավակնություններն են։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ նոյեմբերի 2-4-ը Երեւանում  նախատեսված համաժողովին Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու հարցերը շոշափելու են նաեւ այս թեմաները։ Դրանցից մեզ համար գլխավորը՝ հենց կոմունիկացիաների բացման թեման։ Համաժողովին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնի, նաեւ՝ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների մասնակցությունը։ ԱՄՆ առաքելությունների ղեկավարների մակարդակով  դիվանագիտական այս ձեւաչափը Հայաստանում ամերիկյան դիրքերն ամրապնդելու նպատակ ունի՝  կարծում է Արմեն Բաղդասարյանը․

«Համաժողովին կոմունիկացիաների հարցն էլ է քննարկվելու։ ԱՄՆ-ը հասկանում է, որ դուրս է մնում 3+3 ձեւաչափից ։ Եթե Մոսկվան մտածում է, որ  ճանապարհը պետք է վերահսկի, ապա արեւմուտքը փորձում է ավելի մեծ ներկայություն այստեղ ունենալ»։

ԱՄՆ-ն ակտիվանում է Հայաստանում․ ԱՄՆ դեսպանի՝ Հայաստանի մարզեր այցելելն ու դրանց մասին հրապարակավ լուսանկարներով պատմելը հենց դրա մասին է վկայում՝ հիշեցրեց ռազմական փորձագետը։ ԱՄՆ-ն ուզում է իր ուրույն դերն ունենալ մեր տարածաշրջանում, եւ, ըստ Կարեն Հովհաննիսյանի, համաժողովին ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալի մասնակցությունը դրա վկայությունն է։ Ամերիկյան դիվանագիտական նախաձեռնությունների ակտիվացմանը զուգահեռ՝ ակտիվանում են նաեւ 6-ի հարթակի ձեւավորման քննարկումները։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը դրա մասով արդեն փոխանակվել են դրական մեսիջներով, Հայաաստանը քննարկում է այս թեման, իսկ Վրաստանը դեմ է արտահայտվել։ Ըստ քաղաքագետի՝ ստացվում է, որ Հարավային Կովկասի երկրների մասով ռուս-ամերիկյան շահերի նոր բախումներ են հնարավոր, ինչը կարող է դրսեւորվել նաեւ Արցախի հարցում․

«ԱՄՆ-ի նպատակը Արցախին կարգավիճակ տալն է։ Սյունիքի հարցով մտավախությունները մեծ չեն, քանի որ Իրանն է հետաքրքրված այստեղ։ Բավական է կարմիր գծեր խախտվեն, ու Թեհրանը ռազմական ուժ կկիրառի»։

Հաշվի առնելով, որ խաղաղության ենթադրյալ հարթակում միանգամից մի քանի կոնֆլիկտ կա, ու այստեղ բախվում են բազմաթիվ շահեր, այդ գործընթացն, ըստ Կարեն Հովհաննիսյանի, դեռ երկար կտեւի։

Ցուցադրել ավելի
Back to top button