ԿարևորՀասարակություն

Լոռեցի համայնքապետերի աղմկահարույց չարաշահումները. մարզի դատախազն ամփոփել է անցած 9 ամիսները

Լոռու մարզի մի շարք նախկին ու ներկա համայնքապետերի մասով քրեական գործեր են հարուցվել: Համայնքապետերից ոմանք փոխհատուցել են համայնքներին պատճառված վնասները, ոմանց դեպքում էլ գործը հասել է կալանավորման կամ դատարան: Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ կալավորվել է, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Լոռու մարզի դատախազն ամփոփել է անցած 9 ամսվա աշխատանքը:

2021-ի սեպտեմբերի 13-ին, հարուցված քրեական գործի շրջանակում վարույթն իրականացնող քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Ստեփանավանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Ղարաքեշիշյանը: 1 ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին էլ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Վանաձորի նախկին համայնքապետ, ՀՀԿ քաղաքային կառույցի ղեկավար Սամվել Դարբինյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերով:

Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 1999-2016թթ.-ին քաղաքապետ Դարբինյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Լոռու նախկին համայնքապետերի ապօրինությունները մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը երկար է թվարկում, հիշատակում նաև գյուղական համայնքների ղեկավարների՝ ալեհավաքների վարձակալության հետ կապված քրեական գործերը. Որոնք գրեթե բոլոր համայնքներում նույն սցենարով են ընթացել:  Եղել են համայնքապետեր, որոնք հողամաս են օտարել կամ վարձակալության տվել իրենց մերձավորներին, նրանք էլ հողերը վարձակալության են տվել կապի օպերատորներին և տնօրինել այդ գումարները:

Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու ու նրան կալանավորելու հիմք է հանդիսացել պետական վերահսկողական ծառայության այս տարվա ուսումնասիրության ավարտական ակտը, որն ընդգրկում է Ղարաքեշիշյանի պաշտոնավարման 2004-2012 թթ-ը:

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցները թույլ տվեցին մեզ կոնկրետ անձին մեղսագրելու ինչպես 308 հոդվածի հատկանիշներով, այնպես էլ 109 հոդվածի, այսինքն, եկամուտների օրինականացում, փողերի լվացում հոդվածներով: Մենք իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն ենք ներկայացրել, և դատարանի կողմից բավարարվել է: Այս քրեական գործով, վստահեցնում եմ, կկատարվեն բոլոր անհրաժեշտ դատավարական  գործողությունները, և արդյունքում վերջնական իրավական գնահատական կտրվի անձին»։

Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ քրեական գործ է հարուցվել նաև Սարգիս Ղարաքեշիշյանից հետո  քաղաքը ղեկավարած նրա հանգուցյալ եղբոր՝ Միքայել Ղարաքեշիշյանի պաշտոնավարման օրոք  պաշտոնյաների ենթադրյալ չարաշահումների մասով: Այլ է ընթացքը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ հարուցված քրգործի պարագայում: Գործն ուղղարկվել է դատարան: Դարբինյանը չի ընդունում իրեն մեղսագրված արարքները: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

«Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան՝ 308 հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Խոսքը վերաբերում էր Վանաձորի 5 շենք-շինությունների ապօրինի օտարմանը: Համապատասխան կալանք է դրվել Սամվել Դարբինյանի այն գույքի վրա, որոնցով հնարավոր կլինի ապահովել պատճառված վնասի վերականգմումը՝ 61 մլն. դրամ արժեքով: Նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վաղեմության ժամկետի անցնելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Դատարանը կայացրել է ոչ արդարացնողհիմքովորոշում հոկտեմբերի 22-ին, որով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Սամվել Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»:

Դատարանի ոչ արդարացման վճիռը թույլ է տալիս ենթադրելու, որ արձանագրվել է նրա կողմից նշված արարքները կատարելու փաստը: Դատախազը դատարանի որոշումն ուղարկել է Վանաձոր համայնքի ղեկավարին, Լոռու մարզպետին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: Դատախազ Գաբրիելյանը շեշտում է՝ վերոնշյալ կառույցները պարտավոր են իրավական միջոցներ ձեռնարկել այդ գույքը համայնքի հաշվեկշիռ, համայնքին պատճառված 61 մլնդրամ գույքային վնասն էլ՝համայնքին վերադարձնելու ուղղությամբ: Դարբինյանի օրոք 3 այլ տարածքների օտարումների փաստով նախաքննությունը շարունակվում է: Սպասում են փորձաքննության արդյունքներին:

Լոռու մարզի դատախազից հետաքրքրվեցինք նաև Դարբինյանին հաջորդած Մամիկոն Ասլանյանի օրոք տեղի ունեցած չարաշահումերի մասին։ Ասլանյանին որևէ մեղսագրում չկա.

«Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում քննվող քրեական գործ, որով Մամիկոն Ասլանյանը ներգրավված լինի որպես մեղադրյալ, այս պահին չունենք»։

Ընդհանուր առմամբ՝ անցած 9 ամիսներին մարզում  նկատվել է  հանցավորության աճ՝ 1548 դեպք՝ նախորդ տարվա 1483-ի համեմատ, մի շարք հանցատեսակների դեպքում էլ՝  սպանություններ, բնակարանային գողություններ, ապօրինի անտառահատումներ, արձանագրվել նվազում։ Անտառտնտեսության աշխատողները գիտեն, որ ցանկացած անփութության կամ ոչ պատշաճ աշխատելաոճի դեպքում՝ կրելու են պատասխանատվություն: Վառելափայտի դուրս բերման բոլոր հնարավոր կետերում պարեկներ են տեղակայվել,  արդյունքը դրական է. մարզից ապօրինաբար վառելափայտ դուրս չի գալիս,- վստահեցնում է դատախազը: «Անգամ Շիրակի մարզում ապրող հարազատներս են առանց վառելափայտ մնացել»,- կեսկատակ, կես լուրջ ասում է Կարեն Գաբրիելյանը: Անցած  9 ամսում 52 քրեական գործ է հարուցվել անտառտնտեսության  աշխատակիցների նկատմամբ: 37 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: 2020-ին՝ ընդամենը 1  անձ էր ներգրավված: 8 գործ՝ մեղադրական եզրակացություններով, դատարանում է.

«Մենք 52 դեպքում մեղսագրում ենք անձանց, այսինքն,մենք բարձրացնում ենք նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Քրեական գործն ուղարկվելու է դատարան, որ պատիժ կիրառենք»:

Ստացվում է, որ  ձգձգվող գործերը վաղեմության ժամկետի հիմքով կարող են կարճվել, նախկին պաշտոնյաներն էլ՝ ազատվել պատասխանատվությունից մեր այս դիտարկմանն ի պատասխան  Կարեն Գաբրիելյանը ձգձգման պատճառներն է նշում. փորձաքննությունների ուշացում, փորձագետների պակաս,  փորձաքննություն իրականացնող կառույցների խիստ ծանրաբեռնվածություն:

Դատախազ Գաբրիելյանին նաև Սամվել Դարբինյանի օրոք Վանաձորի մաքրման կայանի օտարման տխրահռչակ գործընթացից ենք հարցնում. «Ի՞նչ եղավ այդ գործը, որի քննումը Լոռու մարզի նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանին կյանք արժեցավ»։  2019-ին  քրեական գործ է հարուցվել,- ասում է Կարեն Գաբրիելյանը: Նախաքննության շահերից ելնելով՝ շատ բան չի ասում: Նշանակված են համալիր փորձաքննություններ, խոստացել են արագացնել դրանց ընթացքը: 2010-ին կայանն աճուրդով շուրջ 60 մլն. դրամով օտարվել է անհատի, այն դեպքում, երբ դրա հաշվեկշռային արժեքը մոտ 239 մլն. դրամ էր: Թե  ո՞ւմ՝ դատախազն անուններ չի հրապարակում, փոխարենը խոստանում է ավելի շատ  տեղեկություններ աղմկահարույց գործերից՝ տարեվերջյան  ասուլիսին:

Ցուցադրել ավելի
Back to top button