ԿարևորՀասարակություն

Թիրախում՝ երեխաները․ մարզերում քովիդ-թեստավորման խնդիրները հետաձգում են բուժումը

Այսօր Հայաստանը հակառեկորդ է սահմանանել՝ 62 մահվան դեպք մեկ օրում։ Մինչդեռ պատվաստումների տեմպը բավարար չէ։ Հայաստանում քովիդ-պատերազմն արդեն  խլել է 6 441 մարդ, շատ ավելի մեծ թվով մարդիկ, քան պատերազմի ընթացքում։ Հոկտեմբերի դրությամբ պատվաստվել է Հայաստանի բնակչության գրեթե 12%-ը, նրանցից ամբողջությամբ՝ 2 դեղաչափով պատվաստվածները 6-7 % են։ Արդեն մի քանի ամիս տարածված  Դելտա շտամն առանձնանում է իր բարձր վարակելիությամբ։ Ձևափոխված վիրուսն ավելի արագ է տարածվում և ավելի շատ թիրախավորում երեխաներին՝ նորածնից մինչև դեռահաս։ Ի՞նչ ախտանշաններով են երեխաները հայտնվում հիվանդանոցներում, և ինչ խնդիրների են բախվում ծնողները, երբ երեխաները պետք է մարզերում թեստավորվոն։

Վայքի բնակչուհի Քրիստինե Հայրապետյանի մտքով չէր անցնում, որ իր մեկամյա երեխայի մոտ քովիդ է։  Սկզբում ախտանշաններ չկային, բայց ջերմության կտրուկ բարձրացումն ու թոքաբորբի հայտնաբերումը նրանց տարան թեստավորման։

«Քանի որ չէինք մտածել, որ մեկ տարեկան երեխան էլ  կարող է քովիդով վարակվել, նրա գրիպոզ վիճակը և ջերմությունը կապել ենք ատամներ հանելու շրջանի հետ։  Հետո փոքրիկս սկսեց հազալ, մինչ այդ ախտանշաններ չուներ։ Հաջորդ օրը սկսեց ջերմությունը բարձրանալ մինչև 37։ Երկուշաբթի տարել ենք իրեն հիվանդանոց, այնտեղ ստուգելուց պարզվեց, որ նրա մոտ թոքաբորբ է, բայց մինչ այդ ոչ մի ախտանշան չէր ունեցել։ Քովիդի թեստավորում արեցինք, երկու օր հետո պատասխանը դրական եկավ»։

Մինչ Վայքում կստանային երեխայի թեստավորման պատասխանը, ստիպված եղան սպասել մի քանի օր։  Պատասխանի ուշ ստացումը փաստացի հետաձգեց ու երկարաձգեց մեկամյա երեխայի բուժման ընթացքը՝ պատմում է մայրը։ Բուժումը հնարավոր էր ավելի վաղ սկսել, մինչդեռ մարզերում թեստավորման ընթացակարգի ու տեխնիկական պատճառների պատճառով ստիպված էին արդեն երեխային Երեւան հասցնել։ Վայքում, օրինակ, ենթադրյալ հիվանդից վերցվող քովիդ-նմուշները նախ հավաքվում են, հետո ուղարկվում Երեւան՝ փորձաքննության, ինչն օրեր է տեւում, ու, որպես կանոն, այդ ընթացքում մարդու առողջական վիճակը կարող է վատթարանալ, իսկ նա կարող է վարակել մյուսներին։ Քրիստինեն որոշեց երեխային Երևանում հոսպիտալացնել, այստեղ մասնագետներն ավելի վստահելի են՝ ասում է։ Խոսելով երեխայի վիճակից՝ Քրիստինեն պատմում է ախտանշանների մասին։

«Թուլություն կար, անընդհատ ոչ ուզում էր ուտել, ոչ շարժվում էր, իսկ ինքը շատ աշխույժ երեխա է։ Թույլ էր, անընդհատ ուզում էր քնել։ Բոլորովին իրեն նման չէր, գլուխը դնում էր և առանց որևէ բանի քնում։ Անընդհատ հոգնած  էր, հիմա փառք Աստծո, կարգավորվում է»։

Քրիստինեի օրինակը փաստում է, որ համապատասխան ենթակառուցվածքներ, օրինակ՝ լաբորատորիաներ չունենալու և մարզային սպասարկման խնդիրներով պայմանավորված՝ մարդիկ նախընտրում են բուժումը մայրաքաղաքում կազմակերպել։  Օրերս կառավարության նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր՝ երկրում քովիդ- պացիենտներին սպասարկում է 27 բժշկական կենտրոն, ընդհանուր առմամբ՝ 3050 մահճակալ, որոնք գրեթե ամբողջությամբ արդեն զբաղված են։

«Այս շտամի առանձնահատություն այն է, որ թե հիվանդության ընթացքի ծանրության, թե վարակելիության և թե տարիքային  առումով մեզ ավելի ու ավելի  ծանր վիճակում է դնում»,- նշում է Ավանեսյանը:

Մասնագետներն արձանագրում են՝ կորոնավիրուսի դելտա շտամը, որն արդեն լայնորեն շրջանառվում է Հայաստանում, շատ ավելի վարակիչ է, ընդ որում՝ երեխաները հիմա ավելի հաճախ են վարակվում ու համեմատաբար ավելի ծանր տանում։ Սրա կողքին երեխաների խնդիրները բարդանում են նաեւ նրանով, որ քովիդը երբեմն համակցվում է ներկայում շրջանառվող շնչառական այլ վիրուսների հետ՝ ասում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։

«Եթե գնահատելու լինենք երեխաների վարակելիությունը, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, ներկան առանձնանում է նրանով, որ կա սովորական սեզոնային շնչառական վիրուսների աճ, և երեխաները երկուսով էլ հիվանդանում են։ Դա ինչ-որ չափով ազդում քովիդի և մյուս վիրուսների հիվանդացության մակարդակի վրա»։

Թոքաբորբ, շնչառական  գանգատներ, փորլուծություն, շատ բարձր և երկար պահպանվող տենդ․ հիմնական ախտանշաններն են, որոնց դեպքում ծնողները երեխաներին տանում են հիվանդանոց։ Ավելի արագ տարածվող, ավելի արագ արտահայտվող դելտա շտամի մասով մասնագետների նոր՝ ուշագրավ դիտարկում ունեն՝ բացատրում է մանկաբույժ Արմեն Սարգսյանը։

«Դրական լուրն այն է, որ ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի առավել վտանգավոր բարդությունը, որը կոչվում է բազմահամակարգային բորբոքային հիվանդություն, դրա թիվը թե Հայաստանում, թե աշխարհում դելտայից հետո այնքան էլ բարձր չի, որքան նախորդ շտամերից հետո»։

Հայաստանում մինչ օրս 0-18 տարեկանների շրջանում անմիջապես քովիդից հետո գրանցվել է մահվան 4 դեպք՝ 1 նորածին և 3 դեռահաս։ Վերջիններս նաև ուղեկցող ծանր խնդիրներ են ունեցել։ Մանկաբույժը շեշտում է՝ համավարակով պայմանավորված վիճակը բարդանում է  սեզոնային շնչառական վարակների հետ զուգորդվելով, իսկ սա վիրուսների տարածման  իդեալական միջավայր է։ Այս պայմաններում առավել, քան երբևէ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները․ խոսքն արդեն երեխաների կյանքը խնայելու մասին է՝ շեշտում է մանկաբույժը։

Ցուցադրել ավելի
Back to top button