ԿարևորՀասարակություն

Գների աճ՝ առանց նվազման միտումների

Սննդամթերքի շուկայում գրանցված գների 11 տոկոսանոց աճը հնարավոր է՝ մինչև տարեվերջ չփոխվի։ Քովիդի հետևանքներ և ճգնաժամ՝ հիմնավորում է էկոնոմիկայի նախարարը, Մրցակցության պետական հանձնաժողովի ղեկավարն էլ վկայակոչում է ոլորտների երկարատև ուսումնասիրությունները։ Բենզինի շուկայից մինչև շաքարավազի ու կարագի ներկրման ոլորտներ՝ գների տրամաբանությունը հասկանալու համար բազմաթիվ վարույթներ են հարուցվել մրցակցության պետական հանձնաժողովում։

Քովիդ 19–ի համավարակը առողջապահությանը զուգահեռ հարվածում է նաև համաշխարհային տնտեսությանը։ Թանկացումների համաշխարհային միտումներից հետ չի մնում Հայաստանը։ Իրականում, սակայն, միշտ չէ, որ գների փոփոխությունը կապված է միջազգային շուկայի հետ։ Օրինակ՝ ձեթը։ Հայաստանում թանկացել է նաև այս ապրանքը, բայց միջազգային շուկայում այն բոլորովին այլ «վարքագիծ» ունի։ Դա պարզվեց մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքից․

«Համաշխարհային շուկայում տեղի է ունեցել փոփոխություն։ Քովիդի պատճառով գյուղատնտեսական սեզոնը չէին կարողացել ամբողջ աշխարհում հավաքագրել, դրա արդյունքում ձեթի գինը բարձրացել էր։ Եթե ձեթի գինը բարձրանում է, Հայաստանում էլ է դա թանկանում։

Հիմա՞ էլ է բարձրացել։

Հիմա իջել է նաև»։

Այս փոփոխությանը հայաստանյան շուկան դեռ չի արձագանքել։ Փոխարենը կարտոֆիլի հայաստանյան շուկան կապ է հաստատում միջազգային շուկաների հետ։ Բարձր գներով պահանջարկ կա, և գյուղատնտեսները իրենց ընտրությունն արդեն արել են։ 40 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, ինչի պատճառով տեղական կարտոֆիլը թանկացել է։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անհիմն է համարում մտավախությունները, թե այսպիսի պայմաններում պարենային անվտանգության խնդիրներ կունենանք։

«Մենք շատ լավ հասկանում ենք այդ խնդիրները, և ես ձեզ վստահեցնում եմ, որ պարենային անվտանգության խնդիր չկա։ Կա գնաճի խնդիր»։  

Պետական մարմինների իրավասություններն ու գործիքակազմը բավարար չեն զսպելու համար թանկացումները, բայց փորձում են հասկանալ պատճառներն ու ձեռնարկել համարժեք քայլեր։ Ներքին գյուղատնտեսական շուկան վերահսկել չեն կարող, չեն կարող նաև թելադրել՝ ֆերմերը իր արտադրանքը էժան գներով Հայաստանի ներսո՞ւմ վաճառի, թե ավելի թա»նկ՝ արտահանի։ Քերոբյանի ներկայացմմամբ՝ դեռ հետևում են իրավիճակին․

«Այդ ընտրությունը մենք չենք սահմանափակում, որովհետև գյուղատնտեսությունը, գիտեք, մի տարի շատ լավ է լինում, մյուս տարի շատ վատ է լինում։ Եթե մեր գյուղացիներն ունեն հնարավորություն շատ բարձր գնով կարտոֆիլ վաճառելու, մենք այդ հնարավորությունից չենք զրկում գյուղացիներին։ Իհարկե, դա ազդում է գնաճի վրա, դա մեզ շատ է անհանգստացնում։ Հենց հիմա իմ տեղակալը գտնվում է Ուկրաինայում, ուր գնացել է Ռուսաստանից։ Ինտենսիվ բանակցություններ ենք վարում, որպեսզի միջազգային պայմանագրերի միջոցով կարողանանք ամրագրել հնարավորինս ցածր գին՝ հիմնական հումքային սննդամթերքների համար՝ ցորեն, եգիպտացորեն, սոյա, որպեսզի կարողանանք ապագայում զսպենք գնաճը»։

Տատանումներ եղել են նաև շաքարավազի շուկայում։ 2-3 ամիս առաջ ներմուծվել էր էժան քվոտավորված շաքարավազ։ Արդյունքում գներն իջել էին, դրանից հետո՝ կրկին բարձրացել: ԵԱՏՄ տարածքում, հիմնականում Ռուսաստանում, շաքարավազի դեֆիցիտ կա, պարզել է մրցակցության պետական հանձնաժողովը։ Գեղամ Գևորգյանի ներկայացմամբ՝ ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել․ որ 3-րդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով՝ կիրականացնեն մինչև դեկտեմբեր։

Հանձնաժողովը արդեն հրապարակել է հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների չարաշահումների մասին: Ուսումնասիրվում է նաև  բենզինի շուկան, բայց վերջին թանկացումների վերաբերյալ տվյալներ դեռ չկան:

«Բենզինը էլի խնդիր է համաշխարհային շուկայում։ Ընդ որում, ես երբեք չեմ ասել, որ դոլարի կուրսի պատճառով է դա լինում։ Դոլարի կամ դրամի կուրսը ընդամենը մի փոքր ֆակտոր է, որ կարող է ազդել գների վրա։ Քովիդի պատճառով սպառում չկար, ծավալները շատ էին, գները իջել էին, հետո որ միանգամից տրանսպորտային ծառայությունները սկսեցին ակտիվանալ, պահանջարկը մեծացավ»։

Այս ոլորտում թանկացումներն առաջիկայում առանձին խորհրդարանական քննարկումների թեմա կդառնան։ Վերջին օրերին բենզինի գինը հատել է 500 դրամի շեմը, բարձրացել է նաև դիզելային վառելիքի գինը։ Էկոնոմիկայի նախարարը նախ պարզաբանում է՝ միջազգային շուկայում է կտրուկ փոփոխություն արձանագրվել, նաև նշում է, որ տնտեսությունը պետք է այնպես ձևափոխել, որ բարձր էներգակիրների պայմաններում մրցունակությունը չընկնի։  Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել՝ արդեն հաջորդ տարի Հայաստանում մի քանի փոքր ընկերություններ կմտնեն շուկա, կունենանք նաև նոր որակի բենզալցակայաններ․

«Այն բենզալցակայանները, որոնք աշխատում են հիմա, հին մեթոդներով աշխատող լցակայաններ են, իսկ աշխարհում ընդունված ստանդարտը ինքնասպասարկումով աշխատող բենզալցակայններն են, որոնք թույլ են տալիս, որ բենզինի գները լինեն ավելի ցածր, քան՝ այն մոդելով, որով հիմա աշխատում են։ Մենք ակնկալում ենք, որ մյուս տարվա ինտերվենցիաների արդյունքում բենզինի մանրածախ գինը ոչ թե մեծածախ գնից կտարբերվի 15–20%–ով, այլ՝ 2–3 %–ով»։

Մրցակցության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների «մանրադիտակի» տակ են հայտնվել նաև կարագի շուկան, օնլայն տաքսիները, հյուրանոցային ամրագրումներով զբաղվող booking.com ծառայություններն ու ՊՇՌ թեստերի ոլորտը։ 1–2 ամսվա ընթացքում ամբողջ պատկերը կերևա՝ ինչ է տեղի ունեցել թեստերի շուկայում, –ասում է Գեղամ Գևորգյանը։  

Համատարած թանկացումների ֆոնին կառավարությունը հաջորդ տարում խոստանում է 7%-ի տնտեսական աճ։ Հաշվարկների մեջ կառավարությունը հույսը չի դրել ոչ հայ–թուրքական սահմանի բացման, ոչ էլ Ամուլսարի ոսկու հանքի ենթադրյալ շահագործման վրա՝ հստակեցնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«Ձեր ասած երկու ֆակտորն էլ հաջորդ տարվա տնտեսական աճի մեջ որևէ կերպ կանխատեսված չեն։ Այսինքն՝ մենք այդպիսի ենթադրություններ չեն ներդրել մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ։ Ըստ էության, մենք բոլորս պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարենք ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին»։  

Ամիսներ առաջ նախարարի պաշտոնը ստանձնելիս՝ Վահան Քերոբյանը խոստանում էր այս տարին ևս փակել երկնիշ տնտեսական աճով, հակառակ դեպքում ծրագրում էր հրաժարական տալ։ Այսօր նա հստակեցնում է՝ որոշ ճյուղերում երկնիշ աճ գրանցվել է, բայց որպեսզի խոսքերը չընկալվեն մանիպուլյատիվ, խոստացավ հրաժարականի թեմային անդրադառնալ տարվա ավարտին՝ վերջնական տվյալները ամփոփելուց հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button