ԿարևորՀասարակություն

Արևշատում բանակ ճանապարհում են հուշակոթողի մոտից, չվերադարձածների համար հուշաքար են կանգնեցնում

Շիրակի մարզի Արևշատ համայնքում  44 օրյա պատերազմում զոհված  տղաների հայրերը որդիներին նվիրված հուշաքար են բացում՝ կամավորական Պողոս Խաչիկի Մելիքյան ու շարքային Պավել Միհրանի Սահակյան։ Արևաշատից պատերազմ մեկնեցին 125-ը, 4-ը վիրավոր վերադարձան, երկուսն  անմահացան, իսկ մեկին՝ Ռաֆիկ Հովսեփյանին, դեռ սպասում են։

Շիրակի մարզի Արևշատը գյուղում ավանդույթ  կա․ գյուղի երիտասարդներին  բանակ ճանապարհում են գյուղամեջից,   հուշակոթողի մոտից։  Ժամկետային զինծառայող Պավել Սահակյանին ու կամավորական Պողոս Մելիքյանին  էլ տարիներ առաջ հենց այստեղից բանակ ճանապարհեցին։  Նրանց ծնողները սակայն  այսօր բացում են արդեն  իրենց որդիների  հիշատակին նվիրված հուշաքարը։

Գյուղում հուշակոթող ունենալու գաղափարը արևշատցի Գոռ Սարգսյանինն է․ «Սարքել եմ ոչ թե սգալու, այլ հպարտանալու համար: Յուրաքանչյուրի համար հայրենասիրության պատգամ թող լինի սա»:

Հոկտեմբերի 30–ին Պավելը կդառնար 21 տարեկան։ Բանակ գնաց Գյուղակադեմիայից՝ գինեգործություն էր ուսումնասիրում։ Ծառայում էր   Մեղրիում։  Ջրական տեղափոխվելու լուրը մինչև վերջ  ընտանիքի անդամներից  գաղտնի է պահել: Պավելից հեռախոսային հաղորդագրություն-նամակ վերջին անգամ հոկտեմբերի 9-ին  քույրն է ստացել․

«Հոկտեմբերի 9-ին չէր զանգել, բայց գրել էր: Միշտ գրում էր՝ քույրս, ամեն բան լա՞վ է: Ասում  էի՝ ամեն ինչ լավ է, դուք լավ եղեք: Ու ոչ մի բան չէր ասում՝ որտեղ է ինքը»,- պատմում է Ալինան:

Հենց նույն օրն էլ Ջրականում ԱԹՍ-ի հարվածից  զոհվել են Պավելն ու զինակից ընկերները՝ 18 զինծառայող:

Ալինան պատմում է, որ   Պավելը  առանձնահատուկ կերպով էր սիրում իր ծննդյան օրը, ինքն այս տարի եղբոր համար  անակնկալ էր  պատրաստել, բայց նպատակին չհասցրեց․ «Տեսանյութ էի պատրաստել, որտեղ անծանոթ մարդիկ պարզապես շնորհավորում էին Պավելին»։

Մարինե Մելիքյանը Պողոսի մայրն է։ Պողոսը մեկնեց կամավոր։ Նրա եղբայրը  զինհաշմանդամ է։ Մայրը պատմում է՝ եղբայրը չէր ուզում, որ Պողոսը մեկներ ճակատ, մի քանի անգամ նույնիսկ խոչընդոտել է գնալուն։ Բայց Պողոսը բուժակ էր ու որոշեց գնալ, թեպետ ընտանիքի աշխատող ձեռքն էր։ Ասում էր՝ չկ՛ա  հայրենիք, չկա՛ ընտանիք։

23 –ամյա բուժակ Պողոսը  Արցախի տարբեր հատվածներում  կռվեց ու նահատակվեց բերդաքաղաք Շուշիում, պատերազմի վերջին օրը՝ վերջին պահին: Մայրը հիշում է․ «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 3-ին զանգեց, ըսավ՝ մա ջան, դու առյուծ տղա ես ծնել, բերել: Ասեցի՝ ընչի կսես, տղես, ինքն էլ, թե՝ մա ջան, 10 զինվոր եմ փրկել շրջափակումից։ Ես ամեն վայրկյան եմ իմ տղայի հետ: Աչքերս բացելուց կըսեմ՝ բարի լույս, Պողոս ջան, քնելուց կըսեմ՝ բարի գիշեր, իմ Պողոս»։

44–օրյա պատերազմին մասնակցել է 125 արևշատցի։ 4-ը վիրավորված եկան տուն։ Երկուսը՝ Պավելն ու Պողոսն անմահացան, իսկ Ռաֆիկ Հովսեփյանին դեռ սպասում։

Նա պատերազմից 6 ամիս առաջ էր  ամուսնացել։  Ծառայում էր Մեղրիի զորամասում, ավագ լեյտենանտ էր։ 2020 թ–ի  հոկտմբերի 5–ից Ռաֆիկից լուր չկա։ Հայրն ասում է՝ պատկան մարմինները իրենցից են ուզում լուր իմանալ․

«Ավելի շատ մեզանից են ուզում  լուր իմանան։ Չգիտեմ՝ որ մեկից պատմեմ՝ ՊՆ, Կարմիր խաչ»։

Կինը՝ Կարինե Կուրղինյանը, պատմում է  ամուսնու հետ հավասար ծառայում էր,սպասում էր այնքան, մինչև Ռաֆիկը տուն էր գալիս․

«Պատերազմի նախորդ օրը տուն եկավ ռացիայով։ Հարցրի՝ ինչո՞ւ ես բերել, ասաց՝ հեչ, ուղղակի։ Հասկացա, որ մի բան այն չէ, ուղղակի ուշադրություն չդարձրի։ Առավոտյան զանգեցին, կանչեցին զորամաս։ Սովորաբար շորերը կիրակի էի լվանում, արդուկում, բայց այս անգամ մեկ օր շուտ էի արել»։

Կարինեն այժմ Ռաֆիկենց տանն է ապրում։ Միասին սպասում են․ ինքը՝ ամուսնուն, ծնողները՝ իրենց որդուն։

Ցուցադրել ավելի
Back to top button