ԿարևորՀասարակություն

Այցելություն Արատեսի դպրական կենտրոն

Հոկտեմբերի 30-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինության  հրավերով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն այցելել են Վայոց ձորի մարզի Արատես գյուղում գտնվող կրթահամալիրի ճամբարային  դպրական կենտրոն:

Գեղեցիկ ու տրամադրող միջավայրում՝ խարույկի շուրջ նախարարի, փոխմարզպետի, կրթահամալիրի սաների, ուսուցչական կազմի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի, «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների, Բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրենի և անտառագետ մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել բնապահպանական և շրջակա միջավայրի ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է դրանց լուծմանն ուղղված պետական  քաղաքականությունը, կյանքի կոչված բարեփոխումները և իր խոսքում նշել է.

«Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին և կրթահամալիրի ուսուցչուհի, նախագծային խմբի ղեկավար Մարտա Ասատրյանին: Տպավորված եմ իրականացված աշխատանքի որակով և ծավալով:

Ավելի կանաչ ու գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալու մեր տեսլականին հասնելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման գործընթացն ավելի որակյալ կազմակերպելու նպատակով շատ կարևոր է  հանրապետությունում էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը։ Այս համատեքստում չափազանց կարևոր են բնագիտական ուղղվածության միջոցառումներն ու ճամբարները, որոնք կազմակերպում է կրթահամալիրը» :

Հարցուպատասխանի ձևաչափով հետաքրքիր քննարկում է եղել և նախանշվել է կրթահամալիրի հետ հետագա համագործակցության ուղիները:

Երևանի «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ ներկաները շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին և դպրոցի կողմից առաջարկվող ծրագրերին ու հնարավորություններին:

Փոխմարզպետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և իր խոսքում հավաստել մարզային իշխանության աջակցությունը Արատեսի դպրական կենտրոնի աշխատանքներին։ Դավիթ Սարգսյանը Կրթահամալիրի սաների հետ ունեցել է առանձին զրույցներ, հետաքրքրվել է նրանց առօրյայով և նախասիրություններով։

Ցուցադրել ավելի
Back to top button