ԿարևորՄշակույթ

Վերդիի «Աիդա»-ն կրկին Օպերային թատրոնի բեմում է

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ է վերադառնում հռչակավոր իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերային ներկայացումը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրաված է թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քան 350 աշխատակից:  Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով:

Օպերային թատրոնի կուլիսներում ենք։ Վերդիի «Աիդա» օպերան երկար դադարից հետո  բեմ է վերադառնում։ Բեմադրիչն իտալացի Մարիո Կորրադին է․ նա ավելի քան 50 ներկայացում է բեմադրել։ Հերթական բեմադրությունից առաջ անհանգիստ է։

Մարիո Կորրադի․ «Այս օպերային թատրոնը ունի եզակի առանձնահատկություն՝  իր բեմով, իր ամբողջ էությամբ։ Բեմը ֆանտաստիկ  է,  այն  հնարավորություն է տալիս ռեժիսորական հետաքրքիր լուծումներ գտնել։ Վերդին  ասում է, որ «Աիդա»–ն պատմական  ու հաղթական օպերա է, բայց այն նաև անձնական կյանքի պատմություն է, տիպիկ սիրային եռանկյունի»։

Ջուզեպպե Վերդիի  «Աիդա» օպերան  Հայաստանում  առաջին անգամ բեմադրել է Արմեն Գուլակյանը՝ 1941 թվականին։ Ներկայացումը թատրոնի խաղացանկում մնաց   մինչև խորհրդային շրջանի ավարտը։ Անկախ Հայաստանում Կորրադին «Աիդա»–ն բեմադրել է  2010 թ–ին։  Այսօր չորս գործողությամբ վերաբեմադրված ներկայացմանը մասնակցում է թատրոնի 350–ից ավելի աշխատակից:

«Աիդա» օպերան գրվել է եգիպտական կառավարության պատվերով, Սուեզի ջրանցքի բացման առթիվ։ Քրմեր, քրմուհիներ, պալատականներ, զինվորներ, սպասավորներ, ստրուկներ և գերեվարված եթովպիացիներ․ գործողություններն ընթանում են Եգիպտոսում՝ փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո պատմությունն է։

Հովհաննես Այվազյան. «Այս դերը իմ սիրված  դերերից  է, քանի որ շատ հերոսական  է։ Սիրում եմ ոչ թե նրա համար, որ նա հերոս է ու զորավար, այլ որովհետև կյանքում էլ, մարտադաշտից դուրս, նա նորից հերոս է ու հանուն սիրո գնում է մահվան»։

Օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը «Աիդա»–ում քրմապետ է խաղում 2010 թ-ից։  Դերը շատ է սիրում, բայց միայն բեմում կուզեր քրմապետ լինել։ «Ինձ ձգում է քրմապետի դերը, որպես քրմապետ շատ լավ եմ զգում։ Կարողանում եմ ղեկավարել, կառավարել>։

Եթովպիայի թագավորի՝  Ամոնասրոյի, Աիդայի հոր կերպարը մարմնավորել է  ՀՀ վաստակավոր արտիստ  Գևորգ Հակոբյանը։  Նա այս դերերգն  առաջին  անգամ կատարել է Վալենսիայում, Ռեյնա Սոֆիայի թագուհու անվան  թատրոնում։

«Ամենակարևոր պահը բեմի վրա հնչող երաժշտություն է,  ու այն մթնոլորտը, որը տիրում է բեմի վրա։ Դա շատ է օգնում   արտիստին։ Ամենասիրած դերս մի գուցե չեմ երգել, բայց այն դերերը, որ երգել եմ, շատ հոգեհարազատ են»։

«Կատարողական առումով «Աիդա»–ի դերերգը  բավականին բարդ է»,–խոստովանում է վաստակավոր արտիստ, Աիդայի դերակատար Մարինե Դեինյանը։

«Տասը տարվա դադարից հետո դուրս գալ նորից բեմ․․․կարծես առաջնաբեմ լինի, շատ հուզիչ է։ Շատ սիրում եմ այս ներկայացումը, շատ բարդ օպերա է ու շատ գեղեցիկ։ Համարվում է աշխարհի գլուխգործոցներից մեկը»։

Նարինե  Անանիկյան. «Ես այսօր ներկայանում եմ Ամներիսի դերերգով։ Ամներիսը Աիդայի հակառակորդն է։  Մենք երկուսս սիրահարված ենք զորավար Ռադամեսին,Ռադամեսը սիրում է Աիդային,իսկ ես սիրում եմ Ռադամեսին։ Սիրային եռանկյունի։ Դերը պարզապես մեցցո սոպրանոների երազանքն է, ֆանտաստիկ երաժշտություն է։ Շատ դրամատիկ պարտիա էմարմնավորելու համար»։ 

Ներկայացման երաժշտական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button