ԿարևորՀասարակություն

Սյունիքի բժշկական կենտրոնները թթվածնի կարիք ունեն

Սյունիքում մեկ շաբաթում կորոնավիրուսով հիվանդացել է 348 մարդ, գրանցվել է 12 մահ, առողջացել է 219 մարդ։ Մարզի բժշկական կենտրոններում թթվածնի կարիք կա․ լցակայանները չեն հասցնում թթվածին մատակարարել։ Հարցը հրատապության կարգով քննարկվել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ուրբաթ օրը կայացած նիստում։

Մեկ շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 348 նոր դեպք։ Այս պահին 76 մարդ բուժվում է Կապանի,  29-ը՝ Գորիսի բժշկական կենտրոններում։ Նրանցից 14–ը  ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 61–ը՝  թթվածնակախյալ է։ Կապանի բժշկական կենտրոնի թերապևտ, կորոնավիրուսային բաժանմունքի բժիշկ Նարինե Գրիգորյան․

«Քանի որ բաժանմունք ընդունում ենք ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, նրանց մեծ մասը ունի թթվածնի կարիք։ Հիմնախնդիրներից մեկը թթվածնի սղությունն է։Թթվածինը ծախսվում է ավելի շատ, քան մեզ մատակարարում են թթվածանային կայանները»։

Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի  ուրբաթ օրը կայացած  նիստում՝ որոշվեց  մարզի բժշկական կենտրոնների համար   թթվածնի խտացուցիչներ ձեռք բերել։  Հանձնաժողովի անդամ, Սյունիքի մարզպետարանի  գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյան։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված խնդիր է առաջանում թթվածնային բալոնների օպերատիվ լիցքավորման, և քանի որ ողջ հանրապետությունում ծայրահեղ վիճակ է, մարզի կայաններում չեն հասցնում լիցքավորել բալոնները, որոշեցինք մարզի բժշկական կենտրոնների համար ձեռք բերել խտացուցիչներ, որոնք հնարավորություն է տալիս փոխարինել թթվածնային բալոններին։ Դրանք կօգտագործվեն ֆորշ-մաժորային դեպքերում, երբ չունենանք թթվածնային բալոններ։ Մինչև օրս նման վիճակ չենք ունեցել։ Փորձում ենք կանխարգելել և իրավիճակը վերահսկել»։

Կապանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում այս պահին ազատ մահճակալ չկա։ Առավել թեթև հիվանդներին մեկուսացրել են տներում։  Ներկայումս մարզում  618 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։Նարինե Գրիգորյան

«Կապանի կորոնավիրուսային բաժանմունքում ի սկզբանե նախատեսված է եղել 85 մահճակալ, բայց հիվանդության աննախադեպ աճի պայմաններում ևս 30 մահճակալ ավելացրել են»։

Մարզային իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ավելացնել մահճակալները։  Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյան․

«Քովիդ բաժանմունքներ ներկայումս գործում են Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններում, բայց քանի որ մահճակալային ֆոնդը սպառվում է, մենք պատրաստ ենք մարզի բոլոր հիվանդանոցներում բացել կորոնավիրուսային բաժանմունքներ»։

Ինչ վերաբերում է պատվաստումներին, այս պահին  մարզում պատվաստված 24 684 քաղաքացիներից առաջին դեղաչափն ստացել է 16 735-ը, որը մարզի 18-ից բարձր տարիքի  բնակչության 18․4 տոկոսն է։ Սա, ըստ Էդգար Մարտիրոսյանի՝ գոհացուցիչ չէ․

«Զուտ սուբյեկտիվ, իմ կարծիքով, սա լավ ցուցանիչ չէ։ Չգիտեմ այս պահին հանրապետությունում ինչքան է պատվաստվումների ցուցանիշը,  բայց վերջին օրերին Կապանի պոլիկլիկայում նկատվում է պատվաստվող ցանկացողների հերթ ։ Սա ինձ համար ցուցիչ է, որ մենք կարողանում ենք գնալ այն ճանապարհով, որ մարդիկ հասկանում են պատվաստվման կարևորությունը, գիտակցում են, և պատվաստման գործընթացի տեմպերն արագանում են»։

Մարզի բուժհաստատատություններում աշխատողները պատվաստված են, սակայն  ներկայումս  կան հիվանդ բուժաշխատողներ, իսկ սպիտակ բանակը համալրել չի լինում։ «Ցավոք, պակաս բժիշկների քանակը  համալրել չի լինում, ուղղակի մենք աշխատում ենք ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։  Ունենք սահմանափակ թվով հերթապահող բժիշկներ, հաշվի առնելով, որ պոլիկլինիկական ծառայությունը ևս ծանրաբեռնված է, բժիշկները չեն հասցնում աշխատել ե՛ւ պոլիկլինակններում, ե՛ւ հերթապահել կորոննավիրուսային բաժանմունքում»,-ասում է Նարինե Գրիգորյանը։

Նարինե Գրիգորյանը նաև նոյեմբերի 14-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ընտրացուցակի երրորդ համարն է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ համարյա չի ունենում։ Ասում է՝ իր համար ամենալավ քարոզարշավը կորոնավիրուսով հիվանդների թվի նվազումը կլինի, բոլորին էլ խորհուրդ է տալիս պատվաստվել։

Ցուցադրել ավելի
Back to top button