ԿարևորՔաղաքական

«Ուժայինները» ԱԺ–ում էին․ սահմանը երկարել է, պետք է աջակցել Զինված ուժերին

Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են  2022թ․ բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր խորհրդարանում են եղել «ուժային» կառույցների ներկայացուցիչները։ «Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործ» տողով նշված ոլորտին  հաջորդ տարի  կուղղվի  շուրջ 520 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի  24%-ը: Աճը նախորդ տարվա հատկացումների համեմատ 10.7% է:

Փոփոխված  իրողությունները, սակայն,  ուժային կառույցների ներկայացուցիչներին ստիպել են խոսել ոչ թե ապագայի, այլ՝ ընթացիկ իրավիճակի ու առկա խնդիրների մասին։ Ոլորտի պատասխանատուներին ուղղված  գրեթե բոլոր հարցերը վերաբերել  են  սահմանային իրավիճակին։  

Սյունիքի սահմանային խնդիրները  բազմաթիվ պաշտոնյաների  ստիպում են  հնարավորինս արագ լքել այն տարածքը, որտեղ լրագրողներ կան, ու հարցերը հենց այդ խնդիրների մասին են։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը և պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը նույն ձևակերպմամբ են պատասխանում  լրագրողներին․

 «Ոչ մի հարցի չեմ պատասխանում։ Բարի եղեք, գնացեք»։

 «Նման հարցի ես իրավասու չեմ պատասխանելու»։

«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ես կոմպետենտ չեմ»։

Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի գնահատմամբ՝  Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն անվտանգ է,  չնայած հանգամանքին,  որ այդ հատվածում ադրբեջանցի զինվորականների և հայ քաղաքացիների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը վստահեցնում է․«Անցած օրն եմ ես եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է՝ այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն․․․»։

Ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան չշարունակեց խոսքը, ի պատասխան հիշեցումների՝ սեպտեմբերին զինված ու դիմակավորված ադրբեջանցիները Արցախցի պատանիների ավտոբուս էին կանգնեցրել, սպառնալից քարոզչությամբ զբաղվել, դանակով քերել մեքենայի վրա պատկերված Արցախի դրոշը։ Դրանից հետո այլ դեպքեր էլ են եղել։ Այն, ինչ ֆիքսել էին տեսախցիկները և տարածվել էր համացանցում, պաշտոնյայի համար, պարզվում է, անհասանելի է․

«Նման տեղեկություն ես չունեմ»։   

Վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունների մասին ավելի բաց խոսում է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Հատկապես սահմանամերձ  դարձած տարածքներում ոստիկանական ուժերը սկսել են չբավարարել, պատերազմից հետո ավելացել է իրավապահների  աշխատանքի ծավալը՝ ճանապարհների անվտանգությունն են ապահովում, ուղեկցում են մարդկանց։  

 «Ցավոք, այո, նման տեղեկատվություն շրջանառվել է։ Այն հատվածում, որը Ոստիկանության գործառույթներից և լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում, մեր գործողությունները պետք է կանոնակարգվեն միջազգային փաստաթղթերի հիմա  վրա։ Այսինքն՝ ճանապարհի այն հատվածը, որը ՀՀ տարածքում չի դիտարկվում և այդտեղ, եթե որոշակի դեպք տեղի է ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում Ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում և այո, այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք, և մեր Ոստիկանությունը այնտեղ իրականացրել է համապատասխան միջոցառումներ»։

Լրագրողներին չէ, բայց պատգամավորներին ԱԱԾ փոխտնօրենը պատմեց այն խնդիրների մասին, որոնց առնչվում են զինծառայողները, իր ձևակերպմամբ, «հարավային սահմանից հետ քաշվելուց հետո»։

«Կանգնած են Սյունիքի տարածքում և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել։ Թվաքանակի մասին չասեմ, բայց բավականին մեծ քանակությամբ զինծառայողներ են և այս պահին դուք գիտեք՝ ինչ պայմաններում են ծառայություն իրականացնում։ Հաճախակի պայմաններ դեռ չունենք, այնտեղ կառուցվում են նոր ուղեկալներ։ Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ»։

Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը լրագրողներին  վստահեցնում է՝ սահմանային նոր դիրքերում զինծառայողները խնդիրներ չեն ունենա։ Այս պահին արդեն լուծված է վրանների հարցը՝ ասում է։  

«Որևէ զինծառայող չի մնա վրաններում, բոլորը ապահովված կլինեն պատշաճ պայմաններով։ Ինտենսիվ աշխատում ենք, որ որևէ պրոբլեմ չլինի»։

Սահմանային իրավիճակին ծանոթանալու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները վերջերս եղել են սահմանի արևելյան հատվածում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ արձանագրել են․

«Սահմանների երկարությունը փոխվել է, բովանդակությունն է փոխվել, ու Զինված ուժերը միայնակ չի կարող ամբողջ ծավալով ծառայություն տանի, ինժեներական կառույցներում աշխատանք տանի։ Ես կարծում եմ` մեր հասարակության ինչ-որ շերտեր՝ ուսանողներ և այլն, ասում  ենք՝ մենք բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական, վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական  աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանալ։ Սա պարզապես հայտարարության տեսքով եմ անում»։  

Զինված ուժերի  «բեռը» թեթևացնելու համար Ոստիկանության համակարգում նոր նախաձեռնություն է նախապատրաստվում։ Նախատեսվում է ստեղծել Ազգային գվարդիա, որը հնարավոր է օգնության ձեռք մեկնի ԶՈՒ–ին։ Թեև նախագիծը խորհրդարան դեռ չի բերվել, բայց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դեմ է․

«Ինձ համար նախընտրելի է, որպեսզի Զինված ուժերը, բանակային կորպուսները կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը կարողանան ամբողջությամբ ապահովել սահմանի անվտանգությունն, ու Ոստիկանության զորքերի ներգրավման անհրաժեշտություն չլինի»։

Ոստիկանության զորքերը ենթարկվում են  ոստիկանության պետին։ Գվարդիայի դեպքում  մոտեցումն այլ է լինելու։ Փոխոստիկանապետը խոստովանում է՝ քննարկումների առանցքում հենց այս հարցն է, բայց նաև վստահեցնում է՝ «ունենալու ենք լավագույն տարբերակը»։ ֆիդանյանի ներկայացմամբ՝ պատերազմն ապացուցել է, որ Ոստիկանությունը հարկ եղած դեպքում կարող է մասնակցել երկրի պաշտպանությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button