ԿարևորՀասարակություն

Մարտի դաշտից՝ բուհ․ պատերազմի մասնակիցները ուսման վարձի փոխհատուցում կստանան

Հունվարից սկսած՝ մարտական գործողությունների ավելի քան 4000 մասնակից ուսանողներ արդեն մեկ կիսամյակի ամբողջական փոխհատուցում են ստացել։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին զորացրված մարտական գործողությունների մասնակիցները 1400–ն են։  Կառավարության որոշման համաձայն՝ նրանք ևս փոխհատուցում կստանան։

Մարտական գործողություններին մասնակցած ուսանողներն ուսումնառության ողջ ընթացքում ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան, կառավարության նոր որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 29–ից,– «Ռադիոլուր»–ին հայտնեց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։

Եթե գործող կարգով ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուստարվա արդյունքներով բարձր առաջադիմություն դրսևորած սովորողները, օրենքով սահմանված ուսանողական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանային համայնքների ուսանողները, ապա կառավարության նոր որոշմամբ կկարգավորվի մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրով ընդունված 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, ինչպես նաեւ կամրագրվեն առաջադիմության շեմեր, որոնց նպատակն է խրախուսել սովորողների առաջադիմությունը։

«Նախորդ կարգի հետ տարբերությունը առաջադիմության սահմանումն է՝ երկրորդ և հաջորդ կուրսերի համար։ Ընդ որում՝ առաջին կուրսում սովորողների համար կառավարությունը հիմք է ընդունել, որպես առաջադիմության շեմ, ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները։ Բուհերին դիմելու գործընթացն արդեն մեկնարկել է, ուսանողները կարող են դիմել իրենց բուհերին, բուհերը կհավաքագրեն համապատասխան տվյալները, և ուսանողները կստանան իրենց ուսման վճարի զեղչերը»։

Պատերազմից անմիջապես հետո կառավարությունը որոշեց փոխհատուցել մեկ կիսամյակի ուսման  վարձը, իսկ այժմ, արդեն օրենքի ուժով, մարտական գործողությունների մասնակիցները կարող են հավակնել ուսման վարձի 50-70 տոկոս փոխհատուցման․

«Հունվարից սկսած՝ ավելի քան 4000 մասնակից ուսանողներ արդեն մեկ կիսամյակի ամբողջական փոխհատուցում ստացել են։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին զորացրված մարտական գործողությունների մասնակիցների թիվը 1400 է։ Նրանք ևս կստանան փոխհատուցում։ Փոխհատուցում կստանան նաև 2-րդ, 3-րդ և բարձ կուրսերում սովորող մարտական գործողությունների մասնակիցները՝ արդեն առաջադիմության հաշվառմամբ»։

Մինչ բարձրագույն և հետբուհական վարչության պետի տեղակալը ներկայացնում է կառավարության նոր որոշումը և շահառուների ցանկը՝ ԵՊՀ–ում լուրեր են շրջանառվում, թե այս ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերից, Երևանի պետական համալսարանը հրաժարվում է զեղչել 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը։ Ընդ որում, եթե սեպտեմբերի ընթացքում ուսանողներին ասում էին՝ սպասեն, քանի որ դեռևս վերջնական որոշում չկա, ապա վերջին երկու շաբաթում նրանց պարզապես մերժում են։ Հիմք ունե՞ն, արդյոք, այս  խոսակցությունները, և արժե՞, որ ուսանողները մտագովեն դրանցից․ ԵՊՀ լրատվական վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը «Ռադիոլուր»ին հավաստիացրեց, որ խոսակցություններն անհիմն են։ Գործընթացն արդեն իսկ սկսված է․

«Փաստաթղթերի հավաքագրումը մեզ մոտ արդեն սկսված է։ Պետական համալսարանը առաջնորդվում  է կառավարության սահմանած կարգով, այն է ՝ հավաքագրում է այդ ինֆորմացիան, ուղարկում է նախարարություն։ Իսկ ահա վարձավճար փոխհատուցումը նախարարությունն է տրամադրում, հետևաբար,  փոխհատուցման որոշումը նախարարությունն է կայացնում։ Յուրաքանչյուր ուսանողի դիմում ԵՊՀ–ում առանձին քննարկվում է։ Քննվում են դրա հիմքերը և, ըստ դրանց, ուսանողներին տրվում են համապատասխան աջակցություններ»։

Եթե նույնիսկ ուսանողները վարձավճարների մի մասն արդեն վճարած լինեն, համապատասխան որոշումից հետո գումարը կվերադարձվի նրանց,–հավաստիացրեց Ազնիվ Գրիգորյանը։

Ուսման վարձի փոխհատուցման արտոնությունները տարածվում են նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button