ԿարևորՄշակույթ

Բեռլինի պատմության թանգարանի ներկայացուցիչներն այցելե էին Հայաստան

Հոկտեմբերի 25-28-ը Հայաստանում էին «Բեռլինի թանգարանների միությանը» պատկանող «Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի» տնօրեն, պրոֆեսոր Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող, դոկտոր Մանֆրեդ Նավրոթը:

Այցն իրականացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համագործակցությամբ:

Այցի հիմնական նպատակը 2024 թ. Բեռլինում հայկական մշակույթի ցուցահանդեսի կազմակերպումն էր:

Գերմանացի մասնագետները հանդիպել են Հայաստանի պատմության, Երևանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Մատենադարանի՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենների և մասնագետների հետ, հանգամանորեն ծանոթացել թանգարանների մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, կարծիքներ փոխանակել և քննարկումներ իրականացրել:

Գերմանացի մասնագետներն այցելել են նաև Զվարթնոց, Գառնի, Դվին պատմամշակութային, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարաններ, ինչպես նաև Գեղարդավանք և Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայր:

Այցի ավարտին գերմանացի մասնագետները մեկ անգամ ևս արժևորել են հայկական հարուստ մշակութային ժառանգությունը` նշելով այդ ժառանգության հանրահռչակման և հետագա համագործակցության շարունակականության կարևորությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button