ԿարևորՏնտեսական

Ատոմակայանը վերսկսել է թթվածնի արտադրությունը

Հայաստանում էներգետիկ ճգնաժամ չի եղել,  եղել են ժամանակավոր դժվարություններ՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել  է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի աշխատանքի հնգամսյա դադարին։

Մայիսի 15-ից փակված ՀԱԷԿ–ը հոկտեմբերի 17–ից վերսկսել է աշխատանքը։  Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ավելի վաղ «Ռադիոլուր»–ին ասել էր, թե մայիսից հոկտեմբեր ժամանակահատվածն էներգետիկ առումով ամենաբարդն է լինելու։ Մեր բնակիչները երկարատև անջատում կամ խափանում չեն ունեցել՝ ասում է Վարդանյանը։

Ատոմակայանն այս տարի 156 օր չի աշխատել։ Ամեն տարի 45 օր դադարը  նախատեսվում է վերանորոգման աշխատանքների համար։ Դրանից ավելին արդեն ատոմակայանի  կյանքի երկարաձգման համար է։ Հակոբ Վարդանյանը կարծում է, որ 2022 թվականի ապրիլին ՀԱԷԿ-ը կրկին կկանգնի, բայց մինչև  2026 թվականն այլևս նման երկարատև կանգառ չի ունենա։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նոյեմբերի կեսերին Հայաստան է ժամանելու ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Քննարկվելու են գործող ատոմակայանի  գործունեության ժամկետի երկարաձգման և նոր ատոմային բլոկի կառուցմանը վերաբերող հարցեր։  

Օրերս առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ ատոմակայանը սկսել է կորոնավիրուսով վարակված հիվանդների համար թթվածին արտադրել։ ՏԿԵ փոխնախարարը մանրամասնում է՝ թթվածնի արտադրությունը հիմնական գործառույթ չէ, բայց ատոմակայանն ունի արտադրամաս, որը վճարովի ծառայություն չի մատուցում, բայց անհրաժեշտության դեպքում սկսում է թթվածին արտադրել։

Ցուցադրել ավելի
Back to top button