ԿարևորՎերլուծական

Էրդողանի վարկանիշն ընկում է, ընդդիմությունը կարող է միավորվել

Նոյեմբերին Էրդողանը պատրաստվում է հայտարարել Թյուրքական միության ստեղծման մասին։ Նա շարունակում է խոսել իր ծավալապաշտական  նկրտումներից, ինչը, թվում էր, թե պետք է նպաստեր նրա վարկանիշի բարձրացմանը։ Հարցումները վկայում են, որ Էրդողանի վարկանիշն երկրում  նվազել է, ավելին, 2023 թվականի ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմությունը միասնական թեկնածուով  ներկայանալու հարց է քննարկում։

Էրդողանը ջանքեր է գործադրում, որպեսզի իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը մեջլիսում մեծամասնություն կազմի։

Թուրքիայում 2023 թվականին սպասվող ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերն արդեն դիրքավորվում են։ Այդ տրամանաբության մեջ  թերեւս պետք է դիտարկել ներքաղաքական ակտիվ քննարկումներն ու Էրդողանի հասցեին հնճող քննադատությունը։ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլն ու նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մատնացույց են անում Էրդողանի կործանարար քայլերը։ Մասնավորապես, Դավութօղլուն հայտարարում է, որ Պուտինի հետ բանակցություններում Էրդողանը պարտվել է։ Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի վարկանիշն ընկնում է, նույնիսկ զիջում է ընդդիմադիրներին։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ասում է՝ չի բացառվում, որ 2023-ի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր բոլոր թեկնածուները համախմբվեն  ընդդեմ Էրդողանի։

Հարցն, ամեն դեպքում, քննարկվում է․ «Այո, օբեկտիվորեն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշն ընկնում է։ Այսօր այն 30%  է կազմում, ինչը պայմանավորված է տնտեսական վատ վիճակով։ Լիրան Թուրքիայում անկում է գրանցում։ Ընդդիմությունը տեսնում է, որ վարկանիշն ընկնում է ու սկսում է զուգահեռաբար ակտիվանալ եւ միասնական թեկնածուի հարց է առաջ քաշում»։

Քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը դժվար թե դաշինք կազմի քրդամետ ուժերի հետ,-նկատում է թուրքագետը,-սակայն միասնական թեկնածուով ներկայանալը կարեւոր է նախկին նախագահի ու նախկին արտգործնախարարի համար։ Դավիթօղլուի ու Գյուլը ձայները չեն կարող շատ լինել, հետևաբար, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, քննարկումները ծավալվում են հանրության համար առավել  ընդունելի տարբերակի շուրջ․

«Թուրքիան լքած քաղաքական գործիչները, լրագրողները սկսեցին քննարկել միասնական թեկնածուի հարց։  Էրդողանից ազատվելու հարց կա ներքաղաքական դաշտում, եւ նրանք կանգ են առել Պն Հուլուսի Աքարի թեկնածության վրա, որը կարող է միասնական թեկնածու լինել»։

Էրդողանը հասկանում է, որ իր շանսերը նվազել են, դրա համար փորձում է նվազեցնել խորհրդարան անցնելու շեմը՝ 10 տոկոսը դարձնել 7․ սա նոր նախաձեռնություն է․

«Էրդողանն այնպես է ուզում անել, որ փոքր կուսակցությունները մտնեն մեջլիս, որպեսզի դրանց  հետ դաշինք ձեւավորի՝ ի շահ «Արդարություն ու զարգացում» կուսակցության»։

 Թուրքիայում տիրող հասարակական տրամադրությունները, սակայն, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, այսօր այնքան էլ հասկանալի չեն՝ մի պարզ պատճառով․ Էրդողանը գյուլենականների մեծաթիվ բանտարկություններով վախի մթնոլորտ է ձեւավորել երկրում, եւ մարդիկ զգույշ են իրենց մտքերն արտահայտելու հարցում։

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ խոսելով հասարակության տրամադրության մասին՝ վկայակոչում է հարցումները։ Դրանք վկայում են, որ Էրդողանի վարկանիշը Թուրքիայում  ընկել է։ Եվ պատճառը ոչ թե նրա ծավալապաշտական վարքագիծն է, այլ տնտեսական բարդ իրավիճակը։

Սպասելիքները 2023 թվականի ընտրություններից օրեցօր մեծանում են, դժգոհություններն Էրդողանից՝  շատանում։ Գոչունյանն ասում ՝ եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա հերթական ընտրությունները շատ բարդ են լինելու, քանի որ Թուրքիայի տնտեսական վիճակը վատ է․

«20  տարվա ընթացքում ամենավատ տնտեսական վիճակում է գտնվում Թուրքիան։ Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա թուրքական ընդդիմությունը հաջողության հասնելու մեծ հավանականություն է տեսնում»։

Ինչ կփոխվի Թուրքիայում, եթե Էրդողանը  ընտրություններում ձախողվի, և իշխանության գան քեմալականները։ Արա Գոչունյանի կարծիքով՝ Հայաստանի համար էական փոփոխություններ ակնկալել պետք չէ․

«Ոչ մի փոփոխություն էլ չի լինի՝ քեմա՞լ, թե՞ Էրդողան ընտրության դեպքում։ Հայերի նկատմամբ վերաբերմունքը պետական մակարդակով տարվող քաղաքականության հետեւանք է»։

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ քեմալականների՝ իշխանության գալու պարագայում Թուրքիայի քաղաքականությունն ավելի զգուշավոր կդառնա։ Այսուհանդերձ, ակադեմիկոսը նաև հիշեցնում է՝ քեմալականները  ազգային փոքրամասնություններին բարի աչքով չեն նայում ու ժամանակին հայերի կոտորածներ են կազմակերպել։

Back to top button