ԿարևորՔաղաքական

ՔՊ-ն աջակցում է Գյումրիի քաղաքապետի՝ «Բալասանյան դաշինքի» թեկնածուին․ քաղաքը կղեկավարեն համատեղ

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցութ-յան մասին հուշագիր են ստորագրել: Ըստ այդմ՝ նոյեմբերի 1-ին գումարվող ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի թեկնածուն առաջադրվելու է «Բալասանյան դաշինքից», իսկ երկու փոխքաղաքապետները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Հուշագրով կողմերը պարտավորվել են նաև իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:

Մինչ Գյումրու նորընտիր ավագանին կգումարեր իր անդրանիկ նիստը՝ համաձայնության հուշագիր ստորագրվեց նորընտիր ավագանու կազմում14 մանդատ ունեցող «Բալասանյան դաշինք» և 11 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև։ Հուշագրի համաձայն՝ Գյումրու քաղաքապետ է առաջադրվելու «Բալասանյան դաշինք»-ի առաջին համար Վարդգես Սամսոնյանը, իսկ  փոխքաղաքապետեր կառաջադրվեն «Քաղպայմանագրի» թեկնածուները։

Գյումրու ավագանու ՔՊ անդամ Քնարիկ Հարությունյան․ «Ըստ այդմ՝  կողմերը պարտավորվում են իրականացնել համաձայնեցված կադրային քաղաքականություն՝  ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար»։

Համաձայնության հուշագիրը ստորագրեցին ոչ թե ցուցակների կամ քաղաքական թիմերի առաջին դեմքերը, այլ՝ «Բալասանյան դաշինքի» 14 համար Սոնա Առաքելյանը, ով Սամվել Բալասանյանի մամուլի պատասխանատուն էր, և «Քաղաքացիական պայմանագրի» 5-րդ համար Քնարիկ Հարությունյանը։   

 Լրագրողները հետաքրքրվեցին՝ ավագանու նիստից առաջ ճնշումներ եղե՞լ են հուշագրի ստորագրման հարցում, քանի որ մինչ այս գործող քաղաքական ուժը իշխող քաղաքական ուժի հետ միանալու մտադրություն չուներ։

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Սոնա Առաքելյան․ «Ընտրությունների ելքը ցույց տվեց, որ գյումրեցին 2 ուժի առավել շատ ձայներ տվեց, և ըստ էության՝ տրամաբանական էր երկու ուժերի համագործակցությունը քաղաքի կառավարման գործընթացում»։

«Ռադիոլուր»-ի հարցին, թե այս համաձայնագրով կողմերը չե՞ն հիասթափեցնի ընտրողներին, ովքեր, չվստահելով «Քաղաքացիական պայմանագրին»,  իրենց վստահության քվեն տվել էին «Բալասանյան դաշինքին», և հակառակը։ Կողմերը նման մտավախություն չունեն՝ ասացին։

Գյումրու ավագանու ՔՊ անդամ Քնարիկ Հարությունյան․«Մտավախություն չկա այն պարզ պատճառով, որ մեր ծրագրային դրույթները որոշակիորեն նման են, և էական հակասություններ չկան»։

 Ավագանու անդրանիկ նիստը կգումարվի ոչ թե նախապես հայտարարված նոյեմբերի 3-ին, այլ նոյեմբերի 1-ին, երբ եւ պարզ կդառնան փոխքաղաքապետերի անունները, որոնք հնչեցնել հրաժարվեցին հուշագիր ստորագրող կողմերը։

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։

Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։

Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։

«Բալասանյան դաշինք»-ից բացի ընտրություններին  մեծ թվով քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցույան առաջին համար ու Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն էր հավակնում Գյումրու քաղաքապետի պաշտոնին, սակայն քաղաքական ուժերի պայքարում առաջին տեղը զիջելուց հետո՝ հրաժարվեց ավագանու մանդատից։

Հավակնություններ ուներ նաև «Զարթոնք» կուսակցույան առաջին համար Վարդևան Հակոբյանը, որի քաղաքական ուժիը ստացավ 4 մանդատ և ավելի համես էին «Ապրելու երկիր» և «Հանրապետական» կուսակցության հավակնությունները, նրանք ստացել են 2 ական մանդատ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button