ԿարևորՀասարակություն

Ոչ աշխատանքային պահպանե՛լ նաև հունվարի 5-ը և 7-ը․ Մայր Աթոռը դիմում է ԱԺ-ին

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Առանձին քննարկման նյութ դարձան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող հոգևոր-խնամատարական գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը:

Անդրադարձ եղավ նաև ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ նախաձեռնված փոփոխություններին։ Այս կապակցությամբ ժողովն արձանագրեց․

«Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում:

Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։

Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական: Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։ Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»:

Ցուցադրել ավելի
Back to top button