Ժամանակի վկան

Հավատում եմ, որ անպայման կվերատիրանանք մեր պապենական հողերին․ Զաքար Քեշիշյան․ «Ժամանակի վկան»

Հայկական Շուշին, որ դարերի հոլովույթում հայ մտքի, կրթության ու մշակույթի բերդաքաղաքն էր, կրկին վերածնվեց, երբ ազատագրվեց թշնամու տիրապետության տակից 1992 թ․ մայիսի 9-ին։ Այնտեղ կրկին վերազարթոնք ապրեց հայկական ստեղծարար միտքն ու ոգին։ Այդ հաղթական օրվանից ի վեր՝ գրեթե երեք տասնամյակ, Հայկական երազանք Շուշին իրենց ջանքով ու գործուն ներկայությամբ լցրեցին բազմաթիվ հայորդիներ՝ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից։

Նրանցից մեկն էլ խմբավար, շվիահար, դուդուկահար, Լիբանանի Հայկազյան համալսարանի և «Կանաչյան» երաժշտական քոլեջի դասախոս, Լիբանանի «Այգ» և «Կարկաչ», Շուշիի «Վարանդա» երգչախմբերի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, Արցախի Հանրապետության Արվեստի վաստակավոր գործիչ, Շուշիի պատվավոր քաղաքացի Զաքար Քեշիշյանն է։

44-օրյա պատերազմից մեկ տարի անց նրա հետ քննարկում ենք ապրումները, Արցախում ծավալած գործունեությունը և ապագա անելիքները։

1․ Արմատներով մուսալեռցի Զաքար Քեշիշյանի՝ հայրենիքում կրթություն ստանալու երազանքը, որը խորհրդային համակարգի պայմաններում անհնար էր, իրականություն դարձավ գորբաչովյան «ձնհալից» հետո։

2․ Ակնածանքով է մինչև այժմ պահում թերթի այն համարը, որում հիշատակություն կա Արցախ կատարած իր առաջին այցելության մասին։

3․ Մուսալեռցի նախնիներից ժառանգած սարերի ոգին նրան բերեց անառիկ Շուշի, որտեղ նրա հիմնադրած «Վարանդա» երգչախումբը դարձավ այդ ոգու արտահայտությունը։

4․ Այսօր արդեն թանկագին հուշ-մասունքների են վերածվել Շուշիին առնչվող կյանքի բոլոր դրվագները, խոսակցությունները, գործողությունները, բացի զգացմունքներից։

5․ Ցավոք, Շուշին մեզ չմնաց 44-օրյա պատերազմի հետևանքով։

6․ Ծանր մտքերն ու հույզերը վերածվեցին շվիի և «Վարանդա» երգչախմբի մանկական զուլալ ղողանջների, որոնք հորդելով հիշատակի, վերապրումի և երախտիքի չասված խոսքեր ու զգացմունքներ՝ հույսի, արարելու, վերակերտման նոր ծիլեր արձակեցին։

7․ Տխրությունն ու ուրախությունն իրար հետ ապրում են զուգահեռաբար։ Հայաստանն ու իրենից անբաժան Արցախը փորձում են հաղթահարել ծանր, արյունալի պատերազմի հետևանքները, որոնք անդառնալի եղան նաև «Վարանդա» երգչախմբի անձնակազմի համար։

8․ «Վարանդա» երգչախմբի այս տարվա համերգաշրջանը «Երգող Արցախ» խորագրի ներքո էր։

9․ Հեռվից պատկերը միշտ տարբեր է, զգացումներն ու ապրումները՝ նույնպես։ Այցելելով Արցախ և տեղում ականատես լինելով հայության ամենօրյա մաքառումներին ու ջանքին, այլ է՝ ավելի իրական է ու ճշմարտացի։

10․ Զաքար Քեշիշյանն այս անգամ էլ վերադարձավ Արցախից ամեն անգամվա պես՝ կրկին վերադառնալու հաստատուն վճռականությամբ։

Ամփոփելով հաղորդումը, հավելեմ՝ Արցախն այսօր, քան երբևէ, մեր բոլորի կարիքն ունի։ Հայաստանն այսօր, քան երբևէ, մեր բոլորի կարիքն ունի։ Մեր Հայրենիքը, հայի Հայրենիքը, այսօր, քան երբևէ, բոլոր հայերի կարիքն ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button