ԿարևորՀասարակություն

«Այբ» հիբրիդային կրթությունը` կանաչ լույս դպրոցականների համար

15-ամյա «Այբ»-ն սկսում է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը, որն  անվճար կրթական հնարավորություն է 10-րդ դասարանցիների համար։ «Այբ» հիբրիդային կրթությունը ոչ թե փոխարինելու է դպրոցական ծրագրին, այլ լրացնելու է հիմնական կրթությունը։ Ծրագրի նպատակներից մեկն աշակերտին մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելն է։ Կիրառվելու են հիբրիդային կրթության լավագույն միջազգային մոտեցումները՝ համադրելով առցանց եւ առկա դասավանդումը։

Եթե ձեր շրջապատում 10-րդ դասարանցիներ կան,  կամ ինքներդ սովորում եք 10-րդ դասարանում, շատ հնարավոր է, որ «Այբ հիբրիդային կրթություն»-ը հենց ձեզ համար է։ «Այբ» հիբրիդային կրթությունը կարող է դառնալ հաջողության բանալի, որով աշակերտները կարող են բացել լավագույն համալսարանների դռները և աշխատանքի անցնել լավագույն գործատուների մոտ,-հավաստիացնում են կազմակերպիչները։ Սա լինելու է ոչ թե կրթություն՝ դպրոցական ծրագրի փոխարեն, այլ լրացնելու է դրան,-ասում է ԱՅԲ-ի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը․

«Ծրագիրը կիրառելու է հիբրիդային կրթության լավագույն միջազգային մոտեցումները՝ համադրելով առցանց եւ առկա դասավանդումը։ Առցանց միջավայրում մենք նախատեսում ենք ակադեմիական դասընթացներ, տարբեր խոսնակների հետ հանդիպումներ, նաև նախագծի շուրջ նախնական քննարկումներ, որոնք կունենանք, ու այն հմտությունների զարգացման դասընթացները, որոնք կարևոր կլինեն նախագծերը առաջ տանելու համար։ Իսկ անցանց տարբերակով մենք նախատեսում ենք բուն նախագծերի շուրջ աշխատանքը, որը կատարելու ենք մեր գործընկեր դպրոցների և կազմակերպությունների տարածքում՝ ամբողջ Հայաստանով։ Հնարավորություններ ունենք և՛ լաբորատորիաներ այցելելու, և՛ տեղում փորձեր կազմակերպելու»։

Հիբրիդային կրթությունը կօգնի խորությամբ ուսումնասիրել նախընտրելի բնագիտական առարկան, ձեռք բերել նախագծերի կառավարման ու հետազոտական հմտություններ, սովորածը յուրացնել գործնական աշխատանքով եւ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում,-մանրամասնում է Սոնա Կոշեցյանը․

«Ծրագրավորող դառնալը երևի ամենաթրենդային մասնագիտությունն է այսօր։ Իսկ ինչո՞ւ ծրագրավորող, որովհետև դրանով հնարավոր է շատ գումար վաստակել։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ շատ գումար կարելի է աշխատել նաև այլ ոլորտներում։ Եվ այդ ոլորտները կարող են բերել շատ ավելի խորքային զարգացման և մեծ հնարավորությունների, քանի որ ծրագրավորման որոշ ուղղություններ կարող են շատ շուտ փոխարինվել  մեքենաներով, և այն մարդիկ, ովքեր այդ մասնագիտությունն են ընտրում, հնարավոր է ապագայում հեռանկարներ չունենան։ Գիտությունը զարգացման անսահման հնարավորություններ ունի, որտեղ նաև գումար վաստակելու մեծ հնարավորություններ կան»։

Դասաժամերը հատուկ ծրագրված են այնպես, որ չհամընկնեն  հիմնական դպրոցական կրթության ժամերի հետ։ Աշակերտի շաբաթական զբաղվածությունը 10 ժամ է։ Ծրագրի տեւողությունը 18 ամիս է։ Մեկնարկը՝ 2022 թվականի հունվարին։ Մասնակիցներն ընտրվելու են քննությունների և հարցազրույցների արդյունքում։ Կազմակերպիչները վստահ են՝ սա այն կրթությունն է, որը կանաչ լույս է վառելու  աշակերտների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button