ԿարևորՀասարակություն

Facebook-ի նոր անունը՝ ապագայի կիբեռտիեզերքի գաղտնագիր

«Meta», սա ամերիկյան «Facebook» ընկերության նոր անունն է։ Սոցիալական տիրույթում տարածվել էր տեղեկություն, թե անվանափոխվել է Facebook սոցիալական հարթակը, սակայն, իրականում, փոխվել է մի քանի այլ ընկերություններ միավորող «Facebook» ընկերության անունը։ Դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ամենամյա Oculus Connect 2021 միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ընկերությունն ուզում է ասոցացվել ոչ թե Facebook սոցիալական ցանցի, այլ մետաաշխարհի հետ։ Թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ․

«Ընկերությունը տնօրինում է միանգամից մի քանի մեծ հարթակներ, մեկը Facebook-ն է, մյուսը Whats App-ը, Instagram-ը, Messanger-ը, որն իր հերթին արդեն մեծ ինքնուրույն գործող առանձին հարթակի է վերածվել և Oculus-ը, որը վիրտուալ իրականության ակնոցներ ստեղծող ընկերություն է։ Առաջին խնդիրն էր ցույց տալ, որ ընկերությունը այս բոլորը միավորում է, և չասոցացվել միայն Facebook սոցիալական ցանցի հետ»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի դիտարկմամբ այս քայլով  «Facebook» ընկերությունը հնարավորություն կունենա ավելի ճկուն երևալ շուկայում՝ ներկայացնելով իր արտադրանքները՝ առանց դրանցից որևէ մեկի հետ ասոցացվելու։ Ընկերությունը նաև հայտարարել է իր նոր նախագծի ստեղծման մասին, շատ մանրամասներ դեռ հայտնի չեն։ «Գիտենք, որ որակական թռիչքի է պատրաստվում արդեն «Meta» ընկերությունը, նպատակն է՝ ինտերնետում գործող տարբեր հարթակներ  կիբեռտիեզերքի մեջ, այլ կերպ ասած՝ ինտերնետի հաջորդ փուլին ենք անցնելու»,-ասում է մեդիա փորձագետը․

«Չատերը, շփումները, առևտուրը, առհասարակ ամեն բան մտնելու է վիրտուալ իրականության մեջ, և սա հասկանանք հենց բառի բուն իմաստով։ Վիրտուալ իրականություն, որը հնարավոր է ստանալ տարբեր սարքերի, հենց նույն ակնոցների միջոցով, որոնք Facebook-ը վաղուց է գնել՝ Oculus-ն է։ Եվ այս իրականության մեջ մարդն արդեն ունենալու է իր կերպարը, որով աշխատելու ու շփվելու է, այդ կերպարը, այսպես ասած, ձեր ավատարն է լինելու, ձեր մարդուկն եք ունենալու, և այս իրականությունը նմանվելու է խաղային իրականության»,-նշում է մեդիա փորձագետը։

Այս իրականությունը հենց ապագայի իրականությունն է, որը միայն «Facebook», այսուհետ՝ «Meta» ընկերությունը չէ, որ փորձում է ստեղծել։

«Այս մոտեցումն ունի նաև «Microsoft»-ը։ Այսինքն, միայն «Facebook»-ը չի աշխատում այս ուղղությամբ, թեպետ ընկերությունն արդեն հայտարարել է թափուր աշխատատեղերի մասին, նշել, որ այս նախագծի իրականացման համար 10 հազար նոր աշխատակից է ընդունելու, իսկ վիրտուալ իրականությունը որպես մետահարթակ պատրաստ կլինի 5 տարի անց»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Նախագիծը դեռ սկզբնական փուլում է, լայն պատկերացում դեռևս չկա, թե հատկապես ի՞նչ պիտի փոխարինի ինտերնետին կամ ի՞նչ նոր ստանդարտներ են լինելու։ Մեդիափորձագետը սակայն վստահ է՝ 5 տարի անց որակական այլ պատկեր ենք ունենլու և բոլորովին այլ վիրտուալ իրականություն՝ օնլայն և օֆլայն աշխարհները միավորող։

Ցուցադրել ավելի
Back to top button