Հայկական հարց

1920-ականներին սահմանային վեճերի առարկա տարածքները բոլորը հայկական էին․ «Հայկական հարց»

1918-1920 թվականների ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերջնական սահմանագծումներ էր անցկացրել միայն իր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ։

Խորհրդայնացման պահին՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, մի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության ներկայացուցիչներ Դրաստամատ Կանայանի, Համբարձում Տերտերյանի, մյուս կողմից՝ Խորհրդային Ռուսաստանի Երևանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջև, կնքվում է Երևանի համաձայնագիրը։

Դրանով սահմանվում էր նաև, թե որ տարածքներն էին Խորհրդային Հայաստանի մաս կազմելու։ Այնտեղ մտնելու էին ողջ Զանգեզուրի գավառը, Երևանի նահանգն ամբողջությամբ, այդ թվում՝ Նախիջևանի գավառը, նախկին Ղազախի գավառի հայկական և Բորչալուի գավառի հարավային մասերը, Կարսի մարզի արևելյան տարածքները և այլն։

Շուտով Հայաստանն ունենում է տարածքային կորուստներ։ Ճակատագրական էին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով քեմալական Թուրքիային էին անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև արևելահայ տարածքներ, ի թիվս Երևանի նահանգի մեջ մտնող Սուրմալուի գավառը, Կարսի մարզի գրեթե ամբողջ տարածքը, բացի Աղբաբայի փոքր շերտից:

Նախիջևանի գավառն ու Շարդարալագյազի գավառի Շարուրի հատվածը, ինչպես նաև 1921 թվականի հուլիսին կոմկուսի Կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշումներով էլ Լեռնային Ղարաբաղը փոխանցվում էին Խորհրդային Ադրբեջանին։

1921 թվականի հոկտեմբերին նախկին Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը բաժանվում է երկու մասի, որոնցից արևելյանն անցնում է Խորհրդային Ադրբեջանին, արևմտյանը՝ Խորհրդային Հայաստանին։

Թեմային է անդրադառնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։ «Հայաստանն ինչպե՞ս բաժանվեց 1920-ական թվականներին»՝ մաս 1-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button