ԿարևորՀասարակություն

Դանդաղ վերականգնում՝ առանց համատարած սահմանափակումների․ ինչո՞ւ լոքդաունի չենք գնա

Հայաստանի տնտեսությունը շարունակում է դանդաղ վերականգնումը՝ փաստում են վիճակագրական տվյալները։ Որակական փոփոխություններ փորձագետները չեն արձանագրում, հիշեցնելով՝ տարեսկզբի ավելի լավ ցուցանիշները նախորդ տարվա ավելի վատ փուլի հետ համեմատության արդյունք էին։

Վարչապետն  օրերս հայտարարել էր, որ գործադիրը լոքդաունի հնարավորությունը չի դիտարկում։ Ինչո՞ւ  է կառավարությունը դեմ սահմանափակումներին, արդյո՞ք տնտեսական «կոլապսի» վտանգ կա։

Փորձագետները «կոլապս» չեն կանխատեսում, բայց հաշվարկներ են  ներկայացնում, ըստ որոնց՝  յուրաքանչյուր  1 տոկոս աճի տեմպի դանդաղումը տնտեսության մեջ 70 մլրդ դրամի կորուստ է ենթադրում։ 

Վիճակագրական տվյալները փաստում են՝ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 2.4%-ով՝ հունվար-սեպտեմբերին կազմելով  4․4 տոկոս։ Փորձագետները կարծում են, որ  տնտեսության մեջ որակական փոփոխություններ չեն եղել։ Տնտեսությունը նույն վիճակում է, որում մի քանի ամիս առաջ էր՝ արձանագրում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը՝ տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Բացատրում է՝ նախորդ ամիսները համեմատում էինք 2020-ի այն շրջանի հետ, որը սահմանափակումների  առումով  ամենաբարդ շրջանն էր։   

«Սա նպաստավոր էր՝ աճ ցույց տալու առումով։ Բայց կառուցվածքային առումով այն ժամանակ էլ, այժմ էլ  կան խնդիրներ՝ արդյունաբերության մասով կար խնդիր, ծառայությունների աճի մասով ունեինք խնդիրներ։ Ըստ էության՝ դրանք նույնությամբ մնացել են։ Ասել, որ  կառուցվածքային, որակական տեղաշարժ ունենք, չենք կարող»։  

Տնտեսագետ, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի խորհրդական         Համլետ Մկրտչյանը նկատում է՝ ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել է ՝ բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի, որտեղ 1․5 տոկոս անկում ունենք։ Թվարկում է՝  համեմատաբար բարձր աճ է գրանցվել շինարարության (6.4%),առևտրի (6.4%), ,  ծառայությունների (5.4%) և ներքին առևտրաշրջանառության (6.4%) ոլորտներում։ Արդյունաբերության ոլորտում աճը   0.7% է:

 «Արտահանման ծավալները ավելացել են՝ հանքահումքի հաշվին՝ հաշվի առնելով այն, որ համաշխարհային շուկայում աճել են պղնձի գները։ Տնտեսությունը ակտիվ փուլում է,  տնտեսական կայուն աճ կկարողանանք արձանագրել 2021 թվականին»։

2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է  երկնիշ տեմպերով, մայիսից  աճը դանդաղել է։ Համավարակից ու պատերազմից հետո Հայաստանի տնտեսությունը 2020 -ին 7.4 % անկում գրանցեց։ Սա, Սուրեն Պարսյանի դիտարկմամբ,  մի քանի անգամ ավելին էր, քան տնտեսական աճի համաշխարհային ցուցանիշը։  Այս տեսանկյունից  վերականգնման տեմպերը բավարար չեն՝ ասում է վերլուծաբանը։

«2020 թվականը ճգնաժամային տարի էր, իսկ 2021թվականը համարվում է վերականգման տարի։ 2020 թվականի ճգնաժամը բավականին մեծ էր՝ 74 տոկոս։ Համաշխարհային տնտեսության անկումը 34 տոկոս էր։ Մեր տնտեսական անկումը 25 անգամ մեծ էր համաշխարհային միջինից։ Սա իր ազդեցությունը թողեց մեր տնտեսության վրա։ Սրան գումարվեց նաև տարեսկզբին ունեցանք դրամի կտրուկ արժեզրկում։  Սա ուղղակիորեն ազդեց ներկրվող ապրանքների գների վրա։ Բացի այդ, Արցախյան վերջին պատերազմը իր երկարաժամկետ բացասական ազդեցությունն է թողնելու մեր տնտեսության վրա»։

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը կարող է վերականգնվել մինչև հաջորդ տարվա՝ 2022 թվականի կեսը։ Սակայն, փորձագետների մի մասը կարծում է, որ համավարակի այսօրվա տեմպերը  կարող են հետաձգել տնտեսության վերականգնումը։

Տնտեսագետ Արմեն Քթոյան․ « Տնտեսությունը հաղթահարում է 2020 թվականի շոկերը՝  դանդաղ, ոչ ցանկալի, ոչ լավագույն տեմպով։  Գնում  ենք վերականգման, որը տարբեր գնահատականներով կարող է տևել մինչև 2022թվականի կեսերը»։

Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ Հայաստանը նոր լոքդաունի չի գնա, համատարած սահմանափակումներ չեն լինի։ Մեր երկիրը համավարակի դեմ պայքարելու համար այլ քաղաքականություն է որդեգրել ՝ ասում է Նիկոլ Փաշինյանը․

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է 2 ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը, և չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում՝ չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար: Խնդիրը ոչ թե այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, այլ երբ դիմակ կրելու ընդհանուր պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել»:

Ինչո՞ւ   Հայաստանի կառավարությունը համատարած սահմանափակումների չի գնում, արդյո՞ք տնտեսական «կոլապս»-ի վտանգ է  տեսնում։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը «կոլապս» չի կանխատեսում, բայց տնտեսական աճի նվազումն անխուսափելի է համարում։

«ՀՆԱ-ի 1 տոկոսը 70 մլրդ դրամ է կազմում։ 1 Տոկոս աճի տեմպի դանդաղումը նշանակում է, որ տնտեսության մեջ 70 մլրդ դրամ պակաս գումար կշրջանառվի՝ դրանից բխող բոլոր խնդիրներով»։

Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը նույն կարծիքին է։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝   տնտեսական կոլապս չի լինի, բայց ծանր հետևանքներ հնարավոր են։ Բացատրում է՝ միջազգային կառույցներից եկող ազդակները դրական էին, այժմ ազգային իմունտիտետի ձևավորման  փուլում ենք։

«Եթե կարողանանք ժողովրդին 60–70 տոկոսով պատվաստել, ապա  կունենանք համավարակաի կառավարելի իրավիճակ։ Այդ պարագայում արդեն «լոքդաուն»-ի գնալու հարց չի առաջանա։ «Լոքդաուն»-ն ունի իր բացասական հետևանքները, այս թվով կառավարության առջև դրված է հարցը, որ կարողանան մեծ թվով պատրատսվումներով ապահովել, որպեսզի տնտեսական արհեստական փակման ու պարապուրդի գնալու անհրաժեշտություն չառաջանա»։

Հոկտեմբերի սկզբի  դրությամբ Հայաստանում  պատվաստվել է ՀՀ բնակչության գրեթե 12%-ը, ամբողջությամբ պատվաստվածները նրանց  շուրջ կեսն են։ Մինչդեռ, ԱՀԿ տվյալների համաձայն, կորոնավիրուսի հայրենիք համարվող Չինաստանում պատվաստումները  հատել են 75, Իսպանիայում՝ շուրջ 80 տոկոսի շեմը։ Մինչ այժմ աշխարհում ներարկված դեղաչափերի 76%-ը կիրառվել է 15 երկրներում, 24%-ը՝ մյուս 200-ում։

Back to top button