ԿարևորՀասարակություն

Քննարկվում է «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի նախագիծը՝ արդեն առանց հակասահմանադրական դրույթների

ԿԳՄՍ նախարարությունը կրկին շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ փոփոխություններով։ Մարտ ամսին Ազգային ժողովում ընդունված տարբերակը հանրապետության նախագահը չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան։ Դրա՝ բուհերի կառավարման խորհուրդներին վերաբերող դրույթները դատարանը ճանաչել էր հակասահմանադրական։

Վիճարկվող դրույթներով սահմանվում էր, որ բուհի կառավարման բարձրագույն մարմինը կունենա 9 անդամ, 5-ին կնշանակի լիազոր մարմինը, 4-ին՝ բուհի ակադեմիական խորհուրդը։ ՍԴ–ն այս դրույթում բուհերի ինքնավարության խախտման վտանգ էր տեսել։ 

«Խնդիր չէ․ հակասահմանադրական է ճանաչվել, մենք կվերախմբագրենք մեր օրենքը։ Միակ խնդիրը այդ 5-4 համամասնությունն էր։ Ճիշտն ասած, այդ թեման այնքան քննարկվեց, որ մենք կտրվեցինք օրենքի բուն բովանդակությունից։ Ի վերջո, դա չէ, և դա չէր օրենքի բուն բովանդակությունը»,– ասում էր ԿԳՄՍ նախարարը դեռ օգոստոսին։

Օրենքի նոր տարբերակում լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ-ն խմբագրել է վիճելի դրույթն ու սահմանել․ «Բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 12 անդամից։ Վեցին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, վեցին՝ լիազոր մարմնի ղեկավարը»։

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյան

Ներկայացված նոր նախագծում գործադիրը խմբագրումներ արել է, բայց այն հեռու է բավարար համարվելուց՝ նկատում է ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։ Ասում է՝ եթե գործող օրենքում ֆիքսված է, որ կառավարման բարձրագույն խորհրդում 25% ներկայացվածություն ունեն ուսանողները, ապա ներկայացված նախագծում այս դրույթը բացակայում է, արդյունքում, ըստ Սողոմոնյանի, բուհը կարող է ուսանող անդամներ չներկայացնել․

«Ներկայացված նախագծում այս հարցը թողնված է բուհի ներքին կանոնադրությամբ կարգավորմանը, այսինքն, մի բուհում կուզեն՝ կլինի, մյուսում չեն ուզի՝ չի լինի, ու այդպես շարունակ։ Գոնե կարելի էր ոչ մի համամասնություն չնշելով՝ ֆիքսել որ ուսանողներ անպայման պետք է լինեն»։

Ըստ նրա՝ ամենավիճահարույցը բուհերի ռեկտորների ընտրությանը վերաբերող դրույթներն են։ Նոր օրենքի նախագիծը սահմանում է, որ հոգաբարձուների խորհուրդը ընտրում է բուհի ռեկտորի 3 թեկնածու և ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարի՝ այսինքն, ԿԳՄՍ նախարարի նշանակմանը։

«Այստեղ, փաստորեն, նորից ու նորից ինքնավարության սկզբունքի խախտում կա, քանի որ կառավարման գլխավոր օղակը նշանակվում է լիազոր մարմնի կողմից, այսինքն, տեղի է ունենում ցանկալի մարդու ցանկալի նշանակում»,– ասում է ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

Վերջին 3 տարում ԵՊՀ–ն ղեկավարել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները։ Այսօրվա պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հույս ունի, որ նոր օրենքը, ի վերջո, կընդունվի, ասում է՝ գործող օրենսդրությամբ բուհին վերապահվող լիազորությունները սահմանափակ են․

«Այսօր, երբ համալսարանում ցանկանում ենք նոր կրթական ծրագիր բացել, գործող օրենքն ասում է, որ այդ ծրագիրն անպայման նախարարությունը պետք է հաստատի։ Նոր օրենքն ասում է, որ դա կարող է անել բուհը։ Նախկինում նախարարության դաշտում գտնվող բազմաթիվ լիազորություններ նոր օրենքով տեղափոխվում են բուհերի դաշտ, բուհերը դառնում են ավելի ճկուն, ավելի արագ են արձագանքում շուկայի պահանջներին»,– ասում է Հովհաննես Հովհաննիսյանը։

Օրենքի նոր նախագիծը դրված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման edraft.am կայքում։ Մինչ օրենքը կհասնի խորհրդարան, վարչապետը հաստատել է պետական մի քանի բուհերի կառավարման խորհրդների կազմը՝ գործող օրենքով սահմանված կարգով։ Երևանի պետական համալսարանը, Մանկավարժական և Բժշկական համալսարնները երկար դադարից, խառնաշփոթներից ու դատական որոշումներից հետո, ի վերջո, կառավարման խորհուրդներ ունեն։

Ցուցադրել ավելի
Back to top button