ԿարևորՀասարակություն

Տեխնիկա, հագուստ և դեղորայք․ էլեկտրոնային առևտրի թոփ եռյակը

Կորոնաճգնաժամին զուգահեռ լայն թափ է ստացել էլեկտրոնային կամ օնլայն առևտուրը։ Այն, մի կողմից, առևտրի  ավելի հարմար  և մատչելի եղանակ է, մյուս կողմից՝ ավելի անորոշ ու ռիսկային։  Այդուհանդերձ, ըստ վիճակագրության՝  էլեկտրոնային առևտրի ծավալներն աճում են, և այդ աճը նկատելի է հատկապես վերջին 3 տարիներին։ Ներմուծումները հիմնականում իրականացվում են Չինաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներից։ Ամենից շատ ներկրվում են համակարգիչներ, բջջային հեռախոսներ, հագուստ և դեղորայք։

Համաճարակը ոչ թե կփոխի աշխարհը, այլ արդեն այն փոխել է։ Ամբողջ աշխարհն այսօր ապրում է մեկ օրակարգով։ Կարանտինային ռեժիմում մարդիկ սովորեցին առցանց կյանքին, և այդ միտումից հետ չի մնում նաև Հայաստանը։ Էլեկտրոնային առևտուրն անհամեմատ ավելի հարմար է, նաև՝ մատչելի։ Նժարի մյուս կողմում, սակայն, ռիսկերն ու անորոշություններն են։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է, որ արդեն տևական ժամանակ  օնլայն առևտուրը գործում է նույն չափանիշերով, ինչպես առևտրի ու ծառայությունների մյուս ոլորտները, բայց ռիսկերն ավելի մեծ են։

«Օնլայն ապրանքի պարագայում պատվիրատուն հիմնականում ոչ ամբողջական տեղեկատվություն է ունենում։  Մարդն ապրանքը չի տեսնում, պատվիրում է , հետո փոշմանում է, որ պատվիրել է։ Եվ միշտ չէ, որ քաղաքացին պահած է լինում ապրանքը վերադարձնելու համար անհրաժեշտ պայմանները։ Ապրանքների որակի հետ կապված էլ շատ դժգոհություններ են լինում»։

Ոլորտը ռիսկային է նաև դրամական փոխանցումների առումով, ուստի սպառողների իրավապաշտպանը խորհուրդ է տալիս խուսափել անծանոթ հարթակներից։ Էլեկտրոնային առևտուրը աճել է ոչ միայն տեղական, այլև արտաքին շուկաներից։  Աճը զգալի է հատկապես վերջին երեք տարիներին։ Այդ ընդլայնման հիմքում ինչպես բիզնես, այնպես էլ անձնական նպատակներն են՝  նկատում է տնտեսագետ  Գագիկ Վարդանյանը։

«Իհարկե, էլեկտրոնային առևտուրն էլ իր առավելություններն ունի։ Մասնավորապես, նկատի ունենալով Հայաստանի դիրքը և հնարավորությունները, առաջին հերթին տեղափոխման  ծախսերն են նվազում, մեծ հնարավորություններ են բացվում ցանկացած սուբյեկտի համար աշխարհի շուկաներում աշխատելու առումով։ Նկատի ունենալով մեր տնտեսության կառուցվածքը, եկամուտների ծավալները, մենք ավելի շատ արտարժույթ ենք  դուրս  բերում, և արդյունքում չենք կարողանում բարելավել մեր առևտրի հաշվեկշիռը։ Խնդիրն այն է, որ տնտեսությունը պետք է մրցունակ լինի, ընդհանուր կենսամակարդակը պետք է բարձր լինի , այդ պարագայում արտարժույթի նման արտահոսքը այդքան վտանգավոր չի լինի տնտեսական, ֆինանսական անվտանգության առումով»։

online arevtur

2019, 2020 թթ համեմատ էլեկտրոնային առևտուրն ակտիվացել է և այդ միտումը շարունակվում է՝ հաստատում են Պետեկամուտների կոմիտեից։ Ներմուծումները հիմնականում իրականացվում են Չինաստանից,  ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներից։ 

Ամենից շատ ներկրվում են համակարգիչներ, բջջային հեռախոսներ, հագուստ և դեղորայք, թեև վերջինի դեպքում չափաքանակի սահմանափակում կա։ Մեկ օրացույցային տարում գնորդը անձնական օգտագործման համար կարող է ներմուծել  5 անվանում դեղորայք, յուրաքանչյուրից՝ երեքական սպառողական փաթեթ։ Այն երկրներից, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, մաքսային վճարներ չեն գանձվում, եթե առաքանու արժեքը չի գերազանցում 200 եվրոն, իսկ քաշը 31 կգ-ը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետի ժ/պ Գարիկ Մինասյանը։

«Գերազանցելու դեպքում նախատեսվում  է մաքսային վճար՝ արժեքի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան գերազանցող յուրաքանչյուր 1 կգ-ի համար 2 եվրո։ Սա այն դեպքերին է վերաբերում, երբ ապրանքները որակվում են որպես անձնական օգտագործման նպատակով ներմուծված»։

ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծումը  հարկման այլ կարգ է ենթադրում։ Մասնավորապես, եթե ԵԱՏՄ անդամ երկրների փոստային առաքանիներով կամ սուրհանդակային փոխադրումներով է ներմուծումը կատարվում, ու արժեքը չի գերազանցում 150.000 դրամը, իսկ քաշը՝ 31 կգ-ը, ապրանքը չի հարկվում։ Միևնույն ժամանակ՝ կառավարության որոշումներից մեկով  սահմանված ցանկ կա, որում ներառված ապրանքների վրա  այս կարգավորումը չի ազդում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում սահմանված է արգելված ապրանքների ցանկ։ Դրա մեջ են  թմրանյութերը և հոգեմետ նյութերը, կեղծ կամ կեղծված իրերը, զինամթերքը, մետաղադրամներն ու բանկային թղթադրամները, նաև՝ կենդանիները։ 

Ցուցադրել ավելի
Back to top button