Մտքի ուժը

Պոետների մուսա միգրանտ մոլախոտը․ «Մտքի ուժը»

Արվեստագետների մուսա եղեգն իսկական պատուհաս է գյուղատնտեսության համար։ Այն ջրային ռեսուրսների անխնա կլանիչ է։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Ահարոնյանը եղեգի ու այլ մոլախոտերի մասին երկար կարող է խոսել՝ առանց դադարի։ Ինֆորմացիան հավաքվել է 60 տարում։ Հենց այսքան ժամանակ է գիտնականը ուսումնասիրում մոլախոտերն ու եղեգները։

Գիտնականն ասում է, որ եղեգի ստորգետնյա արմատները թափանցում են հողի մեջ՝ մինչև 5 մետր խորությամբ։ Վերգետնյա հատվածները նույնպես այդքան բարձրություն ունեն։ Եղեգը չարորակ մոլախոտ է համարվում՝ մորֆոլոգիական առանձնահատկություններից ելնելով։ Մինչև 90-ականները Ապարանի տարածաշրջանում եղեգ չի եղել, սակայն այժմ միգրացիայի է ենթարկվել։ Մասնագետն ասում է, որ եղեգի միգրացիային նպաստել է նաև մասնատված ու ինքնակամ հողագործությունը, քանի որ վնասատուների դեմ պայքարը դժվարանում է։

Բույսն ունի նաև օգտակար հատկանիշներ. եթե մատղաշ է, կարելի է օգտագործել որպես անասնակեր, կարող է նաև ձկների համար կեր լինել, տերևները պարունակում են շաքար ու ճարպ։ Կոճղարմատները օսլա են պարունակում։ Եղեգից պատրաստում են հյուսված իրեր, խսիրներ, թղթի որոշ տեսակներ, եղեգը կարող է օգտագործվել նաև որպես վառելիք, փողային երաժշտական գործիքների համար դրանից պատրաստում են պիպիչներ։

Բայց եղեգի վնասակար հատկանիշները, պարզվում է, ավելի շատ են։ Արկադի Ահարոնյանն ասում է, որ այն դաշտերում, որտեղ եղեգ կա, այն ջրային դեֆիցիտ է ստեղծում մշակաբույսերի համար։ Վեգետացիայի ընթացքում մեկ ցողունը 300 լիտր ջուր է խլում, իսկ վեգետացիոն շրջանը մարտից մինչև հոկտեմբեր է։ Գիտնականը նաև նշում է, որ վաղ գարնանը եղեգի վրա միջատներ են բազմանում, դրանք հետագայում խնդիրներ են առաջացնում կորիզավոր ու դեկորատիվ ծառերի համար։

Եվ ահա հայ գիտնականները եղեգի դեմ պայքարի բանաձևն են գտել։ Ասում են այն արդյունավետ է, կարող են ջրային ռեսուրսները խնայել։ Ապացուցված է՝ այն գետերի ափերին, որտեղ եղեգ է աճում, ջուրը մի քանի անգամ պակասում է։

«Մենք առաջարկել ենք Երևանյան լճի տարածքում սրսկում իրականացնել գարնանը՝ մարտից սկսած։ 50–70 սմ երկարությամբ եղեգը, երբ ունի 3–4 տերև, պետք է սրսկում իրականացնել։ Մոտ երկու շաբաթ դեղը կտարածվի ստորգետնյա օրգանների վրա։ Կարևոր է ճիշտ չափաքանակը պահպանել»,- ասում է Արկադի Ահարոոնյանը։ Գիտնականը պատմում է, որ իրենց առաջարկը արդյունք տվել է։ Երևանյան լճում, սակայն, ջուրը պետք է դատարկել ու հետո միայն սկսել պայքարը։ Իսկ սա խնդիր է։ Գյուղատնտեսին իր գիտական աշխատանքներում առավել վտանգավոր բույսերն են հետաքրքրում, դրա համար էլ սկսել է հենց եղեգով զբաղվել։

Ցուցադրել ավելի
Back to top button