ԿարևորՀասարակություն

Հայկական չստեղծված արբանյակն ու 44-օրյա պատերազմը․ նոր բացահայտումների խոստումներ իշխանությունից ու ընդդիմությունից

Պատերազմին առնչվող  կասկածների ու, այսպես ասենք, բացահայտումների հերթական «չափաբաժինը» ներկայացվել է  ընդդիմադիր ուժերի նախաձեռնած քննարկմանը։ Կասկածներ ունի ու բացահայտումներ խոստանում է նաև իշխանությունը։ Դրանց մասին օրերս  խորհրդարանում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխադարձ մեղադրանքների և կասկածների ֆոնին ուշանում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը, մինչդեռ և ընդդիմությունը, և իշխանությունը հայտարարում են, որ սպասում են դրա ձևավորմանը։

Եթե Հայաստանը ժամանակին օգտվեր միջազգային պայմանագրերով տրված իրավունքներից և տիեզերքում ունենար իր սեփական տեղեկատվական արբանյակը, ապա 44-օրյա պատերազմում այն զգալի դեր կխաղար պատերազմի ընթացքը փոխելու համար։ Պնդումը լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանինն է։ Ասում է, որ մինչև պատերազմը առնվազն երկու անգամ հնարավորություն է ունեցել հարցը քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Երբ Փաշինյանին հիշեցրի արբանյակի մասին, նա ինձ ասաց, որ դա ընդամենը խաղալիք է, և իր բառերն եմ ասում՝ «Ես «քենսլ» եմ արել այդ ծրագիրը»։

Սեփական տեղեկատվական արբանյակն ունենալու մասին Հայաստանը մտածում էր դեռ 2012 թվականից։ Միջազգային պայմանագրերով ունենք գեոստացիոնար դիրքում անգամ 2 արբանյակ ունենալու իրավունք՝ 2020-ին լրագրողներին ներկայացնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը։ Իսկ մինչ Հայաստանը մտածում էր, Ադրբեջանն արդեն տիեզերքում երկու արբանյակ ուներ։

Մինչդեռ 2021-ի օգոստոսին Հակոբ Արշակյանն արդեն ասում էր. «Ունենալ մեկ ամբողջական արբանյակ այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չի համարվել։ 100-150 միլիոն դոլարը սկզբի թիվն է, հետագա ծախսը կարող է շատ ավելի աճել»։

Պատերազմին առնչվող բացահայտումների հերթական «չափաբաժինը» վերլուծաբանները, քաղաքագետները և ընդդիմադիր գործիչները ներկայացրել են  ծավալուն քննարկման ձևաչափով։ Հայկական զինված ուժերում պատերազմին նախորդող շրջանում  կադրային փոփոխություններից մինչև պատերազմն ավելի վաղ չկագնեցնելու և գաղտնի պայմանավորվածություններով առաջնորդվելու մեղադրանք։

Երկու օր առաջ ԱԺ-ում վարչապետն իր հերթին բացահայտումներ խոստացավ․ «Առաջիկայում փաստերը կբացահայտվեն և կտեսնենք՝ ավելի շուտ կանգնեցրե՞լ ենք, թե՞ չէ»։

Թե  ինչ  փաստերի բացահայտման մասին էր խոսքը, վարչապետը չհստակեցրեց։ Խորհրդարանական մեծամասնությունը համոզված է, որ մանիպուլյատիվ և շահարկվող տեղեկություններից խուսափելու տարբերակներից մեկը  Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի ձևավորումն է։ Այս ձևաչափը  թույլ կտա առկա կասկածները տեղափոխել և քննարկել այլ հարթությունում։

Հանձնաժողովի ստեղծումը դանդաղում  է, ինչի համար ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, բայց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հակընդդեմ մեղադրանք է ներկայացնում։

«Մեղադրանքներն անհիմն կլինեին այն  պարզ պատճառով, որ մենք հապաղել ենք, որ իրենք իրենց փաստաթղթերն ի մի բերեն։ Ընդդիմադիր մեր գործընկերներից մեկը՝ պրն Ղազինյանը այդ թույլտվությունը չի ստացել, որովհետեւ չի էլ ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որ կարողանա գաղտնի փաստաթղթերից ու փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա։ Այնպես որ, մենք հապաղում ենք, որ ընդդիմությունը մեզ չասի, որ շուտ սկսեցինք, որ իրենք չկարողանան մասնակցել։ Մենք  մեր խոստումը կկատարենք, որ շահարկումների առիթ չլինի»։  

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք  այս հարցում ավելի շահագրգիռ են, քան ընդդիմությունը։ 

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյան. «ՔՊ-ն է առաջին շահագրգիռ կողմը, որ  44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտվեն։ Այդ ընդդիմության կողմից պահանջներին չբավարարելու պատճառով  է, որ այս պահին պրոցեսը դանդաղում է»։   

Քանի դեռ հանձնաժողովը ձևավորված չէ, ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պատասխաններ ակնկալել։ Վերջերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում զորքերի հետ քաշման հրամանն ինքն է տվել, որպեսզի  պատերազմ չլիներ: Այս հայտարարությանը նախորդել էր Վաղարշակ Հարությունյանի այն ձեւակերպումը, թե զորքերը հետ են քաշվել Փաշինյանի հրահանգով՝ հավելում է «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Կարո՞ղ է դատախազությունը մեզ հուշել,  թե որտեղ է  գրված, որ ՀՀ ԶՈՒ-ն կարող է բանավոր ցուցումով մեր սահմաններից հետ քաշվել։ Եվ որտե՞ղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր հրամաններ տալ ու որոշումներ կայացնել»։

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանիկարծիքով՝ Ադրբեջանը պատերազմի որոշումը կայացրել է աստիճանաբար։ Հետևելով իրադարձություններին՝ նա համոզմունք ունի, որ Փաշինյան-Ալիև «վերելակային» հանդիպումից հետո ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները Ադրբեջանն օգտագործել է նպատակային։

 «Մենք հասկանում ենք, որ այդ հրադադարի խիստ պարտադրած պայմանավորվածությունը Ադրբեջանն օգտագործելու էր սահմաններում իրենց դիրքերը ամրապնդելու համար։ Եվ հենց դա էլ եղավ։ Մի քանի ամիս ադրբեջանցիները ակտիվ շինարարական աշխատանքներ էին անում, մի բան, որը նախկինում չէին կարող անել, որովհետև իրենց տեխնիկային ուղղակի կխփեին»։

Իրականում հանրությանը հուզող հարցերը կապված են ոչ միայն անցյալի, այլև ապագայի հետ։ Օրակարգում շարունակում է մնալ քարտեզների հարցը, որով պետք է իրականացվի Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն ու սահմանագծումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե այդ քարտեզները պահվում են ՌԴ ԳՇ-ում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ այդ քարտեզներն ունի նաեւ հայկական կողմը։

«Մի մոռացեք, որ մենք 15 հանրապետություններով  եղել ենք մի անվտանգային համակարգում եւ ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ։ Եվ այդ քարտեզների տիրույթում է իրականացվել համապատասխան գործընթացները, որոնք վերաբերում են Սովետական Միության ԶՈՒ-ին։ Բնականաբար, այն ինչի մասին դուք խոսում եք, ունի նաև ՀՀ-ն»։

Քոչարյանը չի շտապում հստակեցնել, թե ըստ այդ քարտեզների՝ հատկապես որ հայկական տարածքներից պետք է դուրս գա Ադրբեջանը։ Երկար գործընթաց է, որը պետք է սկսվի կոնկրետ աշխատանքն ավարտելուց հետո։

«Մի շտապեք, ի՞նչու եք շտապում։ Այս գործընթացը սիրում է համբերություն։ Կարող եմ մի բան պնդել, որ այնտեղ, որտեղ մեր տարածքն  է, օտար ուժեր չեն կարող լինել։ Գիտեք, որ բանակցային գործընթաց է գնում։ Շրջանցող ճանապարհի աշխատանքները կավարտեն նոյեմբերի վերջին, ինչից հետո կանցնենք սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»։

«Քաղաքացիական պայմանագրից» հարկ են համարում հստակեցնել նաև, որՄոսկվայի  նախաձեռնողականությունը  չի նշանակում, թե ՄԽ-ն դուրս է մղվում բանակցային գործընթացից։

Ցուցադրել ավելի
Back to top button