ԿարևորՀասարակություն

Ըստ ճաշակի, բայց ոչ ըստ օրենքի․ ապօրինի կառուցապատման համար «Դվինը» կվճարի առնվազն 110 մլն դրամ

Ապօրինի շինությունների դեմ քաղաքապետարանի պայքարը շարունակվում է։ Դրանից չեն խուսափում անգամ հսկա հյուրանոցային համալիրները։ Քաղաքապետարանը մի քանի անգամ  արձանագրություն է կազմել և ծանուցումներ ուղարկել «Դվին» հյուրանոցային համալիրի ղեկավարությանն ու կառուցապատողին՝ իրազեկելով վարչական իրավախախտման եւ հնարավոր վարչարարության վերաբերյալ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ «Դվին» հյուրանոցն ապօրինի հարկեր ու կցակառույցներ է կառուցել։ Կամ ապամոնտաժել, կամ օրինականացնել՝  այլ տարբերակ չկա՝ շեշտել էր Մարությանն ու հավելել՝ օրինականացումն էժան չի նստի։  

Քաղաքապետարանի ջանքերով եւ օրինապահների միջամտությամբ «Դվին» հյուրանոցում ընթացող ապօրինի շինարարությունն ի վերջո կասեցվել է։  Խոշոր հյուրանոցի սեփականատերը դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ հյուրանոցի ճակատային հատվածի ապակեպատ երկհարկանի կառույցի եւ հարակից շենքի երկու ապօրինի հարկի օրինականացման խնդրանքով: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդիվ, անդրադառնալով այս խնդրին, շեշտել էր՝

«Մենք հենց «Դվին» հյուրանոցի վրա տարօրինակ կառույց ունենք։ Ձախ մասում  երկու հարկանի ապակեպատ կառույց է՝ ոչ քարից շարվածք, բայց, այնուամենայնիվ, դա ապօրինի կառույց է, և դարձյալ նույն պատմությունն է այստեղ։ Կամ պետք է դա քանդվի, կամ պետք է ամբողջ համալիրը օրինականացվի, և խոսքն այս դեպքում մեծ գումարների մասին է»։

Որ շենքի սեփականատերերը շեղվել են հաստատված նախագծից ու իրենց ցանկությամբ եւ ճաշակով շարունակել շենքի կառուցապատումը՝ աղմուկի առիթ է դեռ օգոստոսից։  Պարոնյան 40 հասցեի խնդիրներով քաղաքապետարանը սկսեց զբաղվել՝ նախ դրանց մասին ծանուցելով կառույցի նախագծի հեղինակին, շինարարությունն իրականացնող և վերահսկող ընկերություններին, պահանջելով անհապաղ  դադարեցնել շինաշխատանքները և ողջամիտ ժամկետում վերացնել խախտումները։

Խախտումների հիմքով նաեւ վարչական տույժի որոշում է ընդունվել։ Բազմաթիվ զգուշացումներից, ծանուցումներից եւ անգամ տույժի որոշումից հետո, սակայն, հոկտեմբերի 4-ին քաղաքապետարանն արձանագրել է՝ «Դվին» հյուրանոցային համալիրում շինաշխատանքները շարունակվել են։ Հաջորդիվ համալիրի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն և ուղարկվել ոստիկանություն։ Միայն այսպիսով է կասեցվել շինարարությունը։  Հյուրանոցից խճճված այս իրավիճակի վերաբերյալ շատ հակիրճ են արձագանքում։ Իրենք էլ իրենց հարցերն ունեն, օրինակ՝ ի՞նչ կարժենա ապօրինի կառույցների օրինականացումը։

«Դվին» համալիր ՓԲԸ ներկայացուցիչ Նելլի Ավետիսյան. «Այո, մեր իրավաբանները դիմել են օրինականացման համար, սակայն մենք նման ինֆորմացիա չունենք, որ գումարի չափը կգերազանցի 110 մլն դրամը»։

«Դվին» հյուրանոցային համալիրի ձախ հատվածի ապակեպատ հատվածն ու դրա հետնամասի շենքի ապօրինի երկու հարկը կապամոնտաժվե՞ն, թե կօրինականացվեն՝ դեռ հարց է։ Մոտավոր հաշվարկներով օրինականացումը տնտեսվարողի գրպանին կարժենա առնվազն 110 մլն դրամ։ Այս գումարի չափը կախված է մի շարք հանգամանքներից, որոնք այժմ ճշգրտվում են՝ «Ռադիոլուրին» փոխանցեցին քաղաքապետարանից։ Միաժամանակ տեղեկացվեց՝ օրակարգում է հայտնվել նաեւ կառույցի նախագծի հեղինակ «ԹԻ ԷՖ ԱՐՔԻԹԵՔՍ» եւ շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «ՇԻՆՊՐՈԳՐԵՍ» ընկերություններին լիցենզիայից զրկելու հարցը։

Ցուցադրել ավելի
Back to top button