ԿարևորՀասարակություն

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները կփակվեն

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները (ՔԿՀ) կփակվեն․ կառավարությունն այսօր ընդունեց Արդարադատության նախարարության առաջարկը։

Կառավարությունն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային տնօրինումը։

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընդունված որոշման արդյունքում 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: «Բայց այս որոշումը միայն գումարի խնայողության մասին չէ: Սա շատ կարևոր սկիզբ է նաև քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Մենք ունենք 12 քրեակատարողական հիմնարկ, որոշման ընդունման արդյունքում կմնա 10-ը»,-ասել է նախարարը:

Ըստ Կարեն Անդրեասյանի՝ առկա 5346 լրակազմից, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, համալրված է 2113-ը. «Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ այդ տեղերը դատարկ են: Սա, իհարկե, հետևանք է վերջին տարիներին ոլորտում արված մի շարք բարեփոխումների և աշխատանքների: Եվ այդ աշխատանքների արդյունքում ունեցել ենք այսպիսի բեռնաթափում: Միայն համեմատության համար ասեմ, որ օրինակ՝ տարիներ առաջ մենք ունեինք 4530 կալավոր և դատապարտյալ»:

Նախարարը տեղեկացրել է, որ որոշման արդյունքում նախատեսվում է 280 հաստիքի կրճատում: «Մենք խնդիր ունենք նաև քրեակատարողական հիմնարկներում վեթինգ իրականացնելու:  280 աշխատակցից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմարկներ,  50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, մնացածը՝ կադրերի ռեզերվ: Մենք այստեղ էլ ունենք խնդիր ՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ պրոֆեսիոնալ աշխատակիցների համար»,-ասել է Կարեն Անդրեասյանը:

Back to top button