ԿարևորՀասարակություն

«Գազելներին» վերադարձ չի լինելու․ վարչապետ

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրերի  ստորագրման առաջարկություններին:

Ըստ հիմնավորումների՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը  մշակել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակում:

Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն ԱՄՆ եվրո: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից)  և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակում 2021 թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021 թ. մարտի 31-ը: Ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այն բավականին երկար է քննարկվել:

«Ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ և աշխատելու է միասնական տոմսային համակարգով: Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել։ Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս։

Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի: Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում։ Սա, որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որը  նաև որոշակի եկամուտներ կգեներացնի։ Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ այս խնդրի լուծման համար առաջարկվել է Երևանի քաղաքապետարանին ներդնել գործուն համակարգ. «Եվ մենք ոչ թե ժամանակի այս կոնկրետ հատվածում խնդիր լուծած լինենք, այլ ունենանք համակարգ, որն անընդհատ աշխատի, վերարտադրվի և անհրաժեշտ ներդրումներն անհրաժեշտ ժամկետներում տեղի ունենան: Հակառակ դեպքում 10 տարի հետո կանգնելու ենք ելման կետի վրա և ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալու կամ էլ «գազելների» տրամաբանությանը վերադառնալու:

«Գազելներին» վերադարձ չի լինելու և չպետք է լինի, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել, և Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ: Կարծում եմ՝ առաջիկայում իրականացվող ծրագրերի շրջանակում մենք պետք է հոգ տանենք, որ էլեկտրաավտոբուսների մուտք տեղի ունենա մայրաքաղաք և հետագայում՝ մեր այլ քաղաքներ: Այս ուղղությամբ մենք պետք է շարժվենք. այս որոշումը շատ կարևոր է, բավական քննարկված է, բայց չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք»,-ասել է վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս գործարքն ամփոփել են Եվրամիության հետ 2.6 միլիարդի համագործակցության շրջանակում:

«Թե դրամաշնորհային բաղադրիչը, որը ես համարում եմ էական այս գործարքի համար, թե վարկային պայմանները՝ հենց այդ համագործակցության պայմանավորվածությունների շրջանակում են»,-ասել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով  գործընթացի մեկնարկի կարևորությունը:

Back to top button