ԿարևորՀասարակություն

Սերնդափոխություն՝ իշխանափոխության փոխարեն. Գյումրիի քաղաքապետը կփոխվի, կառավարող ուժը՝ ոչ

Այսօր մանդատներ են ստացել Գյումրիի նորընտիր ավագանու անդամները։ Նրանք 33-ն են։ Նոյեմբերի 3-ին, օրենքով սահմանված կարգով, ավագանին կգումարի անդրանիկ նիստն ու քվեարկությամբ կընտրի Գյումրիի նոր քաղաքապետ։ Կլինե՞ն մինչ այդ քաղաքական փոխզիջումներ, և կկազմվե՞ն, արդյոք, կոալիցիաներ․այս հարցերը դեռ քննարկվում են։

«Սամսոնյան Վարդգես Մելսիկի, Սուլթանյան Հայկ Գուրգենի, Սանոյան Լուսենի Ռուբենի»:

Գյումրու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը նորընտիր ավագանու կազմն է թվարկում ու հանձնում մանդատները։

Թեկնածուներից 4-ը հրաժարվել են մանդատներից․ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից Մեխակ Ղազարյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համար Հովհաննես Հարությունյանն ու 21-րդ համարը, ինչպես և ՀՀԿ-ի ցուցակի առաջին համար Արտյոմ Ղուկասյանը»։

«Քաղպայմանագիր»-ը հավաքած քվեներով առաջին տեղում չէ, և կանխատեսելի էր, որ  ցուցակի առաջին համար ու գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը կհրաժարվի մանդատից,-ասում են հանձնաժողովում։ Հովհաննես Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, ինքնաբացարկ  ներկայացրել էր նոտարական վավերացմամբ։ «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը ներկայացել էր անձամբ, ու «Ռադիոլուր»-ին ասաց, որ ավագանու մանդատից հրաժարվում է հօգուտ ավելի երիտասարդ կադրի, ինքը Շիրակի մարզում ակտիվ զբաղվելու է կուսակցաշինությամբ։    

Գյումրու ավագանու 33 մանդատից 14-ը «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսկցության են, 11-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 4-ը՝ «Զարթոնք», 2-ական մանդատ էլ ստացան «Հանրապետական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Ավագանու թեկնածուներին, որոնք, գուցե, զարմանան, թե ինչպես եղավ, որ ցուցակի առաջին համարից հետո ավագանու անդամ է դառնում ոչ թե երկրորդ, այլ երրորդ համարը, Տիգրան Ղազարյանը բացատրում է՝ օրենքի պահանջ է, 30 տոկոսը կանայք պետք է լինեն․

««Ապրելու երկիր» կուսակցությանը քանի որ երկու մանդատ էր հատկացվում, ցուցալշկի առաջին և երկրորդ համարները տղամարդ էին, իսկ երրորդը՝ կին, մանդատը հատկացվեց կնոջը։ Նույնն էլ «Զարթոնք» կուսակցության պարագայում․ քանի որ 4-ից մեկն էր կին՝ մենք մանդատ  տրամադրեցինք 6-րդ համարին։ Այստեղ էլ մանդատ ստացան 2 տղամարդ և երկու կին թեկնածուներ։ Սա օրենքի պահանջով է, քանի որ շեշտվում է՝ առնվազը 30 տոկոս»։

Կոալիցիա կկազմե՞ն քաղաքական ուժերը ավագանու կազմում, թե՞ ոչ, հարցը դեռ քննարկում են։ Լուրեր են շրջանառվում, որ փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համար Արման Բաղդասարյանը, նա պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։ Տեղեկությունը ճշտել չհաջողվեց։ Քաղաքական կոալիցիայի հարցն էլ դեռ քննարկվում է․ «Բալասանյան դաշինք»-ի ավագանու թեկնածու Արման Շաբոյան․

«Մանդատներ ստանալուց հետո հաջորդ քայլն արդեն  այլ ուժերի հետ բանակցություններն են։ Այսօրվանից կսկսենք քննարկումներ կազմակերպել այլ ուժերի հետ, որոշում կայացնելուց հետո մամուլի հաղորդագրություն կտարածենք»։

«Քաղաքապետի հարցում ոչ մի փոխզիջման չեն գնա, Վարդգես Սամսոնյանն է լինելու»,-ասում է Արման Շաբոյանը։ Նկատում է՝ Գյումրում ոչ թե իշխանություն փոխվեց, այլ սահուն սերնդափոխություն եղավ։ Նոյեմբերի 3-ին տեղի կունենա նորընտիր ավագանու առաջին նիստը․ օրակարգային հարցը Գյումրու նոր քաղաքապետի ընտրությունն է։

Ցուցադրել ավելի
Back to top button