ԿարևորՄշակույթ

Ի հիշատակ Վարդան Գրեգորյանի՝ «Ավրորան» 50.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է նվիրաբերել Մխիթարյան միաբանության գրադարանին՝ Սուրբ Ղազարում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, որը կյանքից հեռացավ 2021 թվականին: 

Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, գրող, մանկավարժ եւ մենթոր Վարդան Գրեգորյանը մի քանի տասնամյակ բացառիկ գործունեություն է ծավալել՝ հատելով գիտական եւ բարեգործական սահմանները: Գրադարաններն, ըստ Վարդան Գրեգորյանի, մարդկության ամբարված գիտելիքի տաճարներ են, եւ այս դրամաշնորհը հարգանքի տուրք է նրա թողած բացառիկ ժառանգությանը: 

«Մենք ուրախ ենք Վարդան Գրեգորյանի հիշատակը նման իմաստալից կերպով հարգելու հնարավորության համար: Տարիներ շարունակ Վարդանը կենսական դերակատարում է ունեցել տարբեր նախագծերում եւ կազմակերպություններում, բայց «Ավրորան» միշտ յուրահատուկ է եղել նրա համար: Այսօր մենք շարունակում ենք մեր աշխատանքը նրա անունից՝ պահպանելով հայկական ժառանգությունը եւ առաջ մղելով մարդասիրական ջանքերը»,- ասում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության գրադարանում տարբեր լեզուներով ավելի քան 150.000 հատոր է պահվում, այդ թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական եւ գիտական աշխատություններ: Միաբանության հիմնադիր աբբահայր Մխիթարը եւ նրա գործընկերները միշտ իրենց առաքելությունն են համարել գրքերի հրատարակությունը, հավաքագրումն ու պահպանումը՝ հատկապես հայկական: Այսօր Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ընդարձակ Մատենադարանում, պատմական եզակի նմուշներ են պահվում, իսկ միաբանությունը շարունակում է մնալ հայագիտության առաջավոր կենտրոններից մեկը: 

«Վարդանը կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր ու նա ուրախ կլիներ «Ավրորայի» որոշման համար՝ աջակցելու այս նշանավոր գրադարանին: Նրա համար գրքերը «հույսի կայաններ» էին, իսկ այս նվերն ուղղված է նրան, որպեսզի վստահ լինենք, որ Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին եւ ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ կլինեն հույսի կայաններ հայերի համար»,- նշում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: 

«Միաբանության համար պատիվ է ընդունել այս առատաձեռն նվերն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, որն իր ջանքերն է ուղղում մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը եւ երկրորդ հնարավորություն տալիս ամենակարիքավորներին: Վարդան Գրեգորյանն իսկապես բացառիկ ուսյալ էր, եւ նրա ժառանգությունը հավերժ կհիշվի: Մենք շատ երախտապարտ ենք այս դրամաշնորհի համար եւ անհամբեր ենք այն լավագույնս օգտագործելու մեր գրադարանի բազմաթիվ կարիքների համար՝ հանուն Վարդանի»,- ասում է Վենետիկի Մխիթարյան միաբանության  քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը: 

2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի ունեցան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Այդ օրերին հյուրերն ու մասնակիցները՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը: Սա առաջին անգամ է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում էր Եվրոպայում: 

Ցուցադրել ավելի
Back to top button