ԿարևորՔաղաքական

Իշխանություն-ընդդիմություն «նստենք, խոսենք»-ը չստացվեց․ նոր վերջնագրեր՝ քաղաքական դաշտում

Քաղաքական մի հրավերը դարձել է քաղաքական լուրջ քննարկումների թեմա, և անգամ կասկածներ են առաջացել, որ ԱԺ քաղաքական ուժերից մեկում կա պառակտում և անհամաձայնություն: Խոսքը նախօրեին Աժ-ում պատգամավորների ու կառավարության անդամների միջև հարց ու պատասխանի ժամանակ հնչած՝ վարչապետ-ընդդիմություն փակ ձևաչափով քննարկման առաջարկի մասին է։

Ընդդիմությունը նախ ընդունեց վարչապետի «նստենք-խոսենք»-ի առաջարկը, սակայն մեկ օր անց մտափոխվեց։ Իրավիճակը մնաց նույնը՝ միմյանց ուղղվող մեղադրանքները և իրար հանդեպ կասկածները դեմ առ դեմ քննարկելու փոխարեն քաղաքական կողմերից յուրաքանչյուրը կշարունակի պահել իր կուրսը, խոսել իր ենթադրությունների և կասկկածների մասին այլ հարթակներում:

Ոչ փակ, ոչ էլ բաց ձևաչափով որևէ հանդիպում ԱԺ-ի քաղաքական ուժերի և վարչապետի միջև, ըստ ամենայնի, տեղի չի ունենա: Համաձայնության չեն եկել: Արցախին և պատերազմին առնչվող հարցերն ավելի հանգիստ մթնոլորտում քննարկելու առաջարկը Փաշինյանն արեց նախօրեին, հրավիրեց երկու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորներին: «Նստենք, խոսենք» ձևակերպումն առաջինը հնչեց Աժ-ի դահլիճի «Հայաստան» խմբակցությանը հատկացված հատվածից: Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էր, ում էլ Փաշինյանը պատասխանեց.

«Պարոն Ռուստամյանն ասաց՝ բա դրամա համար ենք ասում՝ նստենք, խոսենք։ Ես ասում եմ՝ հաճույքով՝ նստենք, խոսենք: Երաշխավորում եմ, որ դռնփակ խոսակցության ժամանակ լրիվ ուրիշ խոսակցություն կգնա, լրիվ ուրիշ տոներով և ըստ էության: Ընդունում եմ առաջարկը»:

Տպավորություն ստեղծվեց, թե համաձայնությունը ձեռք է բերված։ Սակայն մեկ օրվա ընթացքում ընդդիմությունը մտափոխվեց։ Պատճառաբանվեց՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել կարող է միայն նրա հրաժարականի օրակարգը։ 

Թե ինչո՞ւ հետագայում հենց առաջարկողները մտափոխվեցին և հրաժարվեցին Փաշինյանի՝ հանդիպման առաջարկից՝ ենթադրում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը.

«Երկու տարբերակ ունեմ Հայաստան խմբակցության նման հայտարարությունների վերաբերյալ: Առաջին տարբերակն այն է, որ Հայաստան խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ինքը ուզում, և երկրորդ տարբերակն է, որ Հայաստան խմբակցության ներսում գտնվող ուժերի միջև գուցե տարաձայնություններ կան»:

Իր հերթին «Հայաստան» դաշինքը, որն առաջարկի պահին դահլիճից չէր արձագանքել, հանդիպումից հրաժարվելը հիմնավորեց դիտարկմամբ, թե Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած և Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձի հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում՝ որևէ ֆորմատով:

Միաժամանակ նույն օրը խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կարող են համաձայնել բաց ձևաչափով բանավեճին, իսկ զուգահեռ մեկ այլ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը պնդեց.

«Երբ ինքը ( Նիկոլ Փաշինյանը-խմբ. ) այն ժամանակ խոսում էր կանոնակարգը խախտելով, Արմեն Ռուստամյանն ու ես ասում էիքն՝ սուտ ես ասում: Շարունակում էր ստեր ասել, դրա համար Ռուստամյանն ասաց՝ նստենք, խոսենք, որ խոսենք սուտդ կբացահայտվի: Բայց բնական է, որ Հայաստան դաշինքը որևէ հարց չունի քննարկելու որևէ ֆորմատով: Մենք իր հետ խոսելու բան չունենք»:

Մինչ այս պահը ընդդիմադիրները պարբերաբար դժգոհել են, որ իրենց նախաձեռնած հրատապ քննարկումներին, նիստերին և այլ ձևաչափով քննարկումներին չեն եկել իրենց ակնկալած պաշտոնյաները՝ բանակցային քաղաքական տեղեկությունները հայտնելու համար: Թե ինչու ընդդիմադիր պատգամավորները չեն ցանկանում այս պահին օգտվել հնարավորությունից և իրենց ունեցած տեղեկություններով նոյեմբերի 9-ի ենթադրյալ հանդիպումից ու փաստաթղթերի կրկին ենթադրյալ ստորագրումից առաջ ստանալ որոշակի տեղեկություններ «առաջին ձեռքից», «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պարզաբանում է.

«Նախ՝ երբ ընդդիմությունը ասում է, որ կուլիսների հետևում չպետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կամ փաստաթուղթ ստորագրելու թեման չպետք է լինի կուլիսների հետևում, ոչ թե պահանջն է, որ գան պարտադիր մեզ հետ խոսեն, այլ՝ պետք է հասարակության առաջ լինեն: Չունենանք նոր նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, երբ ստորագրելուց հետո է հանրությունն իմանում, որ կա այսպիսի փաստաթուղթ: Իսկ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման օրակարգի հետ կապված մեր խմբակցության քարտուղարը արդեն տեղեկացրել է, դա նրա հրաժարականի օրակարգն է, որի շուրջ նրա հետ կարելի է հանդիպել և խոսել»:

Հայաստանի արտգործնախարարը խորհրդարանում նախօրդիվ հաստատեց՝ նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում նախատեսված չէ: Որևէ այլ տեղեկություն բանակցություններից դեռ հայտնի չէ: Իսկ մինչ այդ իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են հրապարակավ խոսել իրենց նախընտրած թեմաներից:

Ընդդիմությունն այժմ շեշտում է՝ եթե Փաշինյանին սեպտեմբերի 25-ից է զեկուցվել սպասվող պատերազմի մասին, ապա ինչու պետական մակարդակով անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվել, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքով և տասնամյակներ տևած բանակցություններով նախկին իշխանությունները քննարկել և սակարկել են այն տարածքների վերադարձը, որի կորուստը այսօր որակում են դավադիր, բայց իրենց ղեկավարման ժամանակ այդպես էլ ոչինչ չեն ասել սպասվող վտանգների մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button