ԿարևորՀասարակություն

Երևանի մանկապարտեզների կեսից ավելին սպասում է հիմնանորոգման իր հերթին

Հայաստանում  գործում է շուրջ 1000 նախադպրոցական հաստատություն, որից 161-ը՝ մայրաքաղաքում։ Վիճակագրությունը, սակայն, փաստում է, որ մինչև 6 տարեկան երեխաների զգալի մասի համար նախադպրոցական կրթությունն անհասանելի է․ 2019-ին երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում շուրջ 35% էր։ Պատճառները տարբեր են՝ մանկապարտեզների բացակայությունից մինչև շենքային պայմաններ։ Երևանի նախակրթարանների կեսից ավելին լիովին կամ մասնակի նորոգման կարիք ունի՝ արձանագրում են քաղաքապետարանում։

Մայրաքաղաքի 161 մանկապարտեզների ուղիղ կեսը սպասում է վերանորոգման կամ հիմնանորոգման իր հերթին։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Նունե Սարգսյանն արձանագրում է՝ տարիների ընթացքում Երևանում լիովին հիմնանորոգվել է շուրջ 6 տասնյակ մանկապարտեզ, սակայն ոլորտում դեռ շատ անելիք կա։ Այս պահին հիմնանորոգվում է 16 մանկապարտեզ,․ նոյեմբերից նորոգման աշխատանքներ կմեկնարկեն ևս 6-ում։

«Ուզում եմ նշել, որ դրանք այն մանկապարտեզներն են, որոնք հրատապ վերանորոգման կարիք ունեն, և դրանցում այլևս նպատակահարմար չէ երեխաների կրթադաստիարակչական աշխատանքները շարունակել։ Ունենք մասնակի վերանորոգված մանկապարտեզներ, որոնք պատրաստ են երեխաներ ընդունելու, բայց մեզ համար գերադասելի է ոչ թե մասնակի վերանորոգված, այլ հիմնանորոգված մասնկապարտեզը»,-ասում է քաղաքապետարանի նախադպրոցական կրթության բաժնի պետ Նունե Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերով հիմնանորոգվող մանկապարտեզների համար 2021թ համայնքային բյուջեից շուրջ 1 միլիարդ 840 միլիոն դրամ է հատկացվել։ Մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար ամսական ծախսվում է շուրջ 28000 դրամ, իսկ Երևանում մանկապարտեզ է հաճախում 24550 երեխա։ Արդյունքում՝ քաղաքապետարանն ամսական ծախսում է 687 միլիոն դրամ։

Նախօրեին Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր խոսել Երևանի Կենտրոն վարչական շրջանի համար 14 մանկապարտեզի մասին՝ շեշտելով, որ նախակրթարանն անմիխիթար վիճակում է և գործում է 3-րդ կարգի վթարային շենքում։

«Եղել եմ այդ մանկապարտեզում, ծեփերը թափվում են երեխաների մահճակալների վրա, պատերը ճաքած են, բավականին մեծ ճաքեր են և սեյսմակայունության առումով շատ մտահոգիչ պատկեր ունենք։ Ոչ միայն շենքային պայմանների առումով մտահոգիչ պատկեր ունենք, այլ նաև տարածքը բավականին խոնավ է, քանի որ մանկապարտեզը գործում է բնակելի շենքի առաջին հարկում»,-ասել էր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը նաև ընդգծել էր, որ մանկապարտեզն ընդգրկված չէ հիմնանորոգման ենթակաների ցանկում։ Նախադպրոցական կրթության բաժնի պետ Նունե Սարգսյանը վստահեցնում է՝ քաղաքապետարանում 14 մանկապարտեզի խնդրին քաջատեղյակ են, բայց թաղամասի համար նոր տիպային մանկապարտեզ կառուցելու որոշում ունեն։

«14 մանկապարտեզի խնդիրն օրակարգային է, բազմիցս քննարկվել է ու սեղանին դրվել է հիմնանորոգման հարցը, բայց մասնագիտական խումբը գտավ, որ հիմնանորոգելն անիմաստ է։ Առաջարկվել է այդ թաղամասի համար նոր տիպային մանկապարտեզ կառուցել։ Չեմ կարծում, որ նրանց կյանքը վտանգված է, քանի որ Կենտրոն վարչական շրջանը պարբերաբար ԱԻՆ–ի մասնագետներին հրավիրում է շենքը դիտարկելու, և եթե հանկարծ ճաքեր են առաջանում, անմիջապես մասնակի նորոգման աշխատանքներ են տարվում»,-մանրամասնում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Երևանի մանկապարտեզային «ֆոնդը» կարելի է բավարար համարել՝ ասում է Նունե Սարգսյանը։ Նոր մանկապարտեզի անհրաժեշտություն ունեն միայն Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանները։ Այնուհանդերձ, մայրաքաղաքում քիչ չեն ծնողները, որոնք իրենց երեխաներին Շենգավիթ կամ Աջափնյակ վարչական շրջաններից տանում են, օրինակ, Մալաթիա Սեբաստիա կամ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզ։

«Եթե չլինեին հիմնանորոգվող մանկապարտեզները, որոնք փաստացի փակ են, որոշ թաղամասերում անկանխատեսելի կուտակումներ չէին առաջանա։ Ի զարմանս ինձ՝ մի քանի վարչական շրջանների մանկապարտեզներ էլ այսօր թափուր տեղեր ունեն»,– ասում է Սարգսյանը։

Շենքային ու գույքային խնդիրներից բացի՝ մանկապարտեզներն առաջիկայում կարող են նաև մասնագետների խնդիր ունենալ։ Նախադպրոցական կրթության բաժնի պետն անկեղծանում է՝ միշտ չէ, որ կարողանում են արագ լրացնել թափուր հաստիքները։ Հաճախ մանկապարտեզները փաստի առաջ են կանգնում․ շենքային պայմանները բավարար են, բայց չկան երաժշտության, պարի կամ ֆիզկուլտուրայի մասնագետներ։

Ցուցադրել ավելի
Back to top button