Մոռացված ֆիլմերի ստվերները

Երկու անգամ Շուշիի բանտում. «Ապրելու առաքելություն»․ «Մոռացված ֆիլերի ստվերները»

Վրեժ Պետրոսյանի «Ապրելու առաքելություն» գեղարվեստա-վավերագրական ֆիլմը դատարկվող գյուղերի մասին է։ Սակայն ֆիլմն իր առաքելությունը չկատարեց։ Ընդամենը մեկ ցուցադրությունից հետո այն դասվեց «անտեսված» ֆիլմերի շարքին։

«Ապրելու առաքելություն» գեղարվեստա-վավերագրական ֆիլմը Վրեժ Պետրոսյանը նկարահանեց 2010 թվականին։ Արցախյան գոյամարտի տարիներին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի պաշտպանների՝ Առնո Մկրտչյանի, Գագիկ Առուստամյանի, Հրաչյա Պետրոսյանի, Էդուարդ Սաֆարյանի և մյուս նվիրյալ հայորդիների սխրանքների մասին պատմող ֆիլմն այդպես էլ անծանոթ մնաց հայ հանդիսատեսին։

«Նախկին բերդաձորցիների տասնյոթ ընտանիքներ ինձ հետ միասին մեկնեցին այնտեղ։ Արցախի բնակչության թվաքանակի մեծացման խնդիր կար. մարդկանց տնտեսությունն էինք զարգացնում, ցանկանում էինք աշխուժություն մտցնել գյուղերում»,- ասում է Էդուարդ Սաֆարյանը։

Էդուրադ Սաֆարյան

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Շուշիի բանտից հրաշքով փրկված արձակագիր Էդուարդ Սաֆարյանն է։ Նա նաեւ այս ֆիլմի սցենարի համահեղինակն է։ 1988 թվականի Արցախյան ազատագրական շարժման լուրը լսելուն պես Էդուարդ Սաֆարյանը, թողնելով իր բարեկեցիկ կյանքը, տեղափոխվեց ծննդավայր Բերդաձոր։ Հողը պաշտպանում է այդ հողի վրա ապրող մարդը և, իհարկե, զենքը. այս համոզմամբ Էդուարդ Սաֆարյանը մեկնեց Բերդաձոր։

Վրեժ Պետրոսյան

 Առաջին պատերազմից հետո շատ բան փոխվեց Արցախում. այն վերածնվեց, ավերակները վերականգնվեցին, կառուցվեցին նոր գեղեցիկ շինություններ։ Բայց, ցավոք, անգամ այդ ժամանակ գյուղերը դատարկվում էին։ Իրական փաստերի հիման վրա ստեղծված այս ֆիլմն ուներ մեկ հստակ նպատակ․ներկայացնել դատարկվող գյուղերի խնդիրը, հնարավորինս կանխել արտագաղթը և միասնական ուժերով լուծումներ գտնել։

«Բերդաձորը դրախտային մի վայր է, հրաշալի բնություն` անտառներ, առուներ, բայց մարդիկ թողել-գնացել են։ Հողն ապրեցնում է այդ հողի վրա ապրող մարդը և ուրեմն պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ արմատներ գցեն այնտեղ»,- վստահ է Վրեժ Պետրոսյանը։

Վրեժ Պետրոսյան

Էդուարդ Սաֆարյանը Շուշիի բանտում մեկ էլ պետք է հայտնվեր 2010 թվականին։ Վրեժ Պետրոսյանի հետ այդ տարվա գարնանը նրանք մեկնեցին «Ապրելու առաքելություն» ֆիլմի նկարահանումներին։ Եղան Շուշիի բանտի այն խցում, որտեղ երկու տասնամյակ առաջ մեկ տարուց ավելի խոշտանգումներով ու կտտանքներով ուղեկցվող դաժան պայմաններում բանտարված էին Էդուարդ Սաֆարյանն ու իր բախտակից  հայրենակիցները։

«Ես խնդրեցի Շուշիի բանտի պետին, որ մեզ թույլ տան նկարահանումներ անցկացնել բանտի ներսում, այն խցում, որտեղ ես ավելի քան մեկ տարի գոյատևում էի: Սկզբում մեզ մերժեցին, բայց  հետո համաձայնության եկանք,- հիշում է զրու։ցակիցս։

2012 թվականի դեկտեմբերի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում «Ապրելու առաքելությունը» ֆիլմի պրեմիերան էր: Երևանյանից հետո նախատեսված էր նաև այն ցուցադրել Արցախում։ «Երբ մենք որոշեցինք ֆիլմը ցուցադրել Ստեփանակերտում, ոչ մեկը չընդառաջեց մեզ։ Չմերժեցին, բայց և չկազմակերպեցին ցուցադրությունը։ Պատճառը պետությանն ուղղված քննադատական շեշտադրումներն էին, որոնք կան ֆիլմում, բայց դա ոչ թե քննադատություն էր, այլ իրավիճակի ճշմարտացի ներկայացում։ Գուցե պետական այրերը տեղյակ չէին այդ իրավիճակից և ֆիլմը դիտելով կկարողանային  իրավիճակը սթափ գնահատել և համապատասխան քաղաքականություն վարելով կասեցնել արտագաղթը, բայց փոխարենը նախընտրեցին անտեսել և՛ ֆիլմը, և՛ խնդիրը»,-Էդուարդ Սաֆարյանը պատմում է , իսկ նրա ձայնի մեջ լսվում են ափսոսանքի ու ցավի ելևեջներ։

«Ապրելու առաքելությունը» 48 րոպե տևողությամբ գեղարվեստա-վավերագրական ֆիլմը հեռուստատեսությամբ երբևէ չցուցադրվեց։ Հեղինակները կարծում են, որ պետական այրերի համար «անհարմար» շեշտադրումներով այս ֆիլմը կարող էր գլխացավանք դառնալ։ Գուցե հենց սա՞ էր պատճառը, որ ինքնաապահովման լուռ որոշմամբ էլ ֆիլմը դատապարտվեց անվերջանալի սպասման։

Ցուցադրել ավելի
Back to top button