ԿարևորՔաղաքական

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ հին հայտարարության նոր համատեքստը

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ այսօր հայտարարել է  Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝  Արմեն Գրիգորյանը մի քանի առանցքային թեմաների է անդրադարձել։ Մասնավորապես նշել է, որ ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբում ամրագրված հստակ մոտեցում կա՝  ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։

Հայտարարել է նաև, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսել, սպասում է Ադրբեջանի դրական ազդակներին։  Թե ինչն է հետ պահում  Ադրբեջանին, ԱԽ քարտուղարը չի մանրամասնել։ Փորձագիտական դաշտում, մինչդեռ,  հարցի պատասխանն ունեն։ Կարծում են՝ Ադրբեջանի հապաղումը   պայմանավորված է քարտեզների քննարկվող տարբերակներով։

Հայաստանն Արցախի հարցում  իր դիրքորոշումը չի փոխել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝  հայտարարում է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում  է՝ այս մասին հայտարարել են Հայաստանի բոլոր իշխանությունները,  այս առումով  մեր երկրի դիրքորոշումն իսկապես չի փոխվել, բայց հայտարարությունն այս փուլում կարևոր է՝ հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով։ 

 «Նորությունն այն է, որ տևական լռությունից հետո մեր իշխանության ներկայացուցիչը ևս այս հայտարարությունն արեց։ Դա հատկանշական է այն առումով, որ պատերազմից հետո ստեղծվել էր այնպիսի տպավորություն, թե Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել նման ձևակերպումից, և ահա բավականին հաճելի նորություն է, որ չեն փորձում խուսափել, այլ ակնհայտ հայտարարում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս առումով Հայաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել, և փաստացիորեն Հայաստանի իշխանությունները շարունակում են պաշտպանել հայկական կողմի շահերը»։

Հայաստանի համար դեմարկացիայի հարցում  խանգարող որևէ հանգամանք այս պահին չկա՝ նշել է ԱԽ քարտուղարը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը Արցախի խնդրի հետ չի կապում։

«Արցախը Ադրբեջան չի կարող լինել և չի լինի, նաև Արցախը Հայաստան չէ։ Արցախը առանձին միավոր է, ինչի շուրջ կարելի է  ասել միասնություն կա Հայաստանի քաղաքական էլիտայում 30 տարի։ Փաստացի ստացվում է, որ Հայաստանը իր մոտեցումը չի փոխում, Արցախը դիտարկում է որպես առանձին միավոր։ Լավ է սա, թե վատ՝ այլ հարց է»։

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին՝  հայտարարում է   Անվտանգության խորհրդի քարտուղարը և կարևորում երկու երկրների  զորքերի հայելային հետքաշումը, սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը։  Ըստ  «Մինչև նոյեմբերի 10-ը ուրևիցե այդպիսի բան  նման բան չի նախատեսվում։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից։ ՀՀ-ի համար որևէ խանգարող  բան չկա։ Կարծես սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  խորհրդային տարիներին առաջին դեմարկացիան սկսվել է 1920-ականներին, ավարտվել է 1929-ին։  Հետագա փոփոխությունների հիմքում եղել են հենց խորհրդային առաջին քարտեզը։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են եռակողմ աշխատանքային խմբում: 

«Ռադիոլուրի» հետ զրույցում  ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ  Ռուբեն Գալիչյանը նկատում է՝  խորհրդային քարտեզների մի խումբը գծվել է 20-ականներին՝  Հայաստանի սահմաններում  ներառելով այն տարածքները, որոնք Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով վերցվել էին Հայաստանից, իսկ հետագայում տրվել Ադրբեջանին։ Անկլավներ այդ քարտեզներում գոյություն չունեն՝ շեշտում է քարտեզագետը։

30-ական թվականների վերջերին Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով Հայաստանի  որոշ տարածքներ անցել են  Ադրբեջանին՝ հակառակ Հայաստանի բնակիչների կամքի՝ նկատում է քարտեզագետը, ապա հստակեցնում.

 «Նաև ասեմ, որ 26-27 թթ-ին քարտեզներ հրատարակվել են Խորհրդային մեծ հանրագիտարանում, ինչպես նաև Հայաստանում, որոնք հիմնվել են այդ ժամանակվա Գենշտաբի քարտեզների վրա։ Այդ բոլոր տարածքները՝ Ալ լիճ և այլն, բոլորը Հայաստանի տարածքի մեջ են գծված։  Այսօր ունեցած խորհրդային քարտեզները կամ Գենշտաբի վերջին քարտեզներում արդեն այդ տարածքները տրվել են Ադրբեջանին։ Այսինքն՝ խորհրդային ամենավերջին ՝ 80-ականներին հրատարակված քարտեզներով   Ադրբեջանին տրված են անկլավներ, որոնք գտնվում են մեր մայրուղիների վրա, ինչը հայկական տեսանկյունից ընդհանրապես ընդունելի չէ»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նույնպես հիշեցնում է՝ այս քարտեզները զսպելու են Ադրբեջանի ախորժակը։

«Մենք լավ գիտենք, որ այդ քարտեզները տարբերվում են այն ախորժակից, որն ունի Ադրբեջանը։ Հավանաբար, հենց սրա հետ է կապված Ադրբեջանից ազդակներին չպատասխանելը կամ դրական ազդակներ չուղարկելը։ Ստացվում է, որ դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու դեպքում Ադրբեջանը չի կարող իր անկլավային տրամաբանության կամ միջանցքային տրամաբանության հարցերը առաջ մղել»։

Անվտանգության խորհրդի քարտուղարը որոշ փակագծեր է բացում եռակողմ  աշխատանքային խմբի քննարկումներից։  Ըստ նրա ՝ ամրագրվել է  հետևյալ մոտեցումը՝ ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։

 «Այս հարցում ՀՀ մոտեցումը հստակ է՝ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում։ Այստեղ ես ուզում եմ կարևորել, որ փոխվարչապետերի աշխատանքային խմբի մակարդակում արձանագրված է, որ ապաշրջափակվող բոլոր ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։ Սա արձանագրված է, համոզված եմ, որ սրա մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Սրա մասին նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն է հայտարարել՝ միջանցքի տրամաբանության շրջանակում որևէ հարց չի քննարկվում։ Այսինքն` անհասկանալի է որևէ մեկի կողմից այս հարցը  շահարկումը»։

Փորձագետները չեն բացառում , որ մոտ ապագայում կողմերը սահմանագծման ու սահմանազատման հարցում գուցե որոշակի համաձայնության գան, բայց բուն գործընթացը, կարծում են,  կարող է տարիներ տևել։ Վերլուծաբաններն առաջիկայում ենթակառուցվածքների ապաշրջափակում նույնպես չեն սպասում։  Այս հարցում էլ, բացի կողմերի համաձայնությունից, կարևորում են  նաև աշխարհի  գլխավոր դերակատարների շահագրգռվածությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button