ԿարևորՔաղաքական

Փայլասարում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել․ վարչապետ

33 հարց կառավարությանը, որոնց գերակշիռ մասը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, ինչպես նաև ենթադրյալ հանդիպումներին, ստորագրվելիք փաստաթղթերին և սպասվող տարածաշրջանային փոփոխություններին:

Իրականում,  հարցերի մեծ մասն առնչվում է «պետական գաղտնիք» հասկացությանը և որպես հետևանք՝ կառավարության հետ հարց ու պատասխանից հետո էլ պատգամավորները գիտեն այնքան, որքան հարց ու պատասխանից առաջ՝ բացառությամբ որոշ հստակեցումների:

Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպում նոյեմբերի 9-ին նախատեսված չէ՝ ԱԺ ամբիոնից հաստատեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հստակեցնելով՝ մամուլում շրջանառվող լուրերը, թե ստորագրման համար սահմանների ճանաչմանը և ապաշրջափակմանը վերաբերող փաստաթղթեր են պատրաստվում, չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը չհերքեց՝ տարբեր ձևաչափերով հնարավոր հանդիպումների առաջարկներ քննարկվում են: Դրանք կօգնեն լուծել երկու հիմնական խնդիր՝ ասում է։

«Փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այդ հանդիպումները մեզ համար կիրառական նշանակություն ունեն կարևոր են հումանիտար առումով և ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման համար։ Ավելի լայն առումով այդ հանդիպումները մեզ համար հնարավորություն են թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում»։

Դեմարկացիայի և ապաշրջափակման մասին «Քաղաքացիական պայմանագիր»-ը խոսել է նախընտրական շրջանում բոլոր մարզերում՝ նախարարին օգնում են թիմակից պատգամավորները՝ մեկնաբանելով ստացած մանդատները հենց այդ ծրագրերը իրականացնելու հրամայականով: Թե ինչ է իրականում քննարկվում «փակ դռների» հետևում, Միրզոյանը չի բացահայտում, բայց վստահեցնում է․

«Մեր բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենտ ենթադրում են, բայց ուզում եմ ասել, որ փակ դռների հետևում վարվող բանակցություններում մեր դիրքորոշումները համապատասխանում են հրապարակավ հայտնած դիրքորոշումներին և , ըստ երևույթին, ավելին էլ չեն»:

Թե ինչ կարող է «թաքցնել» կառավարությունը հանրությունից, արդեն տևական ընթացք ջանում է պարզել ընդդիմությունը: Կոնկրետ՝ Փայլասարի վերաբերյալ  գրություններ են ուղարկում տարբեր գերատեսչություններ և այդպես էլ չեն ստանում իրենց հետաքրքրող պատասխանը: Իսկ հարցը հետևյալն է՝ Փայլասարի ո՞ր հատվածում են կանգնած եղել հայկական զինված ուժերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ: Ոչ միայն այս, այլև այլ դիրքերից հետ քաշվելու մասին գրավոր հրամաններ կա՞ն, թե՞ ոչ՝  հարցնում  է «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Որևէ գերատեսչություն մինչև հիմա չի ասում՝ ինչի հիման վրա են հետ քաշվել զորքերը»։

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին շրջանում Փելա սարում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց մեջբերում է այլ ժամկետեր՝ ներկայացնելով նույն տեղեկությունը, ինչ պատգամավորներին երեկ դռնափակ քննարկման ժամանակ ասել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:

«Արձանագրումը հետևյալն է՝ 2020 թվականի դեկտեմբերից են սկսել հերթապահություն անել, և այդ օրվանից ինչ դիրքերում եղել ենք, այդ դիրքերում շարունակում ենք մնալ»:

Ով է ավելի հաճախ այցելում Արցախ՝ հաշվել է «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Թվարկում է՝ պատերազմից հետո Իլհամ Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի գրավյալ տարածքներ, դրանցից 2 անգամը Էրեդողանի, 7 անգամն  էլ կնոջ հետ:

«Ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել, պատրաստվո՞ւմ եք գնալ , պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և որ Շուշին և Հադրութը բռնազավթված են»:

Թեև հարցն ուղղված էր վարչապետին, պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը.

«Բազմաթիվ պաշտոնյաներ եղել են և գնալու են»– ասաց Պապիկյանը:

44-օրյա պատերազմի հետ կապված հարցերի մի մասն էլ ուղղված է պաշտպանության նախարարությանը, բայց նախարար Արշակ Կարապետյանը պատգամավորներին հորդորում է դրանք բարձրացնել հենց ԱԺ-ում ստեղծելիք հանձնաժողովում և այնտեղ ստանալ  հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Back to top button