ԿարևորՔաղաքական

Վատիկանը միշտ Հայաստանի կողքին է եղել․ ՀՀ ԱԳՆ

Վատիկանը միշտ Հայաստանի կողքին է եղել։ Այս մասին Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի գլխավորած պատվիրակության այցին նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է կոնֆլիկտի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Վատիկանի հետևողական դիրքորոշումը։

Միրզոյանը հիշեցրեց, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի օրերին և դրանից հետո Վատիկանը հաղորդագրություններ տարածեց ու կոչեր արեց՝ ազատ արձակելու գերիներին, ինչը մեծ նշանակություն ունեցավ։

«Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, գերության մեջ է պահում հայ գերիներին և պատանդներին»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ հայկական կողմը խնդրում է Հռոմի Պապին իր աղոթքներով և հրապարակային կոչերով հիշել այդ մասին և շեշտել գերիների ազատման կարևորությունը։

Նախարարը նաև նշեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդի մշակութային և պատմական ժառանգությունը ոչնչացման եզրին է։ Այս առումով նա նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Վատիկանի կողմից այս խնդրի նկատմամբ ուշադրության կարևորությունը։

«Մշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, և անհրաժեշտ են միջոցներ»,-ասաց նախարարը։

Նա նաև նշեց հայ ժողովրդի երախտագիտությունը Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության՝ մարդկության դեմ այդ հանցանքի դապապարտման ուղերձների համար։ «Դրանք կարևոր են նման հանցագործությունները կանխելու համար»,-նշեց Միրզոյանը։    

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու՝ բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: 

Back to top button