Պայմանական ազատազրկում՝ ընտրական հանցանքի համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրել է դատավճիռ՝ ընտրական հանցանք կատարելու համար։ Ամբաստանյալի աթոռին Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն»–ի տնօրեն 29-ամյա Հայկ Խաչատրյանն է։ Պաշտպանական կողմը բողոքարկելու է դատավճիռը։
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի դատաքննությունը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ Խաչատրյանը կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին և մյուս աշխատակիցներին հարկադրել է հունիսի 7-ին մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին՝ Գորիսում, հունիսի 15-ին էլ սպառնացել է գրադարանավարին ազատել աշխատանքից, խոչընդոտել է մասնակցել ՔՊ–ի հանրահավաքին՝ նրան անվանելով՝ դավաճան։ Նախորդ դատական նիստում դատախազը դատարանին միջնորդել էր Հայկ Խաչատրյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Հոկտեմբերի 27-ին Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանն ու Դավիթ Կարապետյանը մոտ մեկուկես ժամ ներկայացրին պաշտպանական ճառը։ Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ տուժող Արմիդա Աղաբեկյանը դատաքննության ժամանակ ասել է, որ Հայկ Խաչատրյանը իր նկատամամբ հակակրանք ունի, քանի որ Քոչարյանական է, իսկ ինքը վարչապետի կողմնակիցն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի օրը արձակուրդում գտնվող Հայկ Խաչատրյանը Արմիդա Աղաբեկյանին հանդիպել է հրապարակում։ Րաֆֆի Ասլանյան․
«Այդ ժամանակ հրապարակում բոլորը գոռում էին՝ Նիկոլ՝ վարչապետ։ Իսկ Հայկ Խաչատրյանը մոտենալով իրեն, հարցրել է, էդ ինչ են գոռում՝ Նիկոլ՝ դավաճա՞ն։ Պատասխանել է՝ ո՛չ, վարչապետ են գոռում, դավաճանը ինքն ու իր տերերն են, իսկ նա ասել է, որ ինքն ու Նիկոլն են դավաճան։ Հայկ Խաչատրյանը տերերի անուն չի տվել։ Խաչատրյանը լավ գիտի, թե ովքեր են իր տերերը, և պնդել է նախաքննության ընթացքում առերեսման ժամանակ»։
Խաչատրյանը Արմիդա Աղաբեկյանին ասել է, որ ազատված է, տիկնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը նա դիմում է ներկայացրել Ոստիանություն։ Գործով դատակոչված բոլոր վկաները նույնաբովանդակ ցուցմունք են տվել այն մասին, որ Հայկ Խաչատրյանը որևէ մեկին չի պարտադրել քվեարկել դեմ կամ կողմ։ Արձակուրդում եղած ընթացքում ժողով է հրավիրել, խոսել է կարգապահական հարցերի մասին։ Հայկ Խաչատրյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյան․
«Հիշում է, որ ժողովից հետո ասել է, որ ինքը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրա մեջ է տեսնում երկիրը այս վիճակից հանելու կարողությունը, սահմանները պաշտպանելու կարողությունը, քանի որ մանկությունից հիշում է նրա կառավարման տարիները։ Հայկ Խաչատրյանը սակայն հայտարարել է, որ ոչ մեկին ոչ ոք չի կարող պարտադրել քվեարկելու այս կամ այն ուժին, դա նրանց իրավունքն է»։
Ըստ պաշտպանական կողմի, եթե նախընտրական քարոզարշավ է, ապա համայնքային հիմնարկի աշխատողները իրավունք չունեն աշխատանքային ժամին մասնակցել քարոզարշավին, իսկ տուժող Արմիդա Աղաբեկյանը ժամը 12-ին է եղել Գորիսի հրապարակում։ Րաֆֆի Ասլանյանը դատարանում նշեց, որ մեկ վկայի ցուցմունքը չի կարող դիտարկվել բավարար փաստական հանգամանք՝ իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու համար։ Հակառակ դեպքում, եթե դատարանը գտնի, որ դա բավարար հանգամանք է, ապա Խաչատրյանի մեղադրանքը պետք է փոխվի, քանի որ, ամբաստանյալը չի խոչընդոտել քարոզչություն իրականացնելուն։ Նկարագրված մեղադրանքը համընկնում է հավաքներին մասնակցելը խոչընդոտելուն, ինչը, ի տարբերություն ծանր հանցագործություն համարվող քարոզչություն իրականացնելուն, համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Հայկ Խաչատրյանի մյուս պաշտպանը՝ Դավիթ Բաբայանը միջնորդեց արդարացնել իր վստահորդին՝ հանցակազմի բացակայության պատճառով, իսկ մեղադրական եզրակացության դեպքում՝ պատիժը պայմանականորեն չկիրառել։ Դավիթ Բաբայան․
«Հայկ խաչատրյանը երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, ունի երկու անչափահաս երեխա՝ 10 ամսական և երկու տարեկան, ընտանիքի միակ խնամակալն է, ունի մշտական բնակության վայր, աշխատում է։ Իսկ լավագույն բնութագրերը գործով ձեռք բերված ցուցմունքներն են, որոնք Հայկ Խաչատրյանին դրական են ներկայացրել»։
Հայկ Խաչատրյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը և հանդես եկավ վերջին խոսքով․
«Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ամեն դեպքում վճիռ կայացնելուց հաշվի առնել, որ երկու երեխաներ ունեմ, ծնողներ, երևի թե էսքանը»։
Երեք ժամ խորհրդակցելուց հետո Սյունիքի մարզի դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը հրապարակեց դատավճիռը․
«Հայկ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու որպես պատիժ սահմանել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։ ՀՀ քրօրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ որպես ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի փորձաշրջան։
Հայկ Խաչատրյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ բողոքարկելու են դատավճիռը։ Ինքը՝ Հայկ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ դեռ չի կարողանում ըմբռնել տեղի ունեցածը։