Սփյուռքի ձայնը

Հայ բժիշկներին Ռուսաստանում վստահում են․ «Սփյուռքի ձայնը»

Հայ բժիշկներին Ռուսաստանում վստահում են, նշում է 90-ականներին Հայաստանից Ռուսաստան կրթության նպատակով տեղափոխված բժշկուհի Ռիտա Հարությունյանը։ «Մեր բժիշկներին այստեղ շատ են վստահում, դա, իհարկե պայմանավորված է մեր գիտելիքներով, հմտություններով և այլն։

Հատկապես ատամնաբուժությունը բարձ մակարդակի վրա է, մեր բժիշկները հմուտ են ու ունեն ձեռքի շնորհք»,- ասում է Ռիտա Հարությունյանը։ Բժիշկ Ռիտա Հարությունյանը ուսումը ստացել է Հերացու անվան բժշկական համալսարանում։ Մոսկվայում հաստատվելու ժամանակ մտավախություն է ունեցել, որ այն կարող է տարբերվել ռուսաստանյան բուհի տված կրթությունից, սակայն այլ բան է պարզել։

«Մեր այն ժամանակվա կրթությունը շատ բարձր մակարդակի վրա էր։ Երբ մեկնում էի ուսումս շարունակելու, վստահ չէի, որ առանց վերապատրաստում անցնելու կարող եմ դա անել, սակայն իրավիճակը ցույց տվեց հակառակը․ ես շատ առավելություններ ունեի, քան այնտեղի ուսանողները»,- ասում է բժշկուհին։

Ռիտա Հարությունյանը այսօր մտահոգված է Հայաստանում իր հարազատ բուհի ապագայով, հատկապես այն մարդկանց ճակատագրով, որոնք ավանդ են ունեցել բժշկականի կայացման գործում։ «Վերջերս Մոսկվայի իմ կլինիկայում հանդիպեցի մի կնոջ, նա իմ դասախոսներից էր։ Եկել էր Մոսկվա՝ աղջկա մոտ։ Հասկացա, որ այսօր Հայաստանում ավագ տարիքի դասախոսներին շատ տեղ չեն տալիս, ինչպես, օրինակ, մեր սովորելու տարիներին։ Տեղյակ եմ նաև, որ բուհում էլ շատ բան է փոխվել՝ հատկապես կրթության որակի առումով»,- ասում է սրտաբան Ռիտա Հարությունյանը։

Նա Մոսկվայում ունի սեփական կլինիկա։ Բայց եթե Ռուսաստանում հիմնած կլինիկան հաջողությամբ աշխատում է ի տարբերություն Հայաստանում հիմնածի, որը փակվեց։ «Մինչև Մոսկվայում հաստատվելը, Երևանում էլ ունեի կլինիկա, սակայն այն տարիներին, նկատի ունեմ 90-ականները, շատ դժվար էր ապրելը, իսկ կլինիկա պահելը՝ առավել բարդ»,- ցավով նշում է Ռիտա Հարությունյանը։

Իսկ ինչպես են արձագանքում ռուսաստանցիները, երբ տեղեկանում են, որ կլինիկան պատկանում է ազգությամբ հայ Ռիտա Հարությունյանին։ «Կար ժամանակ, երբ դա որևէ նշանակություն չուներ։ Տարբեր ազգերի գոյությունն ու այս ոլորտում ներկայությունը ժամանակ առ ժամանակ խանգարում է, բայց, իհարկե, մենք արդեն ունենք մեր տեղը, անունն ու գործը»,- ասում է։

«Բուժական գործ» ֆակուլտետի շրջանավարտն այսօր այլ ուղղություն էլ է ընտրել, զբաղվում է ասեղնաբուժությամբ ու մանուալ թերապիայով։ «Կորոնավիրուսի պատճառով շատ խնդիրներ են առաջանում ՝ հատկապես արյան համակարգում և սիրտ-թոք հարաբերություններում։ Ռուսները, ի դեպ, շատ ուշադիր են իրենց առողջության նկատմամաբ, ի տարբերություն մեր` հայերի։ Նրանք փոքր խնդրի պարագայում դիմում են բժշկի, իսկ կորոնավիրուսի պարագայում՝ առավել ինտենսիվ»,- ավելացնում է Ռիտա Հարությունյանը։

Back to top button