ԿարևորՀասարակություն

Չհնացող ոճրագործության նոր քննությունը. ինչ պարզվեց հոկտեմբերի 27-ի գործից

Ի՞նչ է հայտնի եւ ի՞նչ պարզվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված սպանդին հաջորդած 22 տարվա ընթացքում, ի՞նչ փուլում է վերսկսված քննությունը։ 22 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, օրենսդիր մարմնի դահլիճ ներխուժած 5 հոգանոց զինված հանցախմբի կրակահերթերից զոհվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արմեն Խաչատրյանը և Էդմոնդ Ծատուրյանը: Մեկ օր պատգամավորները պատանդ մնացին ԱԺ դահլիճում, որից հետո հանցագործ Հունանյանի խումբը հանձնվեց: Հանցախմբի նկատմամբ դատավարությունը տևեց տևեց 3 տարի, արդյունքում հանցախմբի անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Այս երկրի Ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում: Վազգեն Սարգսյանի խոսքն է, ով Հայաստանն անտրամաբանական սիրո ու անտրամաբանական ատելության երկիր էր համարում։ Ու նրա՝ այդպես բնորոշած երկրում տեղի ունեցավ անտրամաբանականը։  

Հանցախումբը ձգանը քաշելուց  8 անգամ չվրիպեց։ Երկրի քաղաքական էլիտան գլխատվեց, ութամյա անկախ պետականությունը ֆորսմաժոր ապրեց։ Խորհրդարանում սպանվածների թվում էր նաև քաղաքական կասկածելի հոսանքների կործանարար ուժը գիտակցող վարչապետ Վազգեն Սարգսյանը․

«Քաղաքական հոսանքները կգան ու կգնան։ Գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է մեզ  կործանման տանել»։ 

Ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Դա երկսայր սուր է, որը մի  ծայրով հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է՝ կարծում էր Կարեն Դեմիրճյանը, բայց նաև հավատում՝ մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել։ 1999 թ․ մայիսին ընտրվում է Ազգային ժողովի  նախագահ։ Հոկտեմբերին սպանվածների թվում էր նաեւ Կարեն Դեմիրճյանը։

«Գիտակցում եմ այն ծանր պատասխանատվությունը որ կրելու եմ  Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, վիճակը շտկելու մեր հայրենիքը ճգնաժամից դուրս բերելու, և երկրի բարգավաճումը, ժոցովրդի բարօրությունը ապահովելու համար»։ 

Ինչ պարզվեց ու ինչ հայտնի դարձավ Հայաստանի պատմության ամենածանր էջերից մեկի մասով՝ 22 տարվա ընթացքում։ Սպանությունից 20 տարի անց՝ 2019թ․, խորհրդարանում սպանդի զոհ դարձած Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր։ Հայաստանի գլխավոր դատախազը տեղեկացրել էր՝  նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձեւավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ, հենց իր կողմից գործի մանրամասն տվյալների եւ գործում առկա հակասությունների հարթման։ Ընդ որում՝  պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարությունը տրվել է հենց ԱԱԾ ղեկավարին։Ողջ ծավալով նախաքննություն է իրականացվում։ Ինչ ընթացքում է հիմա գործը․Անահիտ Բախշյանն իր իրսկ պահանջով վերաբացված գործի քննության ընթացքի մանրամասներին տեղյակ չէ ու բավարարված չէ ընթացքից» 

«Ոչ մի առաջընթաց չի եղել, իմ բազմաթիվ դիմումներին պատշաճ պատասխան, արձագանք չեմ ստացել։ Տեղյակ չեմ»։   

Քննության ընթացքին այս տարվա քարոզարշավի ընթացքում անդրադարձել էր նաեւ վարչապետ Փաշինյանը։ Նշել՝ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով քննչական գործողություններ տեղի չէին ունենում։ Բայց, շեշտել էր Փաշինյանը, ուզում եմ բոլորդ իմանաք, որ նախաքննությունը բացված է, և ԱԱԾ-ն վարում է այդ քննությունը: Վարչապետը շեշտել էր, որ իրենց ձայն տվող քաղաքացին առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն է դնում դատաիրավական մարմինների վրա՝  այդ գործերն ամենայն խորությամբ քննելու եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրելու՝ այդ գործը բացահայտելու համար։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ սկսվել է ծավալուն գործընթաց, մեծաքանակ փաստաթղթեր են  ուսումնասիրվում։ Առգրավվել են կոնկրետ անձանց անձնական գործեր, դիտարկվում եեն քրեակատարողական հիմնարկներից և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներից ստացված փաստաթղթեր։

«Կոնկրետ սպանության գործով  առգրավվել են համապատասխան նյութեր, քրեական գործին կցված ձայնագրություններ, որոնք ուղարկվել են փորձաքննության, որը դեռևս ընթացքի մեջ է։ Ծավալուն քննություն է իրականացվում բոլոր հնարավոր վարկածների ուղղությամբ, այսինքն՝ այնպես չէ, որ կոնկրետ մեկ վարկած է առաջ քաշվել և դրանով է նախաքննական մարմինն առաջ շարժվում»։ 

ԵԿՄ նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով 22 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությանը, նշել էր՝ եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, այսօր այլ պետություն կունենայինք․

«Իմ անձնական կարծիքն եմ ասում․ երբ Վազգեն Սարգսյանը եւ մյուսները գնդակահարվեցին, մեր պետությունը հիմքից քանդվեց»։

Գլխավոր դատախազի խորհրդականի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է։ Դրա առանցքային ուղղությունների մասին Գոռ Աբրահամյանը փոխանցում է՝

Առանցքային ուղղություններն են կոնկրետ հանցագործության կատարման առնչություն ունեցող այլ հնարավոր անձանց ներգրավման առնչությունը,  ապօրինի զենքի օգտագորման հետ կապված առնչություն ունեցող անձինք,  նման դեպքերի կանխման առումով  պատասխանատվություն  կրող պաշտոնատար անձանց հնարավոր անփութության կամ պաշտոնական պարտականությունները չկատարելու հանգամանքների պարզման ուղղությունը։ 

2003 -ի դեկտեմբերին դատարանը գլխավոր հանցագործ Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդաի՝ 14 տարվա ազատազրկման: Դատավճռին հաջորդած 20 ատրավ ընթացքում խմբի 8 անդամներից չորսը մահացան տարբեր հանգամանքներում։ Ցմահ ազատազրկված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպան եղավ, 4 տարով ազատազրկված Համլետ Ստեփանյանը՝ հանկարծամահ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել: Հունանյանը դիմումը ներկայացրել է ազատազրկման 20 տարին լրանալու հիմքով: Հաշվի առնելով Քրեկատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույցները՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ընդունել էր  Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում:

1999թ-ի հոկտեմբերի 27-ից  հետո Հայաստանում 3 անգամ իշխանություն է փոխվել։  Սակայն Վազգեն Սարգսյանի բնորոշած անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության արդեն 30-ամյա երկրում դեռ սպասում են   այս ոճրագործության հանգամանքների բացահայտմանը։

Back to top button