ԿարևորՏնտեսական

Գնաճը կառավարելու համար ԿԲ-ի գործիքակազմը սահմանափակ է. ԿԲ խորհրդի անդամ

Ազգային ժողովն այսօր ընտրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։ Արտակ Մանուկյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր»–ը։ Մանուկյանը նախորդ գումարման պատգամավոր էր՝ իշխող խմբակցության կազմում։ Խորհրդարանական քննարկման ընթացքում հնչած հարցերի մեծ մասը վերաբերել է աննախադեպ գնաճին ու հաջորդ տարվա բյուջեին։

2021 թվականի հունվար-սեպտեմբերին  Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս, մինչդեռ հունվար-օգոստոսին այն  4,9 տոկոս էր։  Մեկ ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 0,5 տոկոսով։ Փորձագետներն արձանագրում են՝ 2020–ի  7,4 տոկոս անկումը ամենաբարձրն էր տարածաշրջանում։  Տնտեսական ակտիվությունը նվազում է, գնաճը՝ թռիչքաձև աճում։ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում անկումը  1,5 տոկոս է,  գնաճը՝ ավելի քան  64,5 տոկոս։ Գնաճը զսպող հիմնական գործիքակազմը Կենտրոնական բանկինն է։ ԿԲ–ն վերջին ամիսներին պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել գնաճի բացասական ազդցեությունը։ Այս տարվա ապրիլին այն 6 տոկոս էր, այսօր՝դեռ  7․25։ Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանից  հետաքրքրվում է՝ արդյո ՞ք ԿԲ–ն բավարար չափով է կիրառել գործիքակազմը՝ գնաճը կասեցնելու և կառավարելու նպատակով․

«Այսօր մեր երկրի բնակիչները ուղղակի գնաճի պատճառով թալանվում են։ Իրական եկամուտները էապես նվազում են։ Դա այսօրվա խնդիր չէ, 2020–ին էլ էր այդպես»։

ԿԲ խորհրդի անդամ թեկնածու Արտակ Մանուկյանը կարծում է, որ ԿԲ– ի գործիքները՝  գնաճային սպասումները կանոնակարգելու համար, սահմանափակ են։ Գնաճի հետևանքները մեղմնելու մասով էլ՝ անելիքներ ունի կառավարությունը․

«Արդեն հինգ անգամ վերաֆինանսավորման գործիքները փոփոխվել են։ Այս առումով ակնհայտ է, որ այդ փոփոխությունը վարքագծային փոփոխություն է բերում, որի լագը անդրադառնալու է հետագա շրջանում։ Սրանով է  պայմանավորված, որ գրեթե աշխարհի բոլոր երկրները համամիտ են, որ 2021–ին գնաճային միտումները կանխատեսվածից ավելին կլինեն։ Սակայն, 2022թ երկրորդ եռամսյակից հետո գնաճը կվերադառնա իր կառավարելի թիրախային մակարդակին, որի արդյունքն է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Գևորգ Պապոյանը բացատրում է գնաճի հիմնական պատճառները՝ պարենի ու նավթի համաշխարհային գներն են ավելացել, իսկ Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, գոյություն ունի փոխարժեքի շոկ, որն այս պահին արդեն չկա, առաջարկ–պահանջարկն էլ իրենց հերթին են գնաճային ճնշումներ առաջացնում։ Գևորգ Պապոյանը հարևան երկրների գնաճին վերաբերող ցուցանիշեր է ներկայացնում․

«Իրանում այս տարվա գնաճը 437 տոկոս է, Թուրքիայում՝199 տոկոս, Վրաստանում՝ 123 տոկոս, Ադրբեջանում՝ 65 տոկոս։  Ինչպես տեսնում եք, չորս երկրներից երեքում գնաճն ավելի բարձր է, քան Հայաստանում։ ԵԱՏՄ երկրների վիճակագրությունը ներկայացնեմ՝  ՌԴ–ում՝ 74 տոկոս, Ղրղզստան՝ 135 տոկոս, Ղազախստան՝ 8,3 տոկոս, Բելառուս՝ 102 տոկոս։ Բոլոր երկրներում գնաճը Հայաստանից բարձր է, բայց սա արդարացում չէ։ Ես ասում եմ, որ գնաճը համաշխարհային երևույթ ու պրոցես է»։

Խորհրդարանում քննարկում են գնաճի պատճառները, իսկ ընդդիմությունը հիշեցնում է հաջորդ տարի չբարձրացող աշխատավարձերի ու նպաստների մասին։ Իշխանությունն էլ փաստարկում է  սուղ ֆինանսական միջոցներն ու տնտեսական աճի պայմաններում բարեկեցություն խոստանում հաջորդ տարիներին։ Գնաճը, ինչպես էկոնոմիկայի նախարարն էր խոստովանել, «խժռում է իրենց աշխատանքի մեծ մասը», շարքային սպառողի դեպքում՝ խժռում գրպանի պարունակությունը՝ դատարկ թողնելով պարենային զամբյուղը․

«Պարենային բոլոր ապրանքներն էլ թանկացել են՝ շաքար, ձեթ, յուղ։ Անգամ Հայաստանում արտադրվող գյուղմթերքն է թանկացել՝ կանաչեղենից մինչև կարտոֆիլ»։

2020–ին Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը կազմում էր  շուրջ 66 հազար դրամ՝ երկու հազար դրամով պակաս նվազագույն աշխատավարձից։ 2021–ին  նվազագույն աշխատավարձը  մնացել է նույնը, մինչդեռ  սպառողական զամբյուղը թանկացել է 4500 դրամով՝ հասնելով 70 500 դրամի։  Հաջորդ տարի էլ նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ։  Հենց այս պարզ հաշարկները հիմքում ունենալով՝ տնտեսագետները պնդում են՝ 2022–ին Հայաստանում սոցիալական խնդիրները ոչ թե նվազելու, այլ ավելանալու են․ մեկ տարում մեր երկրում մարդկանց գնողունակությունը նվազել է մոտ  15 տոկոսով, աշխատավարձը՝ մնացել  նույնը։

Back to top button