ԿարևորՀասարակություն

Բացահայտվել է տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել է

Հոկտեմբերի 10-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի մի ավտոնորոգման կետից գողություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 9-10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դարպասը, կոտրել ներսում տեղադրված վճարային տերմինալի դուռն ու փող գողացել։ Հափշտակել էին նաև երկու էլեկտրական սղոց ու չորս աշխատանքային սարքավորում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք էր սկսվել։ Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի 24-ամյա մի բնակիչ։

Հոկտեմբերի 21-ին կասկածվողը հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա կալանավորվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button